Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ի թղթակիցն արժանացել է «Թրաֆիքինգի դեմ պայքարի» ամենամյա լրագրողական մրցանակի

«Արմենպրես»-ի թղթակիցն արժանացել է «Թրաֆիքինգի դեմ պայքարի» ամենամյա 
լրագրողական մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Դեմուրյանը՝ «Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի» թեմային անդրադառնալու համար «Տպագիր և առցանց լրատվամիջոցների» անվանակարգում արժանացել է երրորդ տեղի մրցանակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թղթակիցը մրցանակին է արժանացել «Թրաֆիքինգի զոհ է դարձել ՀՀ 37 քաղաքացի. ինչպիսի շահագործման են ենթարկվում հայերը և որտեղ» թեմայով նյութ պատրաստելու համար:

Մրցանակաբաշխությունը, որն անց է կացվում արդեն 7-րդ տարին, նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը:

Այս տարվա նոյեմբերին հայտարարված մրցույթում ընդգրկվել են 2017-2018 թվականներին հրապարակված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին վերաբերող տպագիր, առցանց, ռադիո և հեռուստատեսային լրագրողական նյութերը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Մրցույթին ներկայացվել է 9 լրագրողական նյութ, որոնք դիտարկել և գնահատել են լրագրողներից, փորձագետներից կազմված ժյուրին, նախապես մշակված չափորոշիչներով՝ առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբունքով:

ՀՀ-ում թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով Խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը նշեց, որ նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել լրատվամիջոցների հետաքրքրվածությունը տվյալ թեմայի վերաբերյալ:

«Մրցույթն, իրոք, դրական արդյունք է բերել, մենք տեսնում ենք, որ թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի թեմայի շուրջ հետաքրքրվածությունն ավելացել է: Նկատել ենք, որ որքան շատ լուսաբանվում է, այնքան ավելի սկսում է նվազել հանցագործության դեպքերի թիվը»,- նշեց Կաժոյանը:

Մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Ծրագրերի համակարգող Լիաննա Դոյդոյանն ընդգծեց, որ մրցույթի մասնակիցները ստանում են ոչ միայն հավաստագրեր, այլ նաև դրամական պարգևներ՝ 200 հազար, 170 հազար և 130 հազար ՀՀ դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:

Մրցույթն անց է կացվել հետևյալ անվանակարգերում՝ «Առցանց և տպագիր լրատվամիջոցներ» և «Հեռուստատեսություն և ռադիո»:

«Առցանց և տպագիր լրատվամիջոցներ» անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրել է OC Media-ի լրագրող Արմինե Ավետիսյանը «Սեքս ստրկության զոհերը. թրաֆիքինգ» թեմայով հոդվածը գրելու համար: Տվյալ անվանակարգում երկրորդ տեղի մրցանակակիր չկար և երրորդ տեղի մրցանակակիրներն էին «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Դեմուրյանը «Թրաֆիքինգի զոհ է դարձել ՀՀ 37 քաղաքացի. ինչպիսի շահագործման են ենթարկվում հայերը և որտեղ» և «Լեգալ Ինֆո» կայքի լրագրող Ելենա Արամյանը՝ «Թրաֆիքինգի դրսևորումները ՀՀ-ում. աշխատանքային շահագործում թեմաներին անդրադառնալու համար:

«Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգում առաջին և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մրցանակակիրներ չկային: Երկրորդ տեղը զբաղեցրել է երկու լրագրող՝ ԱՐ հեռուստաընկերությունից Քրիստինե Ոսկանյանը՝ «13 մարդ ստրկության է ենթարկվել» և «Ռադիո Մարշալ»-ից՝ Ամալյա Պապյանը՝ «Բաց փակագիծ. թրաֆիքինգի նոր դրսևորումներ՝ արդեն Հայաստանում» թեմաների համար:

Առաջին հորիզոնականը զբաղեցրած Արմինե Ավետիսյանը նշեց, որ իր նյութի հերոսուհին եղել է մի հայ աղջիկ, ով Թուրքիայում ստրկության է ենթարկվել:

«Թուրքիայում գտնվող մեր ազգակիցների համար հայրենիք վերադառնալու խնդիր է առաջանում, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունենք, և այդ դեպքում թրաֆիքինգի ենթարկված անձի խնդիրը բացահայտելն ու Հայաստան վերադարձնելը բարդություններ է առաջացնում: Իմ նյութը պատրաստելու ընթացքում ինձ համար բացահայտում արեցի, ինչը հետո տարբեր փորձագետներ հաստատեցին: Բացահայտումս այն էր, որ թրաֆիքինգի ենթարկվածները նաև հոգեբանական շահագործման են ենթարկվում, այսինքն՝ նա վերադառնում է հայրենիք, փրկվում է, սակայն հասարակություն ինտեգրվել դեռ դժվարանում է»,- եզրափակեց Արմինեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am