Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

2018-ը գործնական տարի էր ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության համար


ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  2018 թվականը բավական ուշագրավ տարի էր Մերձավոր Արևելքում ՀՀ կողմից իրականացվող քաղաքականության տեսանկյունից:

Տարվա ընթացքում ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության օրակարգային հարցերի շարքում շարունակեցին առաջնային մնալ Սիրիան և սիրիական հակամարտությունը: Դամասկոսի հետ քաղաքական հարաբերությունները պահպանելու և սիրիահայերին օգնելու անհրաժեշտությունից ելնելով՝ Հայաստանն ի սկզբանե որոշում էր կայացրել պահպանել իր դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում: Սիրիական հակամարտության ողջ ընթացքում Հայաստանն իր մասնակցությունն է ունեցել  երկրում մարդասիրական աղետի հաղթահարմանը, այդ թվում նաև պարբերաբար մարդասիրական օգնություն ուղարկելով ոչ միայն հայ համայնքին, այլ նաև Սիրիայի բարեկամ ժողովրդին օժանդակելու համար:

Հենց այս նույն տրամաբանությունից ելնելով՝ Հայաստանը 2018 թվականի սեպտեմբերին հայտարարեց, որ պատրաստվում է Սիրիա (Հալեպ) գործուղել Պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, ականազերծման մասնագետներից և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից՝ ընդհանուր մինչև 100 մասնագետ։ Հայ մասնագետների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո: Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ սա մարտական զորախումբ չէ, և հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար հարցերով: Ընդ որում, հայ մասնագետների տեղակայման հարցը Հայաստանը քննարկել է գրեթե բոլոր գործընկերների հետ, ինչը նշանակում է, որ առաքելության հումանիտար բնույթը ներկայացվել է բոլոր շահառու կողմերին:

Միևնույն ժամանակ, Սիրիայում փորձ է արվում ռազմական գործողությունների ակտիվ փուլից աստիճաբանաբար անցում կատարել երկրի վերակառուցմանը, ինչը բոլորովին նոր հնարավորություններ է ստեղծում Սիրիայի հետ հարաբերությունների զարգացման համար՝ հատկապես տնտեսական ոլորտում: Ընդ որում, այս հարցում առկա է երկկողմանի հետաքրքրվածություն: Հատկանշական է, որ 2018 թվականի դեկտեմբերին Սիրիայի նախագահն ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ գործարարներին, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման գործընթացին: Բաշար Ասադն ընդգծել է, որ Հայաստանի ցուցաբերած աջակցությունը Սիրիային թույլ է տալիս, որ Հայաստանը լինի այն երկրներից մեկը, որն իրավունք ունի մասնակցելու Սիրիայի վերականգնման աշխատանքներին:

Պատահական չէ Սիրիայում ՀՀ նոր դեսպանի նշանակումը, ինչը նպատակ է հետապնդում նոր խթան հաղորդել երկու երկրների հարաբերություններին: Հատկանշական է նաև դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին Սիրիայի իշխանությունների կողմից ցուցաբերված վերաբերմունքը (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անունից դեսպան Փոլադյանին հանձնվեց Սիրիայի բարձրագույն աստիճանի պատվավոր շքանշան): Սիրիական իշխանությունները բազմիցս բարձրաձայնեցին այն մասին, որ ՀՀ դեսպանը շուրջ ութ տարվա պատերազմի ընթացքում չլքեց Սիրիան՝ դրանով իսկ արտահայտելով իր նվիրումը սիրիացի ժողովրդին։

ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության մյուս օրակարգային ուղղություններից են Լիբանանն ու Եգիպտոսը:

Հայաստանի և Լիբանանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը և լիբանանահայ համայնքի դերակատարությունն ամուր հիմք են հանդիսանում հարաբերությունների զարգացման համար: 2018 թվականին Լիբանանի հետ շարունակվեց ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Լիբանանի ղեկավարները երեք հանդիպում են անցկացրել: Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը առաջին անգամ հանդիպել են սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում: Հայ և լիբանանցի ղեկավարների հաջորդ հանդիպումը կայացել է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ: Երկխոսությունը շարունակվել է Բեյրութում Ն. Փաշինյանի՝ Լիբանան կատարած այցի շրջանակներում: 

Երկու երկրները հաջողությամբ համագործակցում են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում: Այս ոլորտում ևս 2018 թվականն աչքի ընկավ բավական շոշափելի արդյունքներով: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Լիբանան կատարած այցի շրջանակներում երկու երկրների միջև «Ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր ստորագրվեց: Մինչ այդ ՀՀ կառավարությունը հաստատել էր Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը, ինչը նպատակ էր հետապնդում նոր հնարավորություններ ստեղծել պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման համար: Ակնկալվում է, որ հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը խթանող գործոն կհանդիսանա նաև Վահագն Աթաբեկյանի նշանակումը Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում:

Ինչ վերաբերում է հայ-լիբանանյան տնտեսական հարաբերություններին, ապա պետք է արձանագրել, որ թեև տնտեսական ներուժը բավական չափով իրացված չէ, այնուամենայնիվ, տնտեսական ոլորտում համագործակցությունը կարող է բավական հեռանկարային լինել: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում և Լիբանանում ընթացիկ ներքաղաքական գործընթացների ավարտից հետո առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայ-լիբանանյան առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը։ Երկուստեք առկա է այն մոտեցումը, որ Հայաստանը կարող է Լիբանանի համար դառնալ պատուհան դեպի Եվրոպա, իսկ Լիբանանը Հայաստանի համար` պատուհան դեպի Մերձավոր Արևելք: Այս ուղղությամբ հետևողական աշխատանքը թույլ կտա բավական շոշափելի արդյունքներ արձանագրել:

Հատկանշական է նաև, որ Լիբանանի հետ սերտ հարաբերությունները կարևորվում են ոչ միայն երկկողմ համագործակցության, այլ նաև մերձավորարևելյան տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների տեսանկյունից: Տարածաշրջանում շարունակվող լարվածության համատեքստում համեմատաբար կայուն Լիբանանի հետ փոխգործակցության խորացումը կարևոր է ՀՀ արտաքին քաղաքականության մերձավորարևելյան վեկտորի ակտիվացման տեսանկյունից:

ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության մեջ մշտապես իր առանձնահատուկ տեղն է ունեցել նաև Եգիպտոսը (Մերձավոր Արևելքում ՀՀ առաջին դեսպանությունը հիմնվել է Եգիպտոսում 1992 թվականին): Ներկա փուլում առաջնային խնդիր է համարվում քաղաքական ամուր կապերի հաստատումը եգիպտական ղեկավարության հետ: 2018 թվականի փետրվարին երկու երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում կարևորվեց միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը։ Միևնույն ժամանակ, ուշադրության կենտրոնում են Եգիպտոսում հայ համայնքին առնչվող հարցերը: Այս տեսանկյունից Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Կարեն Գրիգորյանի նշանակումը նպատակ է հետապնդում նոր խթան հաղորդել հայ-եգիպտական հարաբերություններին:

ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության համեմատաբար նոր և բավական հեռանկարային ուղղություններից է համարվում Պարսից ծոցի շրջանը: Ուշադրության կենտրոնում են հատկապես առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու նոր ներդրումների ներգրավումը: Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների խորացման հնարավորությունն իրականում հեռանկարային է՝ հաշվի առնելով այս երկրների գերակշիռ մասի ռեսուրսներն ու այն հանգամանքը, որ նրանց արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է կապիտալի արտահանումը: Մասնավորապես, ակտիվ զարգանում են Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ տնտեսական հարաբերությունները. երկու երկրների միջև վերջին շրջանում մի քանի անգամ աճել են առևտրաշրջանառության ծավալները, ուղիղ ավիաչվերթների, ինչպես նաև զբոսաշրջային փոխայցելությունների թիվը: Երկուստեք առկա է համագործակցության պատրաստակամություն. ԱՄԷ-ին հետաքրքրում են գյուղատնտեսության ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները, իսկ Հայաստանը հայտարարում է, որ երկրում ստեղծվում են բիզնես իրականացնելու համար բարենպաստ պայմաններ:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մերձավորարևելյան ուղղությամբ արդյունավետ քաղաքականության իրականացման նպատակով ավանդական գործընկերների հետ հարաբերությունների պահպանման և խորացման անհրաժեշտությունից բացի առանձնակի կարևորություն է ստանում նոր կապեր հաստատելու և նոր գործընկերներ ձեռքբերելու հրամայականը: Այս տեսանկյունից, Մերձավոր Արևելքում առանցքային դերակատարում ունեցող երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հետ կապերի և դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այսօր առավել քան անհրաժեշտություն է: Էլ-Ռիյադի հետ կապերի հաստատումը կարևորվում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ վերջինիս ակտիվացող համագործակցության, ինչպես նաև տարբեր հարթակներում Հայաստանի դեմ նրանց թշնամական գործելաոճը չեզոքացնելու անհրաժեշտության համատեքստում:

Խոսելով Իսրայելի մասին, պետք է արձանագրել, որ ինչպես և նախկինում, այս փուլում ևս առաջնային է համարվում Թել Ավիվի հետ քաղաքական կապերի ամրապնդումը, քանի որ Իսրայելի հետ հարաբերություններն ավանդաբար զարգացել են ավելի շատ տնտեսական, գիտակրթական ոլորտներում: Թերևս այս առաջնահերթությունից ելնելով՝ 2018 թվականին Իսրայելում Հայաստանի առաջին դեսպան է նշանակվել Արմեն Սմբատյանը (նախկինում համատեղության կարգով դեսպանի գործառույթներն իրականացնում էր Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը):

Ամփոփելով՝ նշենք, որ մի կողմից, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, մյուս կողմից, մերձավորարևելյան տարածաշրջանում առկա գործընթացները բավական նպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան վեկտորն ակտիվացնելու համար:

Մերձավորարևելյան տարածաշրջանն իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքականության համատեքստում: Մերձավոր Արևելքի ավանդական գործընկերների հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև բազմաբնույթ կապերի ստեղծումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մերձավորարևելյան տարածաշրջանի հետ հարաբերությունների կարևորությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Նախ, Հայաստանը գտնվում է այս տարածաշրջանի անմիջական հարևանությամբ, հետևաբար, Հայաստանը չի կարող անմասն մնալ հարևան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից: Երկրորդ, Մերձավոր Արևելքի հետ Հայաստանի սերտ կապերը պայմանավորված են այնտեղ հայկական համայնքների դարավոր ներկայությամբ, որոնք իրենց գործուն մասնակցությունն ունեն տարածաշրջանային երկրների քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում:

Բնական է, որ տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերություններն ու դրանց օրակարգը տարբեր երկրների պարագայում տարբեր են, հետևաբար աշխարահաքաղաքական նոր իրողություններում առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում մերձավորարևելյան երկրներից յուրաքանչյուրի համար առանձին մոտեցման մշակման և հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը:

Արփինե Հովսեփյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ