Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Աննա Հակոբյանը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավը


ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանի, փոխնախագահ Մարիան Ստրեյֆ-Ֆելլերի, Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի փոխնախագահ, բարեկամության խմբի անդամ Իզաբել Մորեի, Ազգային խորհրդարանի պատգամավոր, բարեկամության խմբի անդամ Սիբել Արսլանի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի  հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանին ուղեկցում էին Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Կարևորելով հանդիպումն ու բարեկամության խմբի անդամներին անվանելով անձնական բարեկամներ, Աննա Հակոբյանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի ժողովրդին պատմության դժվարագույն ժամանակներում հայ ժողովրդի կողքին կանգնելու և աջակցելու համար: «Շնորհակալությունը երբեք շատ ու ուշացած չի լինում, և ես շնորհակալություն եմ հայտնում շվեյցարացի ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ աշխատանքի, Սպիտակի երկրաշարժի ժամանակ հայ ժողովրդին ցուցաբերած հսկայական ու անմոռանալի աջակցության համար, ինչպես նաև այն օժանդակության համար, որ հայ ժողովուրդը ստացել է վերջին երեսուն տարվա ընթացքում»,-ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված նոր իրողությունները նոր դռներ են բացելու երկկողմ ավելի բարձր մակարդակի համագործակցության համար:

Աննա Հակոբյանն իր խոսքում անդրադարձել է նոր Հայաստանում կանանց դերակատարությանը՝ հավելելով, որ կանանց ներգրավվածության առումով դեռևս ահագին աշխատանք կա կատարելու:

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը՝ շեշտելով, որ արշավի հիմնական առանցքը Ղարաբաղյան հակամարտությունն է, քանի որ եթե երկրում խաղաղություն չլինի, որևէ այլ նախաձեռնություն հնարավոր չի լինի իրականացնել: «Արշավի նպատակն այն է, որ քանի դեռ գնում են բանակցություններ հակամարտության կարգավորման ուղղությամբ, կողմերը միմյանց վրա չկրակեն, երկու ժողովուրդների զավակները չզոհվեն և պետական այրերը բանակցությունների սեղանի մոտ՝ խաղաղ պայմաններում կարգավորեն խնդիրը»,-ասել է Աննա Հակոբյանը՝ անկեղծանալով, որ Հայաստանում իր նախաձեռնությունը շատ լայն արձագանք է գտել, և նրան են միացել ինչպես Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհվածների մայրերը, այնպես էլ հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն վարող կանայք: Աննա Հակոբյանի գնահատմամբ՝  շատ լավ կլիներ, որ արշավն արձագանք գտներ նաև միջազգային հանրության շրջանում, և որքան շատ կանայք միանան նախաձեռնությանն՝ այնքան խաղաղություն ցանկացող կանանց ձայնն ավելի լսելի կդառնա:

Անդրադառնալով «Իմ քայլը» և «City of smile»  հիմնադրամների գործունեությանը, տիկին Հակոբյանը նշել է, որ հիմնադրամների նպատակն է աջակցել՝ լուծելու այն խնդիրները, որոնք ինչ-ինչ պատճառներով կառավարությունը դեռևս չի կարող լուծել: «City of smile» հիմնադրամն ունի մեկ նպատակ՝ կանխարգելել քաղցկեղը: «Հիմնադրամի առաջին նպատակն է անվճար բուժօգնություն տրամադրել մինչև 25 տարեկան քաղցկեղով հիվանդ մարդկանց: Հիմնադրամի գործունեության մի քանի ամիսների ընթացքում արդեն անվճար բուժում է ստանում  63 հոգի: Սակայն ավելի մեծ նպատակ էլ ունենք՝ Հայաստանում տարածաշրջանում քաղցկեղի դեմ պայքարի առաջին մեծ կենտրոնը ստեղծել»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Շնորհավորում եմ Ձեզ այն փայլուն հաղթանակի կապակցությամբ, որ կատարվեց գարնանը: Պետք է փաստեմ, որ այսօր առավել քան երբևէ մեր երկու երկրները մոտ են իրար: Ձեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը կրթական ու գիտակցության բարձր մակարդակի արդյունք էր, որ խաղաղ ճանապարհով կարողացաք արձանագրել այդ փոփոխությունները»,-ասել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանը՝ հավելելով, որ այսօրվա հանդիպումն էլ կարող է համարվել հարաբերությունների վերածնունդ: Մարիան Ստրեյֆ-ֆելլերն էլ շեշտել է, որ իրեն հատկապես ոգևորել է հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանն ուղղված Աննա Հակոբյանի քայլերը:

«Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել և նպաստել, որպեսզի կանայք ավելի ակտիվ լինեն: Ինձ հատկապես հիացրեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը. այդ նախաձեռնության հիմքը զգացմունքներն են և այստեղ կանայք կարող են միմյանց լավ հասկանալ»,- եզրափակել է Մարիան Ստրեյֆ-ֆելլերը:

Հանդիպումից հետո տրված ճաշի ընթացքում կողմերը շարունակել են քննարկել ապագա համագործակցության ուղիները, ներկայացրել մի շարք առաջարկություններ: Ճաշին մասնակցել է Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի նախագահ Մայք Բարոնյանը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ