Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Ինչպես լուծել ընտրություններին մասնակցողների թվի խնդիրը


ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցեց ընտրացուցակներում ընդգրկված 2 մլն 592 հազար 479 քաղաքացիներից 1 միլիոն 260 հազար 840-ը կամ 48.63 տոկոսը: Սա երրորդ հանրապետության պատմության համապետական ընտրություններում արձանագրված ամենացածր ցուցանիշն էր` տոկոսային առումով: Եվ այդ հանգամանքը հիմք տվեց խոսելու ընտրություների նկատմամբ անվստահության մակարդակի մասին: Մինչդեռ թվաբանական վերլուծությունը ցույց է տալիս միանգամայն այլ պատկեր:

Երրորդ հանրապետության պատմության մեջ ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ՀՀ անկախության հանրաքվեի ժամանակ: 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեին մասնակցել էր ընտրողների 95.5 տոկոսը՝ քվեարկելու իրավունք ունեցող  2 մլն 163 հազար 967 ընտրողից 2 մլն 56 հազար 758-ը:  Սովորաբար, Հայաստանում մասնակցության բարձր ցուցանիշ արձանագրվել է նախագահական ընտրությունների ժամանակ: Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը նախագահական բոլոր ընտրություններում գերազանցել է 60 տոկոսը: Ամենաբարձր ցուցանիշը 1991թ. նախագահական առաջին ընտրություններում էր, երբ մասնակցեց քվեարկության իրավունք ունեցողների 74 տոկոսը: Իսկ ամենաքիչ մասնակցությունն արձանագրվել է 2013թ. նախագահական ընտրություններում. այն ժամանակ առանցքային քաղաքական ուժերը` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ չառաջադրեցին թեկնածու ու չսատարեցին որևէ մեկին, և, ըստ էության, պարզ էր` ընտրությունների վերջնարդյունքը: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցեց քվեարկելու իրավունք ունեցողների 60.18 տոկոսը: Իսկ ահա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մասնակցության ցուցանիշը մշտապես շատ ավելի ցածր է եղել: Սա, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային ընկալման մեջ նախագահական ընտրություններն ավելի են կարևորվել` որպես իշխանության ձևավորման միջոց: Իսկ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն այլ է եղել:

Նորանկախ Հայաստանում խորհրդարանական առաջին ընտրություններն անցկացվեցին 1995թ. սահմանադրական հանրաքվեի հետ մեկտեղ: Ընտրություններին մասնակցեց քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 55.6 տոկոսը: 1999 թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 51.74 տոկոսը, 2003 թ. ընտրություններին`52.70 տոկոսը: 2007թ. ԱԺ ընտրություններին մասնակցեց քվեարկության իրավունք ունեցողների 59.4 տոկոսը: ԱԺ ընտրությունների պատմության ընթացքում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը եղել է 2012թ. 62.34 տոկոս, իսկ արդեն 2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին` մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60.87 տոկոսը:

 

1999

2003

2007

2012

2017

2018

Ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը


2.198.544

 

2.340.744

2.317.810

2.522.906

2.588.468

2.592.479

Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը


1.137.660

 


1.233.757

 

1.375.733

1.572.858

 

1.575.786

 

1.260.840

Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը տոկոսային հարաբերակցությամբ

51.74 %

52.70%

59.4%

62.34%

60.87%

48.63%

ՀՀ մշտական բնակչության թիվը` հունվարի 1-ի դրությամբ

 3.232.100

3.210.300

3.222.900

 3.021.400

2.986 500

 2.972.900

Արձանագրենք. վերջին տարիներին Հայաստանում աճել է ընտրացուցակներում ընդգրկված անձանց թիվը, և սա`բնակչության թվի նվազմանը զուգահեռը: Այսինքն` երկրի իրական բնակչությունն ավելի քիչ է, քան ընտրացուցակներում առկա քաղաքացիների թիվը: Ու եթե հաշվի առնենք այսօր երկրում բնակչության թիվը (նաև այն, որ ԱԺ արտահերթ ընտրություններում չեն կիրառվել նախկինից հայտնի մեթոդները` ընտրակաշառք, վերահսկողություն և մարդկանց կազմակերպված քվեարկության տանել), ապա կարելի է պնդել` ընտրություններին այնուամենայնիվ, բավական շատ մարդ է մասնակցել` հիմնական քաղաքականացված զանգվածը, որը ՀՀ-ում բնակվող քաղաքացիների զգալի մեծամասնությունն է: Պարզապես, դժվար է ճշգրիտ համեմատականներ անցկացնել ու հստակ թիվ մատնանշել՝ հաշվի առնելով փաստը, որ չկա հստակ վիճակագրություն:

Խնդիրն, իհարկե, ունի լուծում. ՀՀ օրենսդրությամբ սահմանել համապատասխան կարգավորումներ: Մասնավորապես՝ համաձայն օրենքի պահանջի՝ անհրաժեշտ է մաքրել ընտրական ռեգիստրը Հայաստանից մշտապես և առավելապես բացակայող քաղաքացիներից: Ըստ այդմ՝ ՀՀ-ից մեկ տարուց ավելի բացակայող քաղաքացիների անուններն ընդգրկել առանձին ցուցակում` պահպանելով նրանց քվեարկելու իրավունքը: Նախորդ խորհրդարանում ներկայացված ուժերն ԸՕ-ում փոփոխությունների ժամանակ մշտապես ներկայացրել են նման առաջարկ, սակայն նախկին իշխանությունները մերժել են դրանք: Հիմա ժամանակն է ԸՕ-ում փոփոխություններ անելու և ընտրողների ցուցակները ճշգրտելու, մաքրելու համար: 

Արման Գալոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ