Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժայռապատկերները վերածվում են գորգի

Ժայռապատկերները վերածվում են գորգի

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը պատրաստել է ուշագրավ նախագիծ՝ «Մարկոս Գրիգորյան. Էրեբունիից Երեւան», որը նվիրվում է «Միջին Արեւելքի արվեստ» ցուցադրության 25- եւ Էրեբունի-Երեւանի 2800-ամյակներին:

«Միջին Արեւելքի արվեստ» հավաքածուն սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի նվերն է Հայաստանին, որն ամբողջությամբ պահպանվում է ՀՀ գրականության եւ արվեստի թանգարանում: Այն ներառում է 2500 բնօրինակ ցուցանմուշներ` մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչեւ 20-րդ դարի հայկական, իրանական, եվրոպական, ամերիկյան հոգեւոր եւ նյութական մշակույթի արժեքներ. Էլամի վաղ բրոնզի դարի խեցեղեն, Վանի թագավորության բրոնզ, ղաջարական կերպարվեստ, զարդարվեստ եւ Մ. Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները` հողարվեստ, կերպարվեստ, գորգեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, խոսելով նախագծի մասին` Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ Գրիգորյանի գորգերի բացառիկ հավաքածուի մի մասը ճակատագրի բերումով կորսվել է, եւ պահպանվել են միայն դրանց էսքիզները: Այս նախագծի շրջանակներում «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ընկերությունը հանձն է առել իրականացնել հավաքածուն համալրելու ծրագիրը: Քանի որ Մարկոս Գրիգորյանի գորգերի հիմքում հայկական ժայռապատկերներն են եւ Ուրարտուն, նախագիծը նաեւ թանգարանի կողմից նվեր է Էրեբունի-Երեւանի 2800-ամյա հոբելյանին: «Այս համագործակցության արդյունքում կթողարկվի «Էրեբունի պալատ» հուշանվերային գորգերի 10 օրինակ: Ամիսներ առաջ «Թուֆենկյան ընկերության» հետ սկսեցինք իրականացնել այս նախագիծը: Այն, ինչ այսօր ներկայացնելու ենք, այն տասնյակ եղանակներից մեկն է, որը ծառայեցնում ենք Մարկոս Գրիգորյանի կյանքն ու ստեղծագործությունը հանրայնացնելու նպատակին: Ինչպես գիտեք, 1990-ականների սկզբին նրա ամբողջ հավաքածուն եւ հեղինակային գործերը նվիրվեցին հայրենիքին: Այս ծավալի նվիրատվության երկրորդ դեպքն այլեւս չունեցանք: Ժայռապատկերները, որ նա նկարում, եւ հետո վերածում էր գորգի, առաջարկեցինք «Թուֆենկյան ընկերության» տնօրինությանը, որը սիրով համաձայնեց համագործակցել մեզ հետ: Այսօր կցուցադրվի «Քուռկիկ Ջալալի» կարպետը` բավականին տեսարժան, հրաշալի աշխատանք: Մենք տրամադրում ենք զարդանախշերի օրինակները, «Թուֆենկյանը» պատրաստում է գորգեր, երեք, չորս օրինակ էլ նվիրում թանգարանին:

Ստեղծվում է փոխշահավետ համագործակցություն»,-մանրամասնեց Վարդանյանը: Մարկոս Գրիգորյանի արվեստի յուրահատկությունը, Վարդանյանի խոսքով, նրա բազմաշերտության մեջ է. կերպարվեստ, հողարվեստ, գորգագործություն. «Ամենակարեւորը հողարվեստն է, որի հիմնադիրը նա է համարվում: Այնպիսի պաշտամունք, որ ուներ Մարկոս Գրիգորյանը հողի հանդեպ, դժվար է այլ տեղ տեսնել: Նա ոչ թե ցուցադրական ակնածանք էր տածում, այլ հողը դարձնում էր կերպարվեստի նյութ, եւ ոչ միայն հողը, այլ դրա հետ օրգանական կապի մեջ գտնվող մոխիրը, ավազը, հարդը, ծղոտը եւ այլն»,-ասաց Վարդանյանը` հավելելով, որ իրենց արխիվում պահպանվում են այնպիսի լուսանկարներ, որոնցում պարզորոշ երեւում է, թե ինչպես է Գրիգորյանը հողին պառկած երանություն ապրում: «Շատ խոսուն լուսանկարներ, որ իր արխիվից են փոխանցվել թանգարանին: Դրանցով ավելի հեշտ է լինում վերծանել նրա հողարվեստի աշխատանքները: Հաջորդ յուրահատկությունը նրա գորգագործության մեջ է, որը Գրիգորյանի հետաքրքրությունների շրջանակում հայտնվեց կյանքի ավելի ուշ շրջանում: Նկարում էր հիմնականում ժայռապատկերներ, այծի պատկերներ եւ դրանք վերածում գորգի»,-պատմեց թանգարանի տնօրենը` վերհիշելով նաեւ 1993-ին թանգարանում բացված Գրիգորյանի հավաքածուի առաջին ցուցադրությունը, որի ժամանակ ներկայացվել է նաեւ գորգագործության դազգահ: Այցելուն ոչ միայն ցուցադրությունն է դիտել, այլեւ տեսել է, թե ինչպես է գորգը գործվում. «Հիշում եմ, թե որքան հնարամիտ եւ գեղեցիկ էր մտածված»:

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]