Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումը

Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների  ծավալ չի նվազել. քաղաքապետի 
տեղակալի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև  մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերիկ վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.  «Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների  ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով: Մենք այս նվազեցումներով ընդամենը տնտեսում ենք իրականացրել, օպտիմալացրել ենք մեր ծախսերը:

Պարգևավճարների, գործուղումների մասին

Հնարավոր չէ իրականացնել որևէ աշխատանք՝ չունենալով գործիք: Թող կոպիտ չհնչի, որ աշխատուժը գործիք ենք անվանում, բայց տնտեսագիտությունը կոշտ գիտություն է և աշխատուժն ապրանք է, որն ունի իր գինը: Ցանկացած ապրանքի դեպքում, եթե դու պատրաստ չես վճարել այն գինը, որն ապահովում է որակ, պետք է կորցնես կամ որակը, կամ ապրանքը:

Այն աշխատանքը, որն իրականացվում է այսօր, մեզ չի բավարարում: Ես ուզում եմ սա հստակ արձանագրենք: Սրա մասին խոսում են մեր քաղաքի ֆինանսական արդյունքները, ենթակառուցվածքների առկա վիճակը: Եթե մեր առջև այսօր նոր ավագանին դրել է շատ բարձր նշաձող, ապա մենք ի՞նչ գործիքակազմով պետք է հաղթահարենք այն: Ես ասում եմ, որ, իհարկե, մենք կարող ենք, բայց կարող ենք պայմանով՝ բարձրակարգ  որակավորում ունեցող անձանակազմով: Իսկ ինչպե՞ս հասնենք որակավորում ունեցող երկու հազար հոգանոց անձնակազմի: Մի այլ հարց է, որ այդ անձնակազմն, այո, ուռճացված է: Այդ (աշխատակազմի օպտիմալացման) ուղղությամբ այսօր աշխատանքները սկսված են, և հուսով ենք՝ առաջիկայում կավարտենք օպտիմալացման աշխատանքները և կհրամցնենք նոր հաստիքակազմ, նոր սկզբունքներով: Բայց երբ քաղաքապետարանի անձնակազմում օտար լեզվի իմացությունը նվազագույն թույլատրելի մակարդակից ցածր է, իսկ քաղաքապետարանը վճարում է 130, 140 կամ 150 հազար դրամ աշխատավարձ, ինչպե՞ս այս մարդկանցից պահանջենք բարձր որակավորում: Չէ՞ որ դա ծախս է: Աշխատուժի որակի բարձրացումը ներդրում է պահանջում: Մենք այդ ներդրումը տեսնում ենք վերապատրաստման, պարգևատրման ֆոնդի միջոցով:

Երեկ քննարկման ժամանակ (Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին-խմբ.) մեր ընդդիմադիր գործընկերներն ընդունում էին, որ, այո՝ անձնակազմի աշխատավարձը ցածր է, և այդպես հնարավոր չէ ակնկալել այն արդյունքը, որ ցանկանում ենք, և առաջարկում էին բարձրացնել աշխատավարձը: Դա ենթադրում է, որ այդ ֆոնդը պահպանվելու էր հաջորդ բոլոր տարիներին: Մինչդեռ պարգևատրման ֆոնդն ավելի ճկուն է, զուգահեռ ապահովում ենք մոտիվացիա, ինչը չենք կարող անել աշխատավարձի պարագայում: Անձնակազմի կառավարման բոլոր մոդելները հստակ ասում են՝ ֆիքսված աշխատավարձը, եթե այն գործարքային չէ, որպես մոտիվացման գործիք երբեք չի կարող ծառայել:

Ես ուզում եմ ամեն ինչ դրվի դարակներում, ինչպես ասում են: Ցանկացած հրապարակման հիմքում լինեն հիմնավորումներ և ուսումնասիրություններ: Մեր գործընկերները, ցավոք, որևէ առաջարկ չեն ներկայացրել: Բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, և քաղաքական հետբեմային քննարկումները օգուտ չեն տալիս բյուջեին: Ես առաջարկում եմ անցնել կառուցողական դաշտ և քննարկել բյուջեի հոդվածները` դրանց հիմնավորումներով:

Վերելակների մասին

Վերելակային տնտեսության բարեկարգումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է, մենք հավատարիմ ենք դրան և նախատեսում ենք մեծ բարեփոխումներ այս ոլորտում:

Սակայն վերելակային ֆոնդի պահպանման ծախսերը մի բան են, մի այլ բան է վերազինման և  նորացման ֆոնդը: Մենք նվազեցրել ենք վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերը: Այս ֆոնդն ուռճացված էր առնվազն 3 անգամ: Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների և շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու:

Եթե որևէ պահի պարզվի, որ վերելակային ֆոնդի շահագործումն ունի նոր միջոցների կարիք, քան մենք պլանավորել ենք, այդ միջոցները կան: Հայտարարում եմ ամենայն պատասխնատվությամբ՝ Երևան քաղաքն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որ առաջին անհրաժեշտության հոգսերը հոգա:

Պետք է շեշտեմ, որ այսօր աշխատանքներ ենք տանում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում հին վերելակ քաղաքում չի մնալու: Ծրագիրն իրականացվելու է մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ: Սա աննախադեպ պրոյեկտ է լինելու ոչ միայն մեր երկրի համար, այլև տարածաշրջանում որևէ քաղաքապետարան նման ծրագիր չի իրականացրել:

 

Եկամուտների, տեղական տուրքերի և վճարների մասին

Հաջորդ տարվա բյուջեով ավելացվել է եկամուտների պլանը՝ տուրքերի և վճարների սահմանաչափերի հաշվին: Օրինակ, վառելիքի միջին վիճակագրական լիցքավորման կայանը հիմա վճարում է համայնքին տարեկան ընդամենը 350 հազար դրամ: Վստահեցնում եմ ձեզ, որ սա նորմալ չէ: Մենք բարձրացրել ենք այս տուրքի չափն առավելագույնի, և դրա տակ կա պարզ մաթեմատիկական հաշվարկ: Փոքր լցակայանի պարագայում անգամ տուրքի չափը տարեկան կտրվածքով բաշխվում է  վաճառվող բենզինի լիտրի  վրա: Տնտեսվարողի համար այն 1-1.5 դրամի չափով ավելացում է բերում յուրաքանչյուր լիտրի համար: Նույնը կարելի է ասել գիշերային ժամերին աշխատող առևտրային և սպասարկման ծառայությունների համար: Ես վստահեցնում եմ, որ տուրքերի ավելացումը այս ապրանքների գների վրա որևէ ազդեցություն չի ունենալու: Այդ ծառայություններն օգտագործում են մեր քաղաքի ենթակառուցվածքները, և քաղաքը դրանց շահագործումից մուտքեր պետք է ունենա: Այլապես քաղաքն ինչո՞վ պետք է ապրի:

Մեր հիմնական եկամուտների աղբյուրները տուրքերը, վճարները, հարկերն ու գույքահարկն են: Մենք առնվազն 201 մլն դրամի չափով տնտեսում ենք պլանավորել միայն եկամուտների հավաքագրման բյուջեից: Առնվազն այդքան գումար ավելի քիչ ենք ծախսելու եկամուտների հավաքագրման համար:

Այն բեռը, որը ենթադրում է սահմանաչափերի բարձրացում, աննշան փոփոխություն է առաջացնելու բիզնեսների համար: Միաժամանակ նշեմ, որ մենք հավատարիմ ենք փոքր և միջին բիզնեսի աջակցման՝ երկրի որդեգրած ռազմավարությանը:

Տրանսպորտի մասին

Տրասնպորտի բյուջեն չի նվազել, ընդամենն ավարտվել է  վարկային այն ծրագիրը, որն իրականացվում էր մետրոպոլիտենում Ասիական զարգացման և մի քանի այլ բանկերի կողմից համաֆինանսավորմամբ: 900 միլիոնով նվազել է մեր տրանսպորտի բյուջեն որովհետև ավարտվել է Մետրոյի վերազինման ծրագիրը:

Ինչ վերաբերում է նախատեսված գումարին, այն առկա տրանսպորտային ցանցի պահպանման և շահագործման համար է: Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային նոր համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Սակայն այս բյուջեն չի առնչվում դրան: Տրանսպորտային նոր ցանցի համար անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչի ուղղությամբ մենք զուգահեռ աշխատանքներ ենք տանում:

 

Կանաչապատման մասին

Խոսում ենք կանաչապատման  միջոցների նվազեցման մասին: Ես վստահեցնում եմ, որ կանաչապատման տարածքներ, աշխատանքների ծավալ չի նվազել, կանաչ տարածքների պահպանման և  շահագործման որևէ ծավալ չի փոխվել:

Ավելին, եթե նախատեսված բյուջեն իրականացվի այն միջոցառումներով և գործիքակազմով, որ մենք ենք տեսնում, ապա այս նույն նվազած բյուջեի պայմաններում ունենալու ենք ավելի մեծ ծավալի աշխատանք: Ներկայացնեմ մի օրինակ. ոչ մեկի համար պարզ չէ, թե մեր համայնքում չափագրված, այսինքն՝ թղթի վրա արձանագրված կանաչ տարածքները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Խնդրում եմ մեր գործընկերներին, որոնք թիրախավորել են այս կետը, փորձեն անձամբ ուսումնասիրել կանաչապատման տարածքները և ստուգեն՝ իրականում որքան է: Կա այն համոզմունքը, որ այդ տարածքներն ավելին են ներկայացված, քան պետք է լինեն: Հենց այստեղ էլ փոշիացվել են միջոցները: Բոլորիս համար ակնհայտ է, որ կանաչապատման բոլոր մրցույթները շահել են Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված ՓԲԸ-ները: Ինչու՞ և ինչպե՞ս: Դրան չենք ուզում անդրադառնալ: Մենք այս տարի գնում ենք բաց մրցույթների, և հավանականություն կա, որ այդ մրցույթները չեն շահի հենց այդ ՓԲԸ-ները, այլ տարբեր ընկերություններ, որոնք կանաչապատման և բնապահպանական մասնագիտացված գործունեություն են իրականացնում: Այս պահին էլ բազմաթիվ գնման հայտեր այսօր բավարարվում են մի քանի անգամ ավելի էժան մրցութային գներով, քան  նախորդ տարի:

Սոցիալական ոլորտի մասին

Ուղղակի գումար տալը ոչնչով չի օգնում մեր համաքաղաքացիներին: Պետք է մշակենք ծրագիր, որի արդյունքում մարդիկ կունենան եկամտի մշտական աղբյուր:

Ինչ վերաբերում է բնակարանաշինության ոլորտին, ապա նշեմ՝ ոչինչ չի կրճատվել: Սիսակյան 3 հասցեում արդեն կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, որը կապահովի մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման համար անհրաժեշտ բնակարանային ֆոնդի մի մասը:

Առողջապահության ոլորտի մասին

Ծախսերը հիմնականում ուղղված  են մեր առաջնային բուժօգնության հիմնարկների՝ պոլիկլինիկաների տեխնիկական վերազինմանը: Մենք այսօր չունենք պատշաճ ծառայություններ, որոնք մարդուն հնարավորություն կտան առաջնային բուժօգնության համար դիմել պոլիկլինիկաներ: Ձեռք կբերվեն էլեկտրասրտագրության, համակարգային տոմոգրաֆիայի և մի շարք այլ սարքավորումներ:

Արդյո՞ք քիչ չէ բյուջեով նախատեսված գումարը քաղաքի կարիքները հոգալու համար

«Այդ գումարն այնքան է, որքան այս պահին կարող էինք տրամադրել: Ի դեպ, նախկինում նման ծրագրեր չեն եղել: Սա փուլային աշխատանք է, և հուսով եմ՝ հաջորդ տարի կավելացնենք ֆինանսավորումը: Օրինակ, ըստ էության, պոլիկլինիկաներն այսօր շահույթ չեն ապահովում համայնքին, մինչդեռ կարող էին: Մենք ուզում ենք, որ բուժհիմնարկները լինեն ինքնուրույն գործող տնտեսություն և ապահովեն լրացուցիչ մուտքեր»:

 

Բյուջեի վերանայման հեռանկարի մասին

Ելնելով ժամանակի սղությունից, որ ունեինք բյուջեն կազմելիս, մենք արդեն իսկ նախաձեռնել ենք 2019 թվականի բյուջեի լրամշակման գործընթաց և հավանաբար առաջին եռամսյակից հետո կունենանք լրամշակված բյուջե, մեզ համար առավել կարևոր սկզբունքներով նոր համայնքային բյուջե:

Դրոշների և տոնական զարդարանքի մասին

Առայժմ դրոշների և մայրաքաղաքի տոնական զարդարանքի համար հատկացված ծախսերը մնացել են նույնը: Սա ունի իր պարզ բացատրությունը: Բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցերի ժամանակ մայրաքաղաքը դրոշակազարդվում է: Բնական է, որ, իհարկե, պարբերաբար պետք է նորացվեն նաև համայնքային շենքերի դրոշները: Բացի այդ, դրոշները փակցնելու համար օտգագործվող վերամբարձ մեքենաների մեկ ժամ վարձակալության համար ծախսվում է մոտ 10-15 հազար դրամ:

Երևանի բյուջեի աճող դեֆիցիտի մասին

Դեֆիցիտի մասով պետք է ասեմ, որ բյուջետային գործընթացում դա օրինաչափ երևույթ է: Ցանկացած տնտեսական օրգանիզմ միշտ պետք է ունենա ավելի շատ պահանջներ, քան կան միջոցներ: Այս դեֆիցիտը խոսում է ավելի շատ պահանջների մասին: Մենք ձևավորել ենք նոր առաջարկ քաղաքի համար, որը պետք է պահանջարկի սկզբուքնով բավարարվի, իսկ դրա համար անհրաժեշտ միջոցը վարկային ռեսուրսն է: Մեր բյուջեի դեֆիցիտը էապես չի աճել, այլ նոր ուղղություն է ներդրվել, որը ֆինանսավորվում է վարկային միջոցներով: Խոսքը 1.4 մլրդ ՀՀ դրամի մասին է, որն ուղղված է Երևանում էներգախնայողության ծրագրի ներդրմանը:

 

Տնտեսումների մասին

Մենք ունենք էական տնտեսում 2018 թվականից և էական օպտիմալացում նախորդ տարվա համեմատ, որը մշակվել էր քաղաքային նախորդ իշխանությունների կողմից: Մեր այս տարվա ընդհանուր տնտեսումը կազմում է 9 մլրդ 350 մլն դրամ:

Որպես օրինակ առանձնացնեմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից բենզինի ծախսի տնտեսումը: 224 մլն դրամի փոխարեն 2019 թվականին վառելիքի ձեռքբերման վրա ծախսվելու է 120 մլն դրամ: Բացի այդ, զգալիորեն խստացվել է վառելիքի ծախսման հսկողությունը:

 

Նոր ծրագրերի մասին

Տրանսպորտի նոր ցանցի ներդրման, վերելակների փոխարինման, ավտոկայանտեղերի կառուցման ծրագրերի կողքին կան մի քանի այլ կարևոր ծրագրեր ևս, որոնք նախատեսում ենք հաջորդ տարիների համար, այդ թվում մանկապարտեզների մասով:

Այսօր մանկապարտեզներում իր հերթին սպասում է 5000 երեխա: Այս մասով մանկապարտեզներում նախատեսում ենք նոր լայնածավալ ծրագիր: Արդեն հաջորդ տարի 1000 երեխա չի սպասի իր հերթին, այլ հնարավորություն կստանա հաճախել մանկապարտեզ՝ բացվող նոր խմբերի շնորհիվ: Ըստ մեր ծրագրի, մի քանի տարի անց չի լինի երեխա, որ չկարողանա հաճախել մանկապարտեզ տեղ չլինելու պատճառով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]