Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նկարիչ Գաբրիել Գյուրջյանի հոբելյանը նշանավորվեց նրա ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսով

Նկարիչ Գաբրիել Գյուրջյանի հոբելյանը նշանավորվեց նրա ստեղծագործությունների 
հետահայաց ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդային ժամանակների հայ կերպարվեստի սկզբնավորողներից  մեծանուն նկարիչ Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսում ընդգրկված է Ազգային պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, ինչպես նաև ընտանիքի և մասնավոր հավաքածուներում պահվող շուրջ 100 ստեղծագործություն։ Ներկայացված են Գյուրջյանի ծննդավայր Արդվինի և Հայաստանի գողտրիկ անկյունների պատկերներ՝ Սևանա լիճը և կղզին՝ առափնյա ժայռերով ու եկեղեցիներով, Բջնին, Ապարանը, Գորիսը, Եղեգնաձորը, Լոռին, Գյումրին, հին և նոր Երևանը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձաններով բնանկարներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվեց դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն կգործի  մինչև փետրվարի 15-ը:

«Գյուրջյանը միշտ խուսափել է անհատական ցուցահանդեսներ կազմակերպելուց, և սա մեծ վարպետի ստեղծագործական աշխարհը ներկայացնող անդրանիկ ցուցահանդեսն է: Գյուրջյանն այն արվեստագետներից է, որի մասին հայ արվեստի պատմության գրքերում անդրադարձ եղել է: Սակայն նա իր կենդանության օրոք արժանացել է միայն մի փոքրիկ արվեստաբանական գիրք ունենալու երջանկությանը, այնուհետև հրատարակվել է մեկ-երկու բուկլետ»,-ասաց ցուցահանդեսի համադրող Քնարիկ Ավետիսյանը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը տեղի ունեցավ նաև նկարչի լավագույն գործերն ընդգրկող պատկերագրքի շնորհանդեսը:

Քնարիկ Ավետիսյանը նշեց, որ Գյուրջյանի ստեղծագործական ժառանգությանը վերաբերող նյութերը շատ չեն, ուստի, ժամանակն էր  հրապարակել ընդգրկուն մի մեծ պատկերագիրք, որում ներկայացված են նկարչի բազմազան ու հետաքրքիր աշխատանքները:

Գաբրիել Գյուրջյանը սովորել է Պենզայի գեղարվեստի ուսումնարանում: Եղել է 1926 թվականին Երևանում կազմակերպված «Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի»  հայկական բաժանմունքի նախագահ։ Նրա հայրենի երկիրը գովերգող բնանկարները` «Հրազդան գետի կամուրջը», «Ծաղկաձորի շրջակայքը», «Նավահանգիստ Սևանում», «Շիրակի ջրանցքի ամբարտակի կառուցումը», «Ձորագէս», «Աշխատանքը թունելում», «Թունել Ձորագէսում» գործերը սկզբնավորել են արդյունաբերական բնանկարի ժանրը հայ կերպարվեստում։  Գյուրջյանը հասել է բնության տեսարանների գեղարվեստական խոր ընդհանրացման՝ «Ախթալայի տեսարանը», «Սևան», «Զանգշին», «Այրիվանքի բլուրները» կտավներով։ Ստեղծել է հայրենասիրական թեմաներով սյուժետային պատկերներ՝ «Ֆաշիստական ռազմանավերի ոչնչացումը», «Երևանը հայրենական պատերազմի օրերին» և այլ գործեր:

Գյուրջյանը տարբեր հոդվածների, գրքերի, արվեստագիտական ուսումնասիրությունների հեղինակ է: Նա հետազոտություններ է կատարել նկարչական ներկերի տեխնոլոգիայի բնագավառում։

 

Լուսնկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]