1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ամփոփվել են Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի երկու տարվա աշխատանքային գործունեության արդյունքները

Ամփոփվել են Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի երկու տարվա 
աշխատանքային գործունեության արդյունքները

ԳԱՎԱՌ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքային համայնքի ավագանին ամփոփել է համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի երկու տարվա աշխատանքային գործունությունը՝ այն համարելով դրական ձեռքբերումների ժամանակաշրջան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից, վերջերս լրացել է Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի պաշտոնավարման երկու տարին, որի ընթացքում նկատելի աշխատանքներ են իրականացվել քաղաքի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում: 2016 թվականին նոյեմբեր ամսից սկսվել են համայնքապետարանի վարչական շենքի վերանորոգման աշխատանքները, որոնց արդյունքում կապիտալ վերանորոգման է ենթարկվել վարչական շենքի երրորդ հարկը, վերանորոգումից հետո համայնքապետարանի աշխատասենյակները կահավորվել են նոր գույքով: Մարտունու համայնքի վարչական շենքի երրորդ հարկի վերանորոգման համար համայնքապետարանի բյուջեից հատկացվել է 24 միլիոն դրամ: Արմեն Ավետիսյանի նախաձեռնությամբ 2017 թվականին Սևանա լճի՝ Մարտունի համայնքին հարակից ափամերձ տարածքը մաքրվեց ճահճից, կատարվեց ավազալցում եւ ստեղծվեց լողափ, որտեղ ամռան ամիսներին իրենց ժամանցն են անցկացնում ոչ միայն Մարտունի քաղաքի, այլ նաեւ Հայաստանի տարբեր մարզերից եկող հովեկները, արտերկրից ժամանող հյուրերը: Շարունակվեցին եւ ավարտին հասցվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնավերակառուցման աշխատանքները, որոնք սկսվել էին համայնքի նախկին իշխանության կողմից: Իրականացվեցին եկեղեցու ներքին եւ արտաքին հարդարման, պատերի հարթեցման, գմբեթի վերանորոգման, բեմի, սեղանի, երիցտան կառուցման, բակի հարթեցման եւ սալիկապատման աշխատանքներ:
Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումն ու հիմնանորոգումը իրականացվեց դպրոցակաների, ուխտավորների հանգանակությունների, Մարտունու համայնքապետարանի կողմից կատարված ներդրումների, 100-ից ավելի բարերարների, անհատ քաղաքացիների ջանքերով: Արմեն Ավետիսյանը առանձնահատուկ ուշադրություն հատկացրեց հատկապես համայնքում գործող չորս մանկապարտեզներում առկա խնդիրներին: 2017 թվականի աշնանը սկսվեցին մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին հասցվեցին 2018 թվականի գարնանը: Փոխվեցին մանկապարտեզների դռները, պատուհանները, վերանորոգվեցին սանհանգույցները եւ սենյակները, կատարվեց նաև անհրաժեշտ գույքային համալրում: Մանկապարտեզների վերանորոգման ընդհանուր գումարը կազմել է 15 միլիոն 212 հազ. դրամ, որից 7 միլիոն 400 հազար դրամը հատկացվել է համայնքապետարանի բյուջեի միջոցներից, իսկ մնացած ծախսերը հոգացել են համայնքի գործարարները:
Վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի երեք տանիքներ Թումանյան 3, Երեւանյան 53, Երեւանյան 55 հասցեներում:
Երկու տարվա ընթացքում Մարտունի համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին, զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հաշմանդամներին համայնքի բյուջեից տրամադրվել է 11 միլիոն 161 հազար դրամի ֆինանսական օգնություն:
2017 թվականին համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների որոշմամբ համայնքապետարանի բյուջեից 1 767 900 դրամ տրամադրվեց Մնաց Մելիք- Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում նախակրթարան բացելու աշխատանքներին:
2018 թվականը նշանավորվեց ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներով:

Կատարվեցին ճանապարհների փոսալցման, լայնացման, մայթերի վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ: Մարտունի համայնքում ճանապարհների ընդհանուր երկարությունը 137 կիլոմետր է, որից գրունտային ծածկով փողոցները կազմում են 110, ասֆալտապատը՝ 17,2 կիլոմետր: Համայնքի կենտրոնական հատվածներում առկա են գրունտային ծածկով փողոցներ՝ Գ. Զիրոյան, Թումանյան, Մ.Հերացի, որոնք չէին վերանորոգվել դեռեւս 1980-ական թվականներից եւ գտնվում էին շատ անբարեկարգ վիճակում, իսկ Մյասնիկյան փողոցը, որը համարվում է քաղաքի կենտրոնական փողոցը, նեղ էր այնքան, որ առաջացնում էր երթեւեկության խցանումներ: Հիմնանորոգվել են վերոնշյալ փողոցների եզրաքարերը, ջրահեռացման համակարգերը, դիտահորերը, մայթերը: Այս փողոցներում հիմնանորոգման աշխատանքների իրականցման արժեքը կազմել է 94 միլիոն դրամ, որից 60 տոկոսը իրականացվել է սուբվենցիոն ծրագրով, իսկ 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանի բյուջեից: Հիմնանորոգման աշխատանքներ տարվեցին նաեւ Պռոշյան փողոցում, որի ասֆալտբետոնե ծածկույթը քանդվելով որոշ հատվածներում դարձել էր անանցանելի, քայքայվել էին եզրաքարերը: Նշված հատվածում են գտնվում համայնքի թիվ 3 եւ 4 մանկապարտեզները, եւ բազմաթիվ երեխաներ մանկապարտեզ հաճախում էին ցեխաջրերի միջով: Պռոշյան փողոցի հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքների արժեքը կազմել է 17 միլիոն 750 հազար դրամ, որից 40 տոկոսը իրականացվել է սուբվենցիոն ծրագրով, իսկ 60 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանի բյուջեից:
Սայաթ-Նովա փողոցում կատարվել է Ճանապարհի ասֆալտապատման-հարթեցման աշխատանքներ: Ասֆալտապատվել են նաեւ մանկապարտեզների բակերը:
Համայնքապետի ուշադրության կենտրոնում է գտնվել քաղաքի մաքրությունը: Բետոնապատ կոշտ հարթակով ցանկապատ տարածքներ են կառուցվել նախատեսված աղբատար կոնտեյներների համար, ժամանակ առ ժամանակ կատարվում են աղբամանների քլորաջրով ախտահանում, ժամանակին կատարվում է աղբահանությունը, կուտակված աղբի եւ ավազի հեռացումը, ճանապարհների մաքրումը հողակույտից, փողոցների եւ մայթերի մաքրումը:
«Ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ նաեւ մշակույթի, սպորտի եւ կրթության ոլորտում: Համայնքում գործում է պարի, երգի, ասմունքի խմբակներ, մանկական գեղագիտական կենտրոն: Երաժշտական դպրոցի սան, դուդուկահար Համլետ Հակոբյանը մասնակցել է մի շարք հանրապետական եւ միջազգային մրցույթ փառատոնների եւ հաղթող է ճանաչվել, ինչի արդյունքում այս ամառը համայնքապետարանի հովանավորությամբ մասնակցել է Իսպանիայում կայացած վարպետաց դասերի: Համայնքապետարանի աջակցությամբ համայնքում տեղի են ունենում բազմաթիվ միջազգային կարգի մրցաշարեր: 2018 թ. Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը Եվրոպայի ավագ տարիքի պատանիների մրցաշարում դարձավ բրոնզե մեդալակիր: Առջեւում նոր տնտեսական տարին է, որի ընթացքում քաղաքապետարանը ծրագրել է լրջագույն ձեռնարկներ կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում՝ ճանապարհաշինություն, ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավում, գյուղատնտեսության զարգացում, մշակութային ու մարզական կյանքի աշխուժացում, ձեռնարկատիրության խրախուսում եւ այլն: Մարտունին պետք է դառնա Հայաստանի ամենաբարետես, բարեկեցիկ ու զարգացած քաղաքներից մեկը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստիացրեց քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]