Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստան կբերի 2000-2500 այցելուի

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստան կբերի 
2000-2500 այցելուի

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում ակնկալվում է 2000-2500 այցելու աշխարհի տարբեր երկրներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ համաժողովի կազմակերպման ուղղությամբ բավական ծավալուն աշխատանք է տարվել 2018 թվականին:

«Մի շարք երկրներ կատարված այցելությունների շրջանակում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ: Թայվանում եղավ հանդիպում համապատասխան գործընկերների հետ: Նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխարհահռչակ «Կոմպուտեքս» ընկերության հետ ցուցահանդես անցկացնելու համար: Հայաստանում անցկացվող միջոցառմանը ներկայացված կլինեն թայվանական ընկերություններ: Մարտին Թայվանից սպասում ենք պատվիրակության այցի»,-ասաց Ալեքսանդր Եսայանը: Նա նշեց, որ առաջիկայում կներկայացվեն այն աշխարհահռչակ ընկերությունների անունները, որոնց ղեկավարները կմասնակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Քննարկումներ են տարվում «Ֆեյսբուք», «Գուգլ», «Ամազոն» և այլ ընկերությունների հետ: 

Ալեքսանդր Եսայանը նշեց, որ ակտիվորեն աշխատում են ՀՀ կառավարության հետ, համաժողովի անցկացման հարցում ունեն պետական ամենաբարձր մակարդակով աջակցություն:

«Մենք փորձելու ենք այնպես անել, որ համաժողովի մասնակիցները հետաքրքրվեն Հայաստանի ներուժով: Նման խոշոր ընկերություններին առաջին հետաքրքրող հարցը մասնագետների քանակն է: Պետք է հասկանան, թե որքան մարդ է աշխատում ոլորտում, և որքան է տարեցտարի ավելանում նրանց թիվը: Մենք ունենք աշխարհում մեծ հաջողությունների հասած բավական հայտնի ընկերություններ, ինչը կարևոր ցուցիչ է,  պետք է փորձենք կրթական մասով ևս ցույց տալ մեր ներուժը: Այդ համատեքստում կարևոր նախաձեռնություն է «Արմաթ»-ը, որի շրջանակում բազմաթիվ դպրոցականներ, երիտասարդներ ներգրավվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:  

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ներուժը, հաջողությունն ու ձեռքբերումները ցուցադրելուց զատ շատ կարևոր է մեր պետության հյուրընկալությունը ներկայացնելը:

«Պետք է ցույց տանք հայ ժողովրդի մարդկային հատկանիշները, հյուրընկալությունը, հյուրասիրությունը: Անհրաժեշտ է ջանքեր գործադրել այնպիսի լավ միջավայր ստեղծելու համար, որ համաժողովի մասնակիցները հիշեն մեր երկիրը, ցանկանան գալ, այստեղ աշխատել: Շատ կարևոր է նաև նախնական աշխատանքը, որ համաժողովի թեմաները աշխարհին հետաքրքիր լինեն»,-ասաց Կարեն Վարդանյանը:  

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]