Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արեգունի գյուղի շինություններում խաչքարերի բեկորներ են գտնվել

Արեգունի գյուղի շինություններում խաչքարերի բեկորներ են գտնվել

ԳԱՎԱՌ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղում վերջին տարիների ընթացքում կատարված շինարարության ժամանակ հին պատերի միջից խաչքարերի բեկորներ են դուրս եկել, որոնք պահպանվում են Արեգունի գյուղի բնակիչ Հրանտ Աբգարյանի առանձնատան բակում: Իսկ խաչքարաբեկորներին շատ մոտիկ, Արեգունու վարչական շենքի դիմաց, Վարդենիս-Շորժա մայրուղու հարավային եզրին է տեղադրված հոգեւորականի պատկերով ու հայատառ արձանագրությամբ տապանաքարը, որը թվագրված է 1551 թվականով եւ նվիրված է Մակարիոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը, Արեգունին միջին դարերում կրել է Սատանախաչ անունը, որին մահմեդական բնակչությունը տվել է Գյունեյ օտարահունչ անվանումը: 1988 թվականի վերջերից գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով: Տեղի թուրքալեզու բնակչությունը ժամանակի ընթացքում, 18-20-րդ դարերի ընթացքում հասցրել է տարածքից ջնջել հայկականության հետքերը, սակայն հողի տակ կամ շինությունների պատերի մեջ պահպանվել են տապանաքար ու խաչքարների բեկորներ:

«Տապանաքարը գտնվում էր ցանկապատի ներսում՝ արձանագրության կողմը թաղված հողի տակ, գիր չպարունակող կողմը՝ հողի երեսին: Իսկ խաչքարերի բեկորները գտնվել են մեր համագյուղացի Հրանտ Աբգարյանին պատկանող գոմի պատերի մեջ: Արեգունու տարածքում նկատվում են հին գերեզմանոցների հետքեր, իսկ շինարարական աշխատանքների ժամանակ հողի տակից մարդկային կմախքներ են դուրս եկել: Չի բացառվում, որ առաջիկայում մեր գյուղի տարածքում ի հայտ գան հայկականության մասին վկայող պատմական նոր հուշարձաններ»,-պատմեց Սոս Հովհաննիսյանը: Հրանտ Աբգարյանի ներկայացմամբ՝ փլվել էր իրենց գոմի հողաշեն ու հին պատը, որը հարկ եղավ հեռացնել ու նորը կառուցել:

«Այդ փլվածքը վերացնելու ընթացում էլ քար ու հողի կույտերի միջից դուրս եկան խաչքարերի 3 բեկորները, որոնք այսօր պահպանվում են մեր հողամասի տարածքում: Քանի որ այդ բեկորների վրա գրի հետքեր չեն պահպանվել, չենք կարողանում հստակ ասել, թե որ ժամանակներում են պատրաստվել այդ խաչքարերը»,-նշեց Հրանտ Աբգարյանը: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց- թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանի ներկայացմամբ՝ Արեգունիում գտնված տապանաքարի գիրը վերծանված է: Տապանաքարը, որը պատրաստվել է 1551 թվականին, նվիրված է հոգեւորական բարձր կոչում ունեցող Մակարիոսին: «Արեգունիում մենք ունենք պետական գրանցում ունեցող երկու հուշարձան՝ Մակարիոսի տապանաքարը եւ 17-րդ դարի մի խաչքար, որը գտնվում է նույն տապանաքարից մոտ 100 մետր հեռավորությամբ, կենտրոնական ճանապարհի եզրին: Ինչ վերաբերում է նորահայտ խաչքարերի բեկորներին, դրանք մեր կողմից կհաշվառվեն եւ կուսումնասիրվեն: Չի բացառվում, որ այդ գյուղում նոր կարեւոր հուշարձաններ ի հայտ գան, քանի որ երկարատև տիրապետության ընթացքում թրքախոս նախկին բնակիչները հայկական տապանաքար-խաչքարերը կամ որպես շինանյութ են օգտագործել, կամ ջարդուփշուր են արել, թաղել հողի տակ»,-ընդգծեց Գոռ Գասպարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]