Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ


ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 13-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի (Marta Nováková) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, զրույցի սկզբում դեսպանը շնորհավորեց նախարարին տնտեսական ոլորտը համակարգող նախարարի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այդ կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնտեսության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ նախորդ տարվա համեմատ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 72%-ով, հասնելով 53.6 մլն․ ԱՄՆ դոլարի։ Առևտրի աճին են նպաստել Հայաստանում ընթացող բարեփոխումները և տնտեսական հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը, որի 4-րդ նիստը շուտով տեղի կունենա Պրահայում։ Չեխական կողմը դրական համարեց այն հանգամանքը, որ չեխական «CINK Hydro–Energy k.s.» ընկերության արտադրած տուրբինները լայնորեն օգտագործվում են Հայաստանի փոքր հիդրոկայանների նախագծերում։

Դեսպան Սեյրանյանն ընդգծեց, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը կարող է չեխական բիզնեսի համար լավ հարթակ հանդիսանալ ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև իրանական 80-միլիոնանոց շուկաներ մուտք գործելու համար, և խնդրեց Չեխիայի տնտեսական գերատեսչության հորդորը երկրի գործարար աշխարհին Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով։ Դեսպանը նշեց, որ ՀՀ կառավարությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդնողների համար, իսկ չեխ գործարարները կարող են լուծել աշխատուժի պակասի խնդիրը՝ արտադրությունների մի մասը տեղափոխելով Հայաստան, որտեղ առկա է հմուտ, բայց և ավելի էժան աշխատուժ։ Ըստ հայկական կողմի տեղեկությունների, չեխական մի շարք ընկերություններ հետաքրքրված են Սյունիքում բացված ազատ տնտեսական գոտում գործունեության ծավալմամբ։

Անդրադառնալով Հայաստանում աննախադեպ աճ արձանագրող ՏՏ ոլորտին՝ Տիգրան Սեյրանյանը տեղեկացրեց, որ այդ բնագավառում մեծ հաջողություններ արձանագրած «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մեծ ճանաչում է գտել ամբողջ աշխարում, վերջերս կենտրոն է բացել նաև Փարիզում և քննարկվում է Պրահայում մասնաճյուղ բացելու հնարավորությունը։

Մարթա Նովակովան նշեց, որ չեխ-հայկական փոխադարձ համագործակցությունը մեծ ներուժ ունի և կարող է շատ օգտակար լինել երկու կողմերի համար: «Շատ ուրախ եմ, որ ես և դեսպանը համաձայնեցինք, որ երկու երկրներն, ըստ էության, համանման զարգացման գերակայություններ ունեն երկրների արդյունաբերական և առևտրային քաղաքականության մեջ», - հավելեց նախարարը։

Հանդիպման ավարտին քննարկվեցին նախարարական մակարդակով փոխայցելությունների հնարավորությունները և առաջիկայում Չեխիայի մայրաքաղաքում անցկացվելիք հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի օրակարգը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ