Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռիսկի խմբերի 40,1 տոկոսը սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ է ստացել

Ռիսկի խմբերի 40,1 տոկոսը սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուր շնչառական և գրիպի վարակների կանխարգելման նպատակով ամբողջ Հայաստանում դեկտեմբերի 17-ի դրությամբ պատվաստումներ է ստացել ռիսկի խմբերի 40,1 տոկոսը՝ 54 հազար 129 մարդ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿ ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը:

Ամբողջ հանրապետությունում պատվաստվածներից 31 հազար 300-ը պատկանում են հատուկ խմբերին՝ փակ հաստատություններում գտնվողներն ու Զինված ուժերի զինծառայողներն են:

«2018 թվականին հանրապետություն ներկրվել է 90 հազար դեղաչափ սեզոնային գրիպի պատվաստանյութ: Առաջին չափաբաժինները ներկրվել են հոկտեմբեր ամսվա վերջին և ամբողջ Հայաստանում պատվաստումները սկսվել են նոյեմբերի 1-ից: Մենք նպատակ ունեինք, որպեսզի մեր ռիսկի խմբերը մինչև սեզոնային գրիպի սկսվելը ստանային պատվաստումները»,- նշեց Սահակյանը:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ռիսկային խմբեր են սահմանվել (Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգմանը համահունչ) հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, 65 տարեկանից բարձր անձինք, բուժաշխատողները: Վերջին 3 տարվա ընթացքում պատվաստանյութ հատկացվում է նաև Զինված ուժերին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը:

«Դեկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում պատվաստումներ ստացել են ռիսկի խմբերի 40.1 տոկոսը: Ցուցանիշը բավականին ցածր է, քանի որ ռիսկի խմբերում կան հղիներ և 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ և մեր մեջ դեռ կա այն մտածելակերպը, որ փոքրիկներին կամ հղիներին չեն շտապում պատվաստել»,- ընդգծեց Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ այս երկու խմբերը նորություն են Հայաստանի համար, և նախկին տարիներին գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման նպատակով նրանք պատվաստումներ չեն ստացել: Հղիները համարվում են համար առաջին ռիսկի խումբը սեզոնային գրիպի շրջանում: 

«Պատվաստանյութերը բաշխվել են բուժհաստատություններում և առաջին պատվաստումները սկսել են իրականացվել փակ հաստատություններում՝ ծերանոցներ, մանկատներ, հատուկ դպրոցներ»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ փակ հաստատություններից քրեակատարողական հիմնարկների համար ոչինչ չեն նախատեսել, քանի որ Արդարադատության նախարարության կողմից պահանջ չի եղել:

Գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման նպատակով նոյեմբերի 1-ից Հայաստանում պատվաստումներ են իրականացվում:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]