Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Արմենպրեսը» տոնում է 100-ամյակը. հոբելյանի կապակցությամբ գործակալությանը շնորհավորել են ստեղծագործական միությունները

«Արմենպրեսը» տոնում է 100-ամյակը. հոբելյանի կապակցությամբ գործակալությանը 
շնորհավորել են ստեղծագործական միությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը, որը տարիներ շարունակ մեծ պատասխանատվությամբ անդրադարձել է հանրությանը հուզող կարևորագույն հարցերին, դեկտեմբերի 18-ին տոնում է հիմնադրման 100-ամյակը:

Այդ առիթով գործակալությանը շնորհավորել են ստեղծագործական միությունների նախագահները:

«Շատ լավ ծանոթ եմ «Արմենպրես» լրատվական գործակալությանը: Հիշում եմ, երբ գործակալության 90-ամյակին հրատարակվեց «Արմենպրես»-ի պատմության ժողովածուն, ինձ զարմացրեց դրա հագեցվածությունը: Նախ Հայաստանին, հետո էլ աշխարհին ներկայացնելու առաքելությունը շատ բարձր մակարդակով է իրականացրել հատկապես Խորհրդային Միության տարիներին, երբ միակ լրատվական գործակալություն էր, որը լայնամասշտաբ գործունեություն էր ծավալում»,-նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ անկախության տարիներին «Արմենպրեսը» պահպանեց իր կարևորությունը և այսօր լրատվություն է ներկայացնում տարբեր լեզուներով. այն բազմանկյուն անդրադառնում է նաև  մշակութային կյանքին:

«Այսօր դժվար է պատկերացնել Հայաստանի մշակութային իրադարձությունների լուսաբանումն առանց «Արմենպրեսի»: Ցանկանում եմ, որ բոլորեք երկրորդ հարյուր տարին երիտասարդական ավյունով լի»,-շեշտեց Միլիտոնյանը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների նախագահ Հարություն Խաչատրյանը, շնորհավորելով գործակալության հոբելյանը, ընդգծեց, որ, լինելով ավանդույթների կրող, լինելով մեր երկրի կարևորագույն իրադարձությունների վավերագրող՝ տասնամյակներ շարունակ «Արմենպրեսը» կարողացել է մնալ առաջնահերթ տեղեկատվության աղբյուր:

«Անցնելով կայացման ու ճանաչելիության դժվարին ճանապարհ՝ դուք տվել եք լրագրողական սերնդի փառահեղ ներկայացուցիչներ, որոնք բարձր են պահել մասնագիտության ու ստորագրության պատիվը:

Այսօր էլ, լինելով Հայաստանի մեդիա-ոլորտի առաջատար, դուք նույն պատվախնդրությամբ, մասնագիտական նույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ, վարպետության անփոփոխ սահմանագծով, ազատ խոսքի ու խոսքի ազատության ճիշտ ընկալմամբ շարունակում եք այն ավանդույթները, որոնց ակունքներում եք: Շարունակում եք ներկայացնել Հայաստանը տեղեկատվական աշխարհում:

Շնորհավորում եմ «Արմենպրեսի» ողջ անձնակազմին, լրագրողական թիմին, ընթերցողներին և մաղթում երկար ճանապարհ ձեր դժվարին առաքելությունն իրականացնելիս»,-իր բարեմաղթանքները գործակալությանն ուղղեց Խաչատրյանը: 

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ «Արմենպրեսն» այն եզակի գործակալություններից է, որը միշտ կանգնած է եղել թատրոնի կողքին, միշտ բարձրացրել է թատրոնի հրատապ խնդիրները, արձագանքել հուզող հարցերին: «Լիահույս եմ, որ հետագայում էլ մեր համագործակցությունը շարունակվելու է, և մենք հնարավորություն ենք ունենալու «Արմենպրեսի» միջոցով հանրությանը հասցնել մեր առջև ծառացած խնդիրները: Մաղթում եմ անսպառ գործունեություն և նորանոր ձեռքբերումներ»,-եզրափակեց Ղազանչյանը:

 «Արմենպրեսը» հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, լուսանկարչական նորություններ:

«Արմենպրեսի» թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյանլ րատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով:

Գործակալությունն ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված տվել ադրբեջանական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]