Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նոր էլեկտրոնային ուղեցույցի շնորհիվ բիզնեսի գրանցման գործընթացը կդառնա պարզ ու թափանցիկ

Նոր էլեկտրոնային ուղեցույցի շնորհիվ բիզնեսի գրանցման գործընթացը կդառնա պարզ 
ու թափանցիկ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արդեն ներդրվել է եւ առաջիկա օրերին պաշտոնապես կգործարկվի «eRegulations» էլեկտրոնային գործիքը, որի միջոցով կդասակարգվի եւ կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն Հայաստանի ներդրումային գործընթացների վերաբերյալ։ Ի՞նչ է այն ենթադրում։
Ստեղծելով «բիզնեսի սպասարկման մեկ պատուհան», Հայաստանը միացավ բիզնեսի գլոբալ գրանցման եւ տեղեկատվական «https։//ger.co» հարթակին, որն ակնհայտորեն բարձրացնելու է մեր երկրի վարկանիշը գործարար աշխարհում։
Այս մասին փաստաթուղթը ստորագրվել է դեռեւս 2017թ. դեկտեմբեր ամսին՝ «Բիզնես Արմենիայի» եւ ՄԱԿ—ի զարգացման ծրագրի ներկայացուցիչների միջեւ, որով խնդիր էր դրված ներդրողների համար պարզեցնելու տեղեկատվությունը Հայաստանի բիզնես միջավայրի վերաբերյալ։
ՄԱԿ—ի զարգացման ծրագիրը դիտարկել է բիզնեսի ու ներդրումների ընթացակարգերի թափանցիկությանն ուղղված 130—ից ավելի երկրների գործնական քայլերը եւ գնահատել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի քայլերը։ Հայաստանին 10/10 վարկանիշ է վերապահվել՝ շնորհվել է «Ձեռնարկությունների գլոբալ գրանցման» գործընթացների հավաստագիրը։
«Բիզնես Արմենիան» եւ ՄԱԿ—ի Զարգացման ծրագիրն այս տարվա ապրիլին մեկնարկել են «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք» ծրագիրը, որի ընթացքում Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ներդրվել է ՄԱԿ—ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) «eRegulations» գործիքը, եւ պարզեցվել են մի շարք ընթացակարգեր։
Ե՞րբ է գործելու էլեկտրոնային տեղեկատվական ուղեցույցը, ի՞նչ ընթացքի մեջ է ծրագիրը, պարզաբանեցինք «Բիզնես Արմենիա» հիմնադրամից։ Ներդրումների խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը տեղեկացրեց, որ բիզնեսի գրանցման ընթացակարգերը պարզեցվել են, եւ կայքը պաշտոնապես կգործարկվի հունվար—փետրվար ամսին։
Որպեսզի հստակ լինի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «eRegulations» էլեկտրոնային գործիքը, փորձենք մանրամասնորեն ու մատչելի բացատրել։ ՄԱԿ—ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) «eRegulations» գործիքն արդեն հաջողությամբ կիրառվում է աշխարհի շուրջ 30 երկրներում եւ նախատեսված է հիմնականում նոր զարգացող տնտեսությունների համար, որոնք ներդրումային տեսանկյունից խոցելի են՝ ռիսկային։ Այս գործիքի ներդրումը իրենից ենթադրում է տեղեկատվական էլեկտրոնային հարթակ, ուր օտարերկրյա ներդրողը մուտք գործելով՝ կկարողանա քայլ առ քայլ ծանոթանալ Հայաստանում բիզնես գործընթացը սկսելու բոլոր գործառույթներին՝ սկսած ընկերության գրանցումից մինչեւ ժամանակավոր գրանցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալը։ Հարթակում տեղադրված են բոլոր գործընթացների նմուշաձեւերը, կոնկրետ կառույցների նկարներով, հասցեներով, աշխատակիցների աշխատանքային տվյալներով եւ բոլոր անհրաժեշտ վճարներով։
Այսինքն՝ ցանկացած ներդրող կայքը որպես բիզնեսի գրանցման ուղեցույց կիրառելով՝ կկարողանա առանց կողմնակի անձանց միջամտության, գրանցել բիզնեսը եւ անցնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով ինքնուրույն՝ զերծ մնալով նաեւ կոռուպցիոն ռիսկերից։ Դիմումի հայտը լրացնելը եւս առավելագույնս պարզեցվել է, եւ ներդրվել են բոլոր գործիքները, որպեսզի ներդրողը այսուհետ կազմակերպված, հստակ, ընկալելի իրականացնի իր ներդրումային ողջ պրոցեսը։
Այս ծրագիրը մեծապես կօգնի ավելի պարզ ու հասանելի դարձնելու տեղեկատվությունը ներդրողների համար եւ այդ վարկանիշում կնպաստի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը։ Ծրագիրը իրականացվել է 332 հազար եվրո արժողությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Այս ընթացքում իրականացվել են հետազոտություններ՝ բացահայտելու ներդրումները խոչընդոտող ընթացակարգերն ու գործընթացները։
«Բիզնես Արմենիայի» ներկայացուցիչների կողմից իրականացված փորձագիտական գնահատականների համաձայն՝ շատ դեպքերում ներդրողների սպասելիքները Հայաստանի բիզնես միջավայրից չէին համապատասխանում իրականությանը երկիր այցելելուց հետո։ Իսկ այս դեպքում ներդրողի համար բիզնեսի գրանցման բոլոր ընթացակարգերը կլինեն հստակ ու առավել իրատեսական։ 
Այս բիզնես ուղեցույցի գործարկումն ուղղված է երկրի բիզնես միջավայրի վստահությանը, թափանցիկության աճին եւ, ինչը նաեւ կարեւոր է, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Ամռանը ՄԱԿ—ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի փորձագետները եռօրյա այցով եկել էին Հայաստան եւ սկսել հիմնադրամի գործարարների աջակցության խմբի մասնագետների վերապատրաստումը։ Միջազգային փորձագետները քարտեզագրել էին Հայաստանում բիզնեսի գրանցման գործընթացները, պարզել բիզնեսի գրանցման ընթացքում ծագող բոլոր խնդիրները եւ առաջարկություններ արել գործընթացը հնարավորինս պարզեցնելու ուղղությամբ՝ առանց նույնիսկ օրենսդրական փոփոխություններ անելու։ Քարտեզագրվել եւ առցանց նկարագրվել են ներդրումներին վերաբերող ամենաբարդ եւ կարեւոր 12 ընթացակարգերը։
ՄԱԿ—ի զարգացման ծրագիրը կարեւորել է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավումը եւ վստահություն հայտնել, որ աշխարհի 30 երկրներում իրենց մասնագիտական փորձը արդյունավետ կլինի նաեւ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների խթանման համար։
Հայկ Միրզոյանը տեղեկացրեց, որ ծրագրի ավարտից հետո, սակայն, ընթացակարգերի պարզեցումը կշարունակվի, իսկ գործընթացների հետագա պարզեցումն էլ ավելի կբարելավի ներդրումային միջավայրը։
«Մենք արդեն իսկ ընտրել ենք նմանատիպ 12 ընթացակարգեր, քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալուց սկսած՝ պարզեցնելու ենք նաեւ երկակի նշանակության ապրանքների ստացման, մտավոր սեփականության ստացման, մաքսային արտոնություններից օգտվելու ընթացակարգերը, եւ դրանք ծրագրի շրջանակներում տեղադրվելու են էլեկտրոնային հարթակում։ Չենք սահմանափակվելու այս 12 ընթացակարգով։ Կառավարության հետ համագործակցելու արդյունքում կընտրենք եւս մի քանի ընթացակարգ»,–ասաց Հայկ Միրզոյանը։
Կայքի լեզուն առայժմ կլինի անգլերենը, իսկ հետագայում նաեւ ռուսերենը եւ այլ լեզուներ։ Կայքի անվանումը դեռ հստակեցված չէ, դեռեւս կատարվում են նախապատրաստական աշխատանքներ նախքան պաշտոնական գործարկումը։ Ինչ վերաբերում է կայքի վերաբերյալ ինֆորմացիայի տարածմանը եւ գովազդային արշավին, ապա, Հայկ Միրզոյանի տեղեկացմամբ, նախատեսված է գովազդային միջոցառումների իրականացում ինչպես համացանցի, այնպես էլ լրագրողների եւ գործարար շրջանակների հետ հանդիպումների միջոցով։ Կտպագրվեն նաեւ տեղեկատվական բրոշյուրներ։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]