Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»- ը, Խնկո-Ապոր  գրադարանը  և «Էդիթ Պրինտ»-ը հոբելյանները նշում են նոր հրատարակված մանկական գրքերի ցուցահանդեսով

«Արմենպրես»- ը, Խնկո-Ապոր  գրադարանը  և «Էդիթ Պրինտ»-ը հոբելյանները նշում են 
նոր հրատարակված մանկական գրքերի ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում բացվեց գրքի  ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, և «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ  Կարապետյանը նշեց, որ «Էդիթ Պրինտ»-ն իր գործունեությունը սկսել է մութ և ցուրտ տարիներին, և ամեն ինչ արել է, որ մանուկների , պատանիների և մեծահասակների համար լավ գրքեր ստեղծվեն: Շնորհավորելով գործընկերներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանն ու Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանին հոբելյանների առիթով, Կարապետյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը ևս շնորհավորեց «Արմենպրես»-ի լավ բարեկամներ «Էդիթ Պրինտի»-ին և Խնկո-Ապոր գրադարանին հոբելյանների առիթով, ապա՝ դիմելով միջոցառմանը ներկա փոքրիկներին, ընդգծեց. «Հույս ունեմ,  որ  տարիներ հետո դուք էլ կլինեք գրքի պաշտպաններ, քարոզողներ, հեքիաթի գեղեցկությունը ձեր մեջ պահող մեր անկախ երկրի նոր, գեղեցիկ սերունդը»:

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սպասարկման աշխատանքների գծով փոխտնօրեն Ռուզաննա  Թելունցն էլ հավելեց, որ գրադարանում բացված ցուցահանդես-տոնավաճառի նպատակն ընթերցասեր հասարակությանը նոր լույս տեսած գրքերի հետ ծանոթացնելն է:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը «Արմենպրես» գործակալության 100-ամյակի առիթով գործակալության տնօրենին նվիրեց Հայաստանի վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» գիրք-ալբոմը, իսկ Խնկո-Ապոր գրադարանին հոբելյանի առիթով տրամադրեց նոր հրատարակված մանկական գրքերի օրինակները:

Միջոցառման վերջում դերասան Ստեփան Շահինյանը փոքրիկներին ներկայացրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթները:

Մանկական գրքի ցուցահանդես-տոնավաճառը կգործի նաև դեկտեմբերի 15-ին։

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Գրքի ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում կանցկացվեն մի շարք նոր ստեղծագործությունների շնորհանդեսներ, տարբեր տարիքի ընթերցողների համար նախատեսված գրքերի մեծ ցուցահանդես-վաճառք, կինոդիտում: «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը դեկտեմբերի 12-ին «Արմենպրես»-ի մամուլիս սրահում կայացած ասուլիսում տեղեկացրել էր, որ ընթերցասերներին կներկայացվեն հրատարակչության ինտերակտիվ գրքերը, մասնավորապես, Խնկո-Ապոր «Առակներ»-ը և Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը: Դրանց շնորհանդեսին կհաջորդի Շերլոք Հոլմսի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, քանի որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը վերջերս լույս էր ընծայել Շերլոք Հոլմսի մասին պատմող վեց հատորից բաղկացած գործերի ամբողջական հավաքածու։ Նախատեսված է նաև Հովհաննես Թումանյանի «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն գրքի շնորհանդեսը: Ընտրանին ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Ընթերցասերներին կներկայացվի նաև Սամվել Բիշարյանի «Hello, Adam» գրքի շնորհանդեսը: Գրքի 7 պատմվածք քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մասին է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]