Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանագետները կարծում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ զարգացնել Իրանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները

Իրանագետները կարծում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ զարգացնել Իրանի 
և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է ԱՄՆ-ին բացատրել իր անվտանգային համակարգում Իրանի հետ հարաբերությունների կենսական բնույթը և շարունակել հարաբերությունները զարգացնել թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեցին իրանագետներ Գարիկ Միսակյանը և Արտյոմ  Տոնոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին և Հայաստանի վրա դրանց ազդեցությանը:

«Ըստ էության, Հայաստանի կառավարությունը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ դեռ նախորդ պատժամիջոցների ժամանակ կիրառել է այնպիսի քաղաքականություն, որով կարողացել է լավ հարաբերություններ պահպանել և՛ Ամերիկայի, և՛ Իրանի հետ, նաև բավական լուրջ հարաբերություններ սկսել ԵՄ-ի հետ: Իմ կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ բացատրել է, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի Իրանի հետ հարաբերությունների պահպանումը: Եվ հայ-իրանական հարաբերություններում ներկա պահին որևէ այլընտրանքային տարբերակ չկա, քանի որ մենք ունենք 2 փակ սահման: Եվ մեր համար կենսական նշանակություն ունի հարավային սահմանը»,- ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը:

Իրանագետ Արտյոմ  Տոնոյանը ևս կարծում է, որ այս առումով պետք է փորձել կիրառել նախորդների փորձը: Նմանատիպ իրավիճակ Հայաստանն ունեցել է նաև 2011-2013թթ-ին: «Պետք է պարզապես ԱՄՆ-ի գործընկերներին բացատրել, որ Իրանը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, և Իրանի կողմից սահմանի փակում չի եղել նույնիսկ այն պարագայում, երբ Ղարաբաղի հակամարտության տարիներին դա մեր հարևան պետությունների նպատակն էր: Այս ամենը կարելի է շատ հանգիստ բացատրել ԱՄՆ-ին, ու շարունակել և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնել»,-ասաց Տոնոյանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ որդեգրած ռազմավարության շրջանակներում ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ ամերիկյան ամենակոշտ պատժամիջոցները: 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային պայմանագրից և սկսում է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Օգոստոսի 6-ին ուժի մեջ մտավ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը, իսկ նոյեմբերի 5-ին՝ երկրորդը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը սպառնում է երկրորդական պատժամիջոցներ կիրառել նաև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կշարունակեն համագործակցությունն Իրանի հետ՝ զգուշացնելով, որ «Իրանի հետ բիզնես անողները չեն կարող աշխատել ԱՄՆ-ի հետ»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]