Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի 2019-ի բյուջեն 2018-ի համեմատ կունենա 2 մլրդ դրամի մուտքերի աճ. Հայկ Սարգսյանի պարզաբանումները

Երևանի 2019-ի բյուջեն 2018-ի համեմատ կունենա 2 մլրդ դրամի մուտքերի աճ. Հայկ 
Սարգսյանի պարզաբանումները

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է մայրաքաղաքի 2019 թվականի բյուջեին և ֆինանսական խնդիրներին առնչվող հարցերին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայկ Սարգսյանը ասաց, որ համաձայն չէ Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության՝ բյուջեին տված գնահատականներին. «Այն բյուջեն, որն օպտիմալացվել է 4.5 մլրդ դրամով, հետընթաց անվանելը ճիշտ չէ: 2019 թվականի բյուջեն 2018-ի համեմատ ունի առնվազն 2 մլրդ դրամի մուտքերի աճ: Սա մենք համարում ենք բավական համեստ պլանավորում, որովհետև տեսլականն ավելի մեծ է»:

Խոսելով Երևանի բնակիչներին ամենից շատ հուզող՝ տրանսպորտի ոլորտում բարեփոխումների և բյուջեով նախատեսված միջոցների կրճատման մասին՝ փոխքաղաքապետն ընդգծեց, որ տրանսպորտի բյուջեի նվազում տեղի չի ունեցել. «Բյուջեի նվազումը կապված է բացառապես մետրոպոլիտենի վարկային ծրագրի ավարտի հետ, որը փոխանցվում էր պետական բյուջեից՝ որպես պատվիրակված լիազորություն:  Մետրոպոլիտենի վերազինման ծրագրով միջոցների մի մասը չի օգտագործվել:  Սա կապված է դրենաժային համակարգի հետ, որը նախատեսված էր իրականացնել որոշակի հատվածում և պետք է անցկացվեին ջրահեռացման խողովակներ:  Սակայն աշխատանքների ավարտական փուլում ջուրը հեռացված էր և, մասնագետների գնահատմամբ, ծրագիրը շարունակելու անհրաժեշտություն չկար»:

Անդրադառնալով հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի ընթացքին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ աշխատանքներն այս ուղղությամբ ամենօրյա են. «Մենք մեծ խմբով մշակում ենք տրանսպորտի ցանցի բարելավման ծրագիրը, որի մի շարք դրույթներ մեզ համար անընդունելի էին: Ծրագիրը վերանայման կարիք ունի՝  մասնավորապես հոսքի գնահատված ծավալի, ուղևորատոմսի սակագնի հաշվարկի և մի շարք այլ դրույթների առումով: Հունվարի վերջին ակնկալում ենք անգլիական ընկերությունից ստանալ մեր բարձրացրած բոլոր հարցերի վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ:  Քննարկումներից և ծրագիր վերջնական ընդունումից հետո փաթեթը կդրվի մրցույթի: Փորձից ելնելով՝ նշեմ, որ միջազգային մրցույթները տևում են 6 ամիս կամ ավելին: Վստահեցնում եմ, որ եթե նույնիսկ այս պահին ունենայինք պատրաստի վերջնական ծրագիր, մեկ տարվա ընթացքում 1 մլն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքի տրանսպորտային ցանցի հիմնովին վերափոխումը կլիներ ֆանտաստիկ: Ինչու՞, որովհետև տրանսպորտային ցանցը ամենաընդգրկուն ենթակառուցվածքներից է, և կան տասնյակ բաղադրիչներ, որոնք  պահանջում են առանձին, տեխնիկական և թվային լուծումներ»:

Վերելակային տնտեսությանն ուղղված միջոցների կրճատման մասին նշվեց. «Վերելակների ֆոնդը կրճատվել է ոչ թե վերելակների պահպանման և շահագործման իրականացվող աշխատանքների և նյութերի հաշվին, այլ որովհետև կարծում ենք, որ այդ նույն աշխատանքի ծավալն ու նյութերը կարելի է ձեռք բերել ավելի փոքր միջոցներով»,- մանրամասնեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ քաղաքապետարանն առաջիկայում կներկայացնի վերելակների փոխարինման իր լայնածավալ ծրագիրը:

«2019 թվականի համայնքային բյուջեն և հատկացումներն ըստ ոլորտների արդյոք քննարկվե՞լ են բնակիչների հետ» հարցին ի պատասխան փոխքաղաքապետը նկատեց, որ այն սահմանված կարգով ներկայացվել է հանրային քննարկման, և ավելի քան 40 հոգի մասնակցել և ներկայացրել է դիտողություններ ու առաջարկներ:

Անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակազմի վերապատրաստման ֆոնդի համար բյուջեով նախատեսված 159 միլիոն դրամին՝ քաղաքապետի տեղակալը հստակեցրեց. «Երբ այդ գումարները ներկայացվում են որպես անգլերենի ուսուցման համար ծախս՝ բարեխիղճ չէ: Այդ միջոցներն ուղղվելու են 22 ոլորտներում աշխատակիցների նեղ մասնագիտական որակական հատկանիշների բարձրացմանը, ինչի շնորհիվ այդ բնագավառներով կունենանք զգալի առաջընթաց: Այս ամենն արվելու է գնումների գործընթացով: Բացի այդ նշեմ, որ նման ծախսեր նախատեսված են այլ գերատեսչություններում ևս, եղել են նաև նախկինում, և սա նորություն չէ»:

Պարգևավճարների  ավելացման առիթով փոխքաղաքապետը նկատեց, որ աշխատավարձերի բարձրացում առայժմ քաղաքապետարանը չի կարող նախատեսել, իսկ պարգևավճարը շահագրգռելու ճկուն գործիք է, որն ընդունված գործելաոճ է ամբողջ աշխարհում: Անդրադառնալով գործուղումների համար բյուջեով հատկացվելիք գումարներին՝  նշվեց, որ դրանք գործընկեր քաղաքների հրավերով այցերի և հնարավոր նոր ներդրումներ ու դրամաշնորհներ ներգրավելու նպատակ ունեն:

Խոսելով տեղական տուրքերի և վճարների ավելացման մասին՝ Հայկ Սարգսյանն ընդգծեց, որ արված ուսումնասիրություններն ու հաշվարկները ցույց են տվել, որ, օրինակ, անգամ ամենափոքր շրջանառություն ունեցող բենզալցակայանի համար տուրքերի ավելացումը բերելու է ընդամենը 1-1,5 դրամ փոփոխության՝ 1 լիտր բենզինի հաշվարկով: Բացի այդ, փոխքաղաքապետը շեշտեց, որ փոփոխությունները որևէ կերպ չեն ազդելու փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Ինչ վերաբերում է կրթամշակութային օջախներում վարձավճարների ավելացմանը, ապա, ըստ փոխքաղաքապետի, այն կրթության նախարարի որոշմամբ սահմանված վերանայում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]