Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ծրագրային փոփոխություններ են նախատեսվում

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ծրագրային փոփոխություններ են 
նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագիրը չի ունենա ժանրային սահմանափակում: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաև կեսգիշերային դիտումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը:

«Փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն գեղագիտական ու գեղարվեստական գործոններով, այլև հաշվի են առնվել ինֆրակառուցվածքային հարցերը` դահլիճների քանակը, հանդիսատեսի հետաքրքրվածությունը և այլ հանգամանքներ»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով` հիմնական մրցութային ծրագրում չի լինի ժանրային սահմանափակում, բայց սահմանափակումը պայմանավորված կլինի ֆիլմի տևողությամբ: «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցութային ծրագիրը ներառում է թե’ խաղարկային, թե’  վավերագրական,  թե’ կիսախաղարկային կամ կիսավավերագրական, կիսաանիմացիոն ֆիլմեր: Կլինի մեկ մեծ ծրագիր, որը ներկայացնում է լիամետրաժ լավագույն միջազգային ֆիլմերի ընտրանի»,-շեշտեց նա:

Անդրադառնալով կարճամետրաժ ֆիլմերին` ծրագրի ղեկավարն ասաց, որ դրանք ներկայացված կլինեն տարածաշրջանային ձևաչափով, այսինքն՝ լիամետրաժ ֆիլմերի կողքին կլինի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր, բայց եթե լիամետրաժ ֆիլմերի աշխարհագրությունն անսահմանափակ է, ապա կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում կարող են ընդգրկվել  միայն տարածաշրջանում արված կինոնկարները: Ավետիսյանի հավաստիացմամբ` այդպիսով հայկական կինոն կդիտարկվի տարածաշրջանային համատեքստում և առիթ կլինի հասկանալ, թե ինչ է կատարվում մեր ու հարևան երկրների կինոարտադրությունում,  որն է այդտեղ Հայաստանի դերը:

Նա հավելեց, որ նախատեսվում է իրականացնել նաև «Խելառ կեսգիշեր» խորագրով   ծրագիրը, որը ենթադրում է այդ ժամին համապատասխանող ժանրերի ֆիլմերի ցուցադրություններ:

Փառատոնի նորանշանակ տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն էլ շեշտեց, որ  ունեն կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, մտածում են փառատոնի ռեբրենդինգի մասին: «Այդ ուղղությամբ սկսել ենք աշխատել  տարբեր ընկերությունների հետ, քննարկում ենք հնարավոր տարբերակներ անել այնպես, որ երևանյան և միջազգային հանդիսատեսի սիրելի փառատոնը  ավելի զարգանա` մնալով այնպիսին, ինչպիսին սիրում են այն շատերը»,-եզրափակեց տնօրենը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]