Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Բարեկամություն»-ը տարին կփակի աշխարհի ժողովուրդների պարերով

«Բարեկամություն»-ը տարին կփակի աշխարհի ժողովուրդների պարերով
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պարարվեստի ավանդույթները կրող եւ սերունդներին փոխանցող Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթն այսօր երեկոյան՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, տարին կփակի տոնական մեծ համերգային ծրագրով։ Անսամբլից բացի, երեկոյին մասնակցում են նաեւ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի սաները՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ, եւ «Բարեկամություն» պետական անսամբլի ստուդիայի սաները՝ Լարիսա Մեհրաբյանի գլխավորությամբ։
«Բարեկամություն» պարարվեստի պետական համույթի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ համերգային ծրագրում ընդգրկված են հայկական եւ այլ ժողովուրդների պարեր։ Կհնչեն՝ «Գարուն—Երեւան», «Լեռնեցիներ», «Վարդագույն աղջիկներ», «Ուզունդարա», «Բուլղարական պար», «Սիրեցի, յարս տարան», «Աշխարհումս», «Հրեական հարսանյաց պատկեր», «Կյանք», «Ռուսական պար», «Ազգագրական պարերի շարք», «Հունական պար», «Վալս», այլ պարային կատարումներ։ «Բավական երկար ժամանակ մենք չէինք պարել տարբեր ազգերի պարերը։ Խմբի ցանկությամբ որոշեցինք կազմակերպել այս տոնական համերգը, այդպիսով նաեւ շնորհավորել մեր ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը»,–նշեց Մեհրաբյանը։
Հանդիսատեսը հնարավորություն կունենա բեմում տեսնելու ռուսական, ուկրաինական, բելառուսական, վրացական, հրեական, արաբական, բուլղարական, հունական, գնչուական եւ հնդկական ժողովրդական պարեր։ Աշխարհի ժողովուրդների պարերից բացի, անսամբլն ունի նաեւ դասական եւ ժամանակակից բեմադրություններ։ Հայկական պարերը բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ—Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, այլ ստեղծագործողների մշակումների հիման վրա։ Վերհիշելով համույթի հիմնադրման տարիները՝ Մեհրաբյանը պատմեց, որ երբ իրեն 1987 թվականին առաջարկել են բացել պետական պարախումբ, պայման է եղել՝ այն անպայման անվանել «Բարեկամություն» եւ ներկայացնել հանրապետությունների մշակույթները։ «Համույթը հեշտ չծնվեց։ Այն պետք է տարբերվեր եղած մյուս կոլեկտիվներից, ունենար իր սեփական «դիմագիծը»։ Հայկական պարերի նոր մշակումները, աշխարհի ժողովուրդների հարուստ ֆոլկլորը, դասական շատ ստեղծագործությունների յուրովի ու նոր մեկնաբանումները կազմեցին անսամբլի ծրագրի հիմքը։ Մեր հաջողության բանաձեւը դարձավ՝ պրոֆեսիոնալ մոտեցումը, քրտնաջան աշխատանքը եւ սերը դեպի պարարվեստը»,–պատմեց համույթի գեղարվեստական ղեկավարը՝ հավելելով, որ հիմնադրման հենց սկզբում «Բարեկամությունը» հանրությանը գրավեց հենց իր բազմաժանր պարացանկով։
Հայկական ազգային պարը համույթը ներկայացրել է դասական, խորեոգրաֆիկ ոճով։ Բացի հայ դասական կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունների հիման վրա բեմադրված պարերից, ներկայացրել է նաեւ պարային համարներ Մոցարտի, Բորոդինի, Էլթոն Ջոնի, Կառլ Օրֆի, այլ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա։ «Բարեկամությունը» ստեղծման առաջին իսկ տարիներից, Մեհրաբյանի խոսքերով, հաջողությամբ հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում՝ ԱՄՆ—ում, Գերմանիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Իտալիայում, Անգլիայում, Չինաստանում, Ֆրանսիայում՝ արժանապատվորեն եւ բարձր մակարդակով ներկայացնելով հայկական պարարվեստը։ Համույթի կազմն ընդգրկում է 40 պարող—պարուհիներ «Բարեկամություն» ստուդիայից եւ Երեւանի պետական պարարվեստի ուսումնարանից։ «Մենք պարբերաբար մասնակցում ենք նաեւ պետական տոների, հոբելյաններին նվիրված միջոցառումների, փառատոների, միջպետական միջոցառումների, ինչպես նաեւ նախաձեռնում եւ իրականացնում ենք միջազգային համատեղ ծրագրեր»,–մանրամասնեց համույթի գեղարվեստական ղեկավարը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]