1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մասնագետը հորդորում է Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի՝ կարմրուկի դեմ չպատվաստված ուղևորներին դիմել բուժհաստատություն

Մասնագետը հորդորում է Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի՝ կարմրուկի դեմ 
չպատվաստված ուղևորներին դիմել բուժհաստատություն

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 21-ի Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի ուղևորները համարվում են սերտ կոնտակտներ և եթե չունեն պատվաստում կարմրուկի դեմ, շատ հնարավոր է, վարակված են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով հորդորում ենք դիմել տարածքային բուժհաստատություն կամ զանգահարել (010) 550601»,- գրել է նա:

 Դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է  կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կլինիկական երևույթներով:

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։ Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունները համարվում են թոքաբորբերը: Նյարդաբանական բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։ 

Կարմրուկի ավելի ծանր բարդություններից են էնցեֆալիտները՝ գլխուղեղի բորբոքումները, հեպատիտները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, արյունազեղումները, տրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, սրտամկանի բորբոքումները, եղջերաթաղանթի բորբոքումները: 

Ծայրահեղ ծանր, մահվան ելքով ավարտվող բարդություններից է ենթասուր սկլերոզային պանենցեֆալիտը, սա կարմրուկային էնցեֆալիտի դանդաղ ընթացող ձևն է, որն ավելի հաճախ հանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր կարմրուկով հիվանդացել են մինչև 2 տարեկանը, և մի քանի ամիս հետո բերում է հիվանդի մահվան:

Կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում ընդգրկվածության և կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակ: Առնվազն երկու դեղաչափ պատվաստում ստացած անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:

Պատվաստումների ցուցանիշների նվազման դեպքում կարմրուկի բռնկումները կայծակնային են: Վերջինիս վառ ապացույցն է Ուկրաինան, որտեղ միայն 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 50 000 հիվանդության դեպք, որոնցից 16-ը՝ մահվան ելքով: Պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]