Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» իրազեկման ծրագիրը նպաստում է մանկաբույժի վարկանիշի բարձրացմանը համայնքում

«Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» իրազեկման ծրագիրը նպաստում է 
մանկաբույժի վարկանիշի բարձրացմանը համայնքում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) , «Ընտանիքի ակադեմիան» ու ՀՀ առողջապահության նախարարությունը  2017 թվականի աշնանը մեկնարկած  «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» իրազեկման ծրագրով բացում են  երկուստեք առողջ ու արդյունավետ փոխհարաբերությունների գաղտնիքը, ամրապնդում մանկաբույժ-ծնող կապը, ինչպես նաև բարձրացնում համայնքներում մանկաբույժի վարկանիշը: Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում անցկացված ծրագրին մասնակցել է ավելի քան 250 մանկաբույժ: Ծրագիրն իրականացնող թիմը հանդիպումներ էր ունենում համայնքների մանկաբույժների հսկողության տակ գտնվող երեխաների ծնողների հետ, ովքեր լրացնում էին նախագծի համար մշակված թեստերը: 35 հարցից բաղկացած թեստերի առաջին 30 հարցերը վերաբերում էին երեխայի աճին, խնամքին ու զարգացմանը, հաջորդող հինգը` ընտանիքում ֆիզիկական ու հոգեբանական բռնությանը, երեխայի կյանքում հոր դերակատարմանը: Թեստերին հաջորդում էին սեմինարները, որոնց ընթացքում մանկաբույժ Մարի Մարտիրոսյանն անդրադառնում էր առաջին 30 հարցին, որպեսզի մայրիկները սխալ պատասխաններով տպավորված տուն չգնային, իսկ մյուս հինգ հարցերն ամփոփում էր «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ ծրագրերի ղեկավար Գոռ Պետրոսյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում  չթաքցրեց. ծրագրի ամենազգացմունքային  մասի պատասխանատուն ինքն էր:  Ծնողների բռնությանը վերաբերող հարցերի պատասխաններից թիմը չէր զարմացել` հաշվի առնելով մեզանում արմատացած բարդույթներն ու մտածելակերպը:  Հարցին, «Արդյո՞ք երեխային հասցրած մեկ ապտակը բռնություն է, թե ոչ», ծնողների  զգալի մասը պատասխանել է` այո: Ցավալի է, երբ  ծնողի ներաշխարհում կուտակված խնդիրների, չստացված կյանքի զոհը երեխան է դառնում` ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական բռնության: Հաճախ ծնողի խոսքը հեղինակություն չէ երեխայի համար և դա ևս ընտանիքում ոչ առողջ հարաբերությունների արդյունք է»,-նշեց Գոռ Պետրոսյանը, հավելելով, որ սեմինարների ավարտին եղել են ծնողներ, ովքեր չեն կարողացել թաքցնել արցունքները:

Լուսանկարները՝ Բաիայնա Մահարիի

Անդրադառնալով երեխայի կյանքում հոր դերակատարման մասին հարցադրումներին, «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ ծրագրերի ղեկավարը վստահեցրեց` երեխայի հետ կոմունիկացվելու լավագույն տարբերակը կյանքի առաջին տարիներին նրա խնամքով զբաղվելն է, նրա հետ ժամանակ անցկացնելը: «Երբ ծնողը դա անում է փոքր տարիքում, այն մեսիջները, որոնք պետք է տալ երեխային հասուն ժամանակ, ավելի հեշտությամբ են ընկալվում երեխայի կողմից»,-նկատեց նա:

Մանկաբույժների հետ ծնողների հարաբերությունների մասին խոսելով, Գոռ Պետրոսյանը կարևորեց մանկաբույժի կողմից կենցաղային ու աշխատանքային առօրյայի ճիշտ կազմակերպումն ու ժամանակի արդյունավետ բաշխումը: «Եվ հենց այստեղ մենք մեր  թիրախային մեսիջն էինք ուզում տեղ հասցնել, որ մանկաբույժը  պիտի ինքն իրեն ժամանակ տրամադրի, զբաղվի սիրած գործերով, քանզի երբ քո կյանքը պարփակվում է աշխատանքի և տան սահմաններում, ու երկու տեղում էլ պարտականություններ են և դու մոռանում ես քո «ես»- ի պահանջմունքների, ինքդ քեզ սիրելու և քեզ հետաքրքիր լինելու մասին, ուրեմն դու սպառվելու ես`  դառնալով անհետաքրքիր մարդ ինքդ քեզ ու շրջապատի համար: Միայն ինքդ քո մասին  հիշելով, ինքդ քեզ սնուցելով և նախաձեռնելով քո կյանքում հետաքրքրությունների մուտքը, դու կկարողանաս  աշխարհին տալու բան ունենալ և այստեղ արդեն քո և′ լավ տրամադրությունը, և′ անախորժ բաների վրա աչք փակելու, և′ լավատեսորեն առաջ շարժվելու ուժն ակամա է գալու»,-բացատրեց  ծրագրերի  ղեկավարը:  

Նա ուրախությամբ փաստեց, որ թեստերի հարցերից մեկին, թե ծնողներն ում կամ ինչն են համարում իրենց համար տեղեկատվության հուսալի աղբյուր, երբ խոսքը գնում է երեխայի խնամքին, աճին ու զարգացմանը, մայրիկների մեծ մասը նշել էր մանկաբույժի անունը:

ՅՈւՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման բաժնի ղեկավար Լիանա Հովակիմյանը մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ շատ մարզերում, մանկաբույժները հաճախ բավարար ժամանակ չեն հատկացնում իրենց գիտելիքները ծնողներին փոխանցելու համար: «Սրանում չեմ կարող մեղադրել միայն  բուժաշխատողներին, հասկանում եմ, իրենց էլ է պետք մոտիվացիա, հատուկ պայմաններ, բայց ամեն դեպքում իրենց աշխատանքի արդյունքն ավելի տեսանելի կլինի, եթե ժամանակ չխնայեն և ծնողներին մանրամասն բացատրեն երեխայի սնուցմանը, առողջությանը, զարգացմանը վերաբերող մանրամասները»,-ասաց նա:

Հովակիմյանի խոսքով՝ դեռ սովետական ժամանակաշրջանից բժիշկները հեղինակություն են հանդիսանում բնակչության համար և դա այն լծակն է, որը պետք է առավելագույնս օգտագործել ծնողներին ճիշտ ինֆորմացիա հասցնելու համար:

«Ընտանիքի ակադեմիա»-ի անդամները՝ ոգևորված ծրագրի արդյունքներից ու մասնակիցների արձագանքից  պլանավորում են զարգացնել այս ձևաչափի իրազեկման ծրագրերի գաղափարը:  Ընտանիքի պլանավորման, երջանիկ անհատ մեծացնելու, սեփական երեխայի հետ նույն լեզվով խոսելու կարողությունը շատ է պակասում մեր հասարակությանը, և մենք մտածում ենք 2019 թվականին ավելի մասսայական, լայն ընդգրկում ունեցող լուրջ աշխատանք սկսել»,- եզրափակեց Գոռ Պետրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]