1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թևակոխում ենք առավել ինտենսիվ և ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ. Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին

Թևակոխում ենք առավել ինտենսիվ և ընդարձակ ծրագրերի կազմման ու 
իմպլեմենտացման փուլ. Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված 
գործընկերության համաձայնագրի մասին
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. 

«Հանձնաժողովի հարգելի անդամներ, 

Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու և Հայաստանում բարեփոխումների շարունակականությանն աջակցելու հարցում: Համաձայնագրի կիրարկումն ինքնին բարեփոխումների իրականացման հարթակ է, որը համահունչ է կառավարության ծրագրին և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին: 

Ես տեղյակ եմ, որ ներկայումս հանձնաժողովի հիմնական խնդիրը ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի համակարգումն է, և այդ նպատակով վերջին ամիսներին հանձնաժողովի կողմից քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության ոլորտների: Գիտեմ, որ եվրոպական կողմին է տրամադրվել Համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը: Խնդրում եմ շարունակել աշխատանքները եվրոպական կողմի հետ այդ քարտեզում ներառված միջոցառումները համաձայնեցնելու ուղղությամբ: 

Հանձնաժողովի աշխատանքների և դրա արդյունքների վերաբերյալ ինձ պարբերաբար զեկուցում է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: 

Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ, քանի որ թևակոխում ենք առավել ինտենսիվ և ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ: 

Այժմ ես ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել այսօրվա օրակարգային  հարցերի քննարկման գործում, իսկ ես, կարևորելով ԵՄ-ի հետ տարվող աշխատանքները, պարբերաբար մասնակից կլինեմ հանձնաժողովի աշխատանքներին և կհետևեմ գործընթացներին»: 

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ, վստահեցնում եմ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի օրակարգը  ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օրակարգն է, և անկախ նրանից, թե մենք ինչ կազմով և ինչ ինտենսիվությամբ ենք աշխատում այս ուղղությամբ, խնդրում եմ ի գիտություն ընդունել և հաշվի առնել, որ մենք պարբերաբար նրան զեկուցում ենք ընթացքի մասին, և ըստ էության, պարոն Փաշինյանի ընկալումն այն է, որ սա նախ և առաջ մեր բարեփոխումների օրակարգն է»: 

Նիստում քննարկվել են տեղեկատվական հասարակության ոլորտում համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էլեկտրոնային հաղորդակցության և նույնականացման ուղղություններով կատարվող աշխատանքներին: 

***

2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որը 2018 թ. հունիսի 1-ից մասնակի ուժի մեջ է մտել, և այս պահին գործում է Համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսը: 

Մնացած դրույթներն ուժի մեջ կմտնեն Եվրոպական միության երկրների խորհրդարանների կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելուց հետո: Այս պահին ԵՄ 28 երկրներից Համաձայնագիրն արդեն վավերացրել է 8 երկիր՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը և Դանիան:

ՀԸԳՀ-ն համապարփակ և հավակնոտ երկկողմ համաձայնագիր է, որը ներառում է քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցություն: Համաձայնագրի  նպատակներից են ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ երկխոսության շրջանակները՝ խթանելով կողմերի միջև սերտ հարաբերությունների զարգացումը, աջակցել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, հաստատել առևտրի ոլորտում ընդլայնված համագործակցություն:

Համաձայնագիրը ներառում է  հետևյալ հիմնական ոլորտները՝ 

  • Արդարադատություն
  • Անվտանգություն
  • Տնտեսություն, գյուղատնտեսություն և ենթակառուցվածքներ
  • Շրջակա միջավայր և կլիմա
  • Սպառողների շահերի պաշտպանություն
  • Միգրացիայի հարցեր
  • Տեղեկատվական հասարակություն
  • Սոցիալական քաղաքականություն
  • Կրթություն և գիտություն
  • Մշակույթ
  • Առողջապահություն
  • Տարածքային զարգացում
  • Վիճակագրություն: 

2018թ. հուլիսի 2-ի ՀՀ վարչապետի թիվ 906-Ն որոշմամբ ստեղծվել է  Համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջին ամիսներին քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության և այլ ոլորտների վերաբերյալ:

Հայկական կողմի մշակած ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ ճանապարհային քարտեզը, որն արդեն իսկ տրամադրվել է Եվրոպական կողմին համաձայնեցման, բաղկացած է երկու մասից. առաջին՝ առևտուր և առևտրին առնչվող հարցեր, իսկ երկրորդ՝ ոլորտային համագործակցություն, որը ներառում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, հարկման, արդարադատության, միգրացիայի, գյուղատնտեսության, սպառողների պաշտպանության ոլորտներ: ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ ճանապարհային քարտեզն այս պահին ներառում է միայն այն դրույթների կիրարկմանն ուղղված միջոցառումները, որոնք ժամանակավորապես ուժի մեջ են մտել:

2018թ. նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԸԳՀ-ով նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից կազմված ճանապարհային քարտեզի նախագիծը: Եվրոպական կողմը գոհունակություն է հայտնել ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես ՀԸԳՀ իրականացման համար լավ մեկնակետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]