Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արտախորհրդարանական քաղաքականության տեսլականը

Արտախորհրդարանական քաղաքականության տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների հրապարակումից կարճ ժամանակ անց այլևս նախկին իշխանական կուսակցություն ՀՀԿ-ն և վերջինիս կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն հայտարարություններ հրապարակեցին, համաձայն որոնց այս կուսակցություններն առաջիկայում ակտիվ գործունեություն են ծավալելու որպես արտախորհրդարանական քաղաքական ուժեր կամ արտախորհրդարանական ընդդիմություն։ Այստեղ թերևս մենք պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում հայաստանյան քաղաքական խճանկարում արտախորհրդարանական ընդդիմություն երևույթը։

Ըստ էության, ներկայիս քաղաքական համայնապատկերում հանրային տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն և պահանջարկ ունեցող արտախորհրդարանական ուժերի թիվը մեծ չէ։ Կարծում ենք ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցող 11 ուժերից նվազագույն շեմը չհաղթահարածները պարզապես չեն կարող ավտոմատ կերպով վերածվել արտախորհրդարանական ընդդիմության կամ էլ ընդհանրապես իրենց գոյությունը պահպանել որպես քաղաքական կազմակերպությունը։ Փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների նախաշեմին կազմավորված  քաղաքական կուսակցությունները, որպես կանոն, կենսունակ չեն և մինչ հաջորդ ընտրություններ պարզապես կորչում են քաղաքական ներկապնակից։ Այս տեսանկյունից հարկ է նշել, որ քաղաքական կյանքում մնալու հավակնություններ ներկայացնող քաղաքական կազմակերպությունները հետևյալներն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Հայ ազգային կոնգրես կուսակցությունը։ Վերջինս չէր մասնակցում խորհրդարանական ընտրություններին։ Թե ինչպիսի քաղաքական հայեցակարգով կձգտեն դրսևորվել այս քաղաքական  ուժերը, փորձենք անդրադառնալ առանձին առանձին։

ՀՀԿ-ն, ըստ էության, դեռևս նախընտրական քարոզարշավի մեկնարկից էլ առաջ հայտարարել էր իր քաղաքական դիրքավորման մասին, այն է՝ ընտրություններում այլևս հաղթած «Իմ քայլը» դաշինքի միակ արմատական ընդդիմությունը և հակակշիռը հենց իրենք են։ Այս դիրքավորումը, եթե նույնիսկ առաջին հայացքից կենսունակ թվա, հեռահար պլանում չի կարող ապահովել քաղաքական ուժի կենսունակություն այն պարզ պատճառով, որ առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀԿ-ին «հետապնդելու է» մերժված լինելու գնահատականը։ Ընդհանուր առմամբ ՀՀԿ-ն, որպես քաղաքական ուժ և ընդդիմություն, ստացել է իր գնահատականը նաև ընտրություններում  անցողիկ շեմը չհաղթահարելով։ Եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ առաջիկայում ՀՀԿ-ն բնականորեն կորցնելու է իր էլեկտորալ զանգվածի առնվազն մի հատվածը, ապա թերևս կարող ենք արձանագրել, որ որպես քաղաքական կազմակերպություն ՀՀԿ-ն կորցնելու է իր պահանջարկը։ Սա իհարկե չի նշանակում, որ ՀՀԿ-ական ակտիվ գործիչները չեն շարունակելու նոր իշխանության սուր քննադատությունը, ինչը սակայն առնվազն մոտ ապագայում հանրային պահանջարկ չի ունենալու։

ՀՅԴ պարագայում խնդիրն առավել խորքային է։ Ընտրություններից հետո ՀՅԴ հայտարարության մեջ կուսակցությունը պարտություն է գնահատում խորհրդարանական ընտրությունները, առանձնացնում է սեփական ընտրողներին, որպես գիտակից և գաղափարական քաղաքացիներ և շնորհակալություն հայտնում նրանց։ ՀՅԴ այս հայտարարություն առնվազն տարօրինակ է, քանի որ փաստացի կուսակցությունը հայաստանյան հասարակության գերակշիռ մասին պիտակավորում է որպես «պատահական» ընտրողներ, իսկ ընտրությունների արդյունքների առկա պատկերը բացատրում հենց այս փաստով։ Այս մոտեցումն արդեն իսկ ցույց է տալիս, որ քաղաքական ուժը որևէ փորձ չի անում վերջին 20 տարիներին սեփական գործունեությունը, մոտեցումներն  ու վարած քաղաքականությունը վերլուծելու, ընկալելու և համաձայն դրանց հետևություններ անելու ուղղությամբ։

Սա բավական լուրջ խնդիր է, քանի որ գրեթե մշտապես շեշտվել է, որ ՀՅԴ-ն կայուն ընտրազանգված ունեցող կուսակցություն է և այդ ընտրազանգվածը միշտ բավարարել է գոնե անցողիկ շեմը հաղթահարելուն։ Եթե մենք մեկնարկենք այս դրույթից, ապա ակնհայտ է, որ ՀՅԴ-ն կորցրել է իր կայուն ընտրազանգվածի մի մասին։ Համահայկական քաղաքական կազմակերպության հավակնող քաղաքական ուժի համար սա ծանր հարված է և առնվազն իրավիճակը արմատապես վերլուծելու և հասկանալու պատճառ։ Արդյո՞ք ՀՅԴ-ն առաջիկա 5 տարում կշարժվի քաղաքացուն մոտենալու, իր էլեկտորատի քայքայման պատճառները հասկանալու ճանապարհով, թե կմնա նախկինի նման փակ կառույց և կդիրքավորվի ընդդեմ հանրության գերակշիռ հատվածի, պարզ կդառնա ամենամոտ ապագայում։

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հայտնություններից կարող ենք համարել «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը։ Նորաստեղծ այս ուժը համախմբեց վերջին տասնամյակի ընթացքում քաղաքացիական տարբեր շարժումների ակտիվ մասնակիցներին։ Փաստացի այս կուսակցության ներկայացուցիչները բավական լայն փորձառություն ունեն հասարակական, քաղաքական և քաղաքացիական  հարթակներում։ Այլ կերպ ասած, վերջին տարիներին նրանք արդեն իսկ գործունեություն էին ծավալում արտախորհրդարանական դաշտում։ Այս փորձառություն և կազմակերպված քաղաքական կառույցի առկայությունը լայն հնարավորություն են ստեղծում մինչ հաջորդ ընտրություններն ընկած ժամանակահատվածում կուտակել հանրային ճանաչելիություն և որոշակի քաղաքական կապիտալ։ Առանձնահատուկ է նաև, որ այս կուսակցությունը հատուկ շեշտադրում է կատարում սոցիալ դեմոկրատական գաղափարների և սկզբունքների վրա։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ կուսակցության գործունեության առաջնահերթությունները լինելու են հենց գաղափարական մոտեցումները։

Վերջապես խորհրդարանական ընտրություններին չմասնակցած և 2017-ի ԱԺ ընտրություններից ի վեր արտախորհրդարանական դաշտում գտնվող և յուրահատուկ դիմագիծ ունեցող հաջորդ ուժը Հայ ազգային կոնգրես կուսակցությունն է։ Անշուշտ, կարող են հնչել կարծիքներ, որ անցած ԱԺ ընտրություններում ՀԱԿ հավաքած բավական համեստ ձայները վկայում են այս ուժի՝ քաղաքական ասպարեզից հետզհետե հեռանալու մասին։ Սակայն հարկ է նշել, որ ՀԱԿ-ը ունի հստակ գաղափարախոսություն և սկզբունքային մոտեցումներ։ Պետք է շեշտել նաև, որ ՀԱԿ ներկայացուցիչներն ունեն քաղաքական և քաղաքացիական պայքարի մեծ փորձառություն և քաղաքական գործունեության կապիտալ։ Այս ամենի համադրությունը հնարավորություն է ստեղծում այս ուժի համար հնարավորինս շուտ սկսել հաջորդ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստական աշխատանքները։

Ամփոփելով նշենք, որ նշված քաղաքական ուժերին անդրադարձել ենք հաշվի առնելով դրանց քաղաքական փորձառությունը և գաղափարախոսական առանձնահատկությունները և կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում հայաստանյան քաղաքական դաշտի հետագա զարգացումը պետք է շարունակվի գլխավորապես գաղափարախոսական առանցքների շուրջ։ 

Աղասի Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]