Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Նիկոլ Փաշինյանը ուղենշել է կառավարության անելիքները՝ ներդրումների խրախուսում, բանակի զարգացում, աղքատության կրճատում

Նիկոլ Փաշինյանը ուղենշել է կառավարության անելիքները՝ ներդրումների խրախուսում, 
բանակի զարգացում, աղքատության կրճատում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկումը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և նշել . «Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո մեր կառավարության առաջին նիստն է, և ուրախ եմ արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով մեր կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են, ինչը նշանակում է, որ մենք առնվազն որոշ բաներ հասցրել ենք անել, ինչը Հայաստանի քաղաքացիներին հիմք է տվել մեր գործունեությունը շարունակելու մանդատ տալ»:

Վարչապետի պաշտոնակատարը ուղենշել է կառավարության՝ առաջիկա շրջանի մի քանի կարևոր անելիքները.  «Առաջինը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է, և պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, և այդ հետաքրքրությունն առաջիկայում շարունակելու է աճել: Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, և իմ ուղիղ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները և չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար: Հույս ունեմ, որ որևէ ազդակ չեմ ստանա որևէ պաշտոնյայի մասին, որ որևէ ներդրումային նախագծի առջև խոչընդոտներ են հարուցվում և այլն: Իհարկե, մեր նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից է, որ մենք պետք է ներդրումների և ընդհանրապես տնտեսական գործունեության համար անհրաժեշտ բյուրոկրատական քաշքշուկների՝ օրենսդրությամբ նախատեսված ինստիտուտը վերացնենք և հնարավորինս պարզեցնենք ընթացակարգերը, որպեսզի նաև այդ առումով դե յուրե  որևէ արհեստական խոչընդոտ չլինի: Հետևաբար, առաջիկա անելիքները ներդրումների խթանումն է, և  պետք է շատ արագ դրա  համար բարենպաստ միջավայր և պայմաններ ստեղծել:

Երկրորդ կարևորագույն անելիքը ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է: Մենք պետք է ի վիճակի լինենք էական զարգացում ապահովել ռազմարդյունաբերական համալիրում, և այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի, ինչպես նաև Հայաստանում ինժեներական և տեխնիկական գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ, ինչը, իհարկե, առաջիկա ամենակարևոր անելիքներից է:

Հաջորդ առանցքային խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է: Սրա մասին մենք խոսել ենք նաև նախընտրական շրջանում, և ասել եմ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման նպատակի համար  ներդնել շուրջ 2.5 մլրդ դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լրջագույն աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»:

Հաջորդ կարևոր ուղղությունն, ըստ Նիկոլ Փաշինյանի, լինելու է կրթության ոլորտը, բարձրագույն կրթական համակարգը որակական նոր մակարդակի բերելը: «Խոսել ենք  բարձրագույն կրթության ոլորտի համախմբման անհրաժեշտության մասին: Կարծում եմ, որ մեծ դիսբալանս է առաջացել բուհական համակարգի և գերատեսչական համակարգի միջև, և մենք պետք է նույնականացնենք և ունենանք միասնական բուհական համակարգ, որը կոնկրետ խնդրներ լուծի»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը մյուս կարևոր խնդիրը համարել է առողջապահության ոլորտում լրջագույն բարեփոխումների իրականացումը, որի նպատակը հանրության լայն շերտերի համար ծառայությունների հասանելիության ապահովումն է: «Կարևորում ենք նաև պետական կառավարման համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման խնդիրը, որը նույնպես նախընտրական շրջանում և ընդհանրապես բազմիցս քննարկել ենք:  Որպես այս ամենի հանգուցալուծում կամ գագաթնակետ՝ պետք է ընկալենք քաղաքացիների սոցիալական վիճակի և բարեկեցության մակարդակի էական փոփոխությունների արձանագրումը: Մեր խնդիրն է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելը և աղքատությունն էականորեն նվազեցնելը: Ունենք քաղաքացիների մանդատը և այս խնդիրները պետք է կարողանանք լուծենք առաջին հերթին աշխատանքի խրախուսմամբ և աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհով»,- ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

 

 

Քայլեր են ձեռնարկվում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ

Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը և վերջինիս լիազորությունների իրականացումն ապահովել նախարարության կառուցվածքում ստեղծվող ստորաբաժանման միջոցով։ Ընդ որում, նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում հիմնարկի՝ աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի ՀՀ ֆինանսների նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոնների, իսկ դրա անհնարինության դեպքում աշխատանքային պայմանագրով՝ առնվազն պահպանելով վարձատրության (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների) պայմանները։

8

Խնդրի  շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակում, անդրադարձ է եղել հարցի վերաբերյալ  Համաշխարհային բանկի արտահայտած մտահոգություններին:

Նիկոլ Փաշինյանը,  անդրադառնալով պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը, ընդգծել է, որ 2019 թ. բյուջեի հայտերի քննարկման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել: «Հիմա ես նորից վերադառնալու եմ այդ թեմային, և վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս համատեքստում չեն կատարել: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է «ծիգիզմի», «պոակիզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք է քննարկել: Ոչ մի բան նորից պետք է չքննարկենք. ի՞նչ է ԾԻԳ-ը՝ «պադավատներ» են, «ատկատներ» են, կոռուպցիա է, կոռուպցիայի ամենամեծ օջախներն են այսօր. գնացեք, մտեք ցանկացած ոլորտ, շուտով հերթով կբացահայտվեն: Եվ, այո, հերիք է, ամեն անգամ ասում են՝ նախարարությունում, գիտեք, աշխատողները կարողություններ չունեն: Այդ նախարարություններն ուրեմն լուծարենք, բա ինչի՞ համար ենք պահում այս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաներին սորտերի՝ առաջին սորտի, երկրորդ սորտի, երրորդ սորտի ու հետո ասում ենք պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք: Ո՞նց բարձրացնենք աշխատավարձերը, երբ կան պետական կառավարման համակարգեր, երբ մարդիկ ստանում են բոլորից բարձր, 10 անգամ բարձր աշխատավարձ: Ի՞նչ է, իրենք արտոնյալնե՞ր են: Ես ասում եմ՝ այս թեմայով կայացվել է քաղաքական որոշում, ես հիմա կանդրադառնամ, և այն պաշտոնյաները, որոնք, եթե պարզվի, հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից թող իրերը հավաքեն, գնան իրենց գործին: Շատ հստակ եմ ասում»,-  ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ծրագրերի իրականացմանը վերաբերող մտահոգությանը՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Ես այդ մոտեցումը չեմ ընդունում. ի՞նչ է նշանակում ծրագիրն իրականացրել ենք: Հիմա Հյուսիս-հարավ ծրագիրն էլ ենք իրականացրել, ի՞նչ ենք իրականացրել. բռնել, թալանել ենք Հյուսիս-հարավ ծրագիրը: Ու լավ է, որ չի իրականացվել, որովհետև չիրականացնելով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան, և ես դրա մասին խոսել եմ Ազգային ժողովի ամբիոնից: Մենք ունենք քաղաքական մոտեցում, և այդ քաղաքական մոտեցումն իրականացվելու է»:

Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր բաղադրիչներից է համարել աշխատավարձերի բարձրացումը. «Դա մենք, ըստ էության, արդեն իրականացնում ենք: Ֆորմալ առումով չենք ասում՝ աշխատավարձը բարձրացվեց այսքան, համահարթ և համատարած, բայց այսօր պետական կառավարման համակարգում գնում է  աշխատավարձերի բարձրացման հստակ գործընթաց: Ցավոք, ոչ համատարած, բայց համատարածությունը կախված է արդյունավետության բարձրացման փոփոխությունների տրամաբանությունից, որովհետև մենք ֆինանսավորումն ավելացնում ենք համաչափ, բայց, ցավոք, ոչ բոլոր տեղերում է այդ մեխանիզմն աշխատում: Հիմա, օրինակ, մեզ մոտ կան նախարարություններ, որոնք այս ընթացքում աշխատավարձերի շոշափելի բարձրացում են ունեցել, և կան նախարարություններ, որտեղ աշխատավարձերի շոշափելի բարձրացումներ տեղի չեն ունեցել, ընդ որում՝ բյուջեում մենք աշխատավարձի բազայի հետ կապված ոչ մի փոփոխություն չենք արել»: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ պետական կառավարման համակարգում աշխատում են մարդիկ, ովքեր կարողություններ չունեն և կարողություններ ունենալու համար պետք է բացել նոր նախարարություններ՝ նոր աշխատավարձերով, նոր հաստիքներով, և, ընդ որում, նրանք ոչ մի պատասխանատվություն չունենան հանրության առաջ:  

 

 

Կառավարությունը կփոխհատուցի որոշակի խմբերի ուսանողների ուսման վարձավճարը

Կառավարության որոշմամբ 50 մլն դրամ կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև 2016 թ. ապրիլի 2-6-ը ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բազմաթիվ դիմումներ և հարցումներ է ստանում վերոնշյալ անձանցից՝ ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում ստանալու խնդրանքով: Նախարարությունը քննարկել է հարցը և, հիմք ընդունելով նախորդ տարիների  ցուցանիշները, նախատեսում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողներին և երկու և ավելի երեխա ունեցող 112 ուսանողներին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրել: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերը կզեղչվեն 20 տոկոսով, իսկ երկու և ավելի երեխա ունեցողներինը՝ 100 տոկոսով: Վերջիններիս համար նախարարությունը նախատեսում է տրամադրել ևս 30 մլն դրամ:  

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայում Կենտրոնական բանկի հետ քննարկվում են ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման տարբերակները: «Հույս ունեմ, որ սա էական աջակցություն կլինի: Բայց ընդհանուր առմամբ մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որևէ սպառնալիք չառաջանա: Նրանք իսկապես պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաև խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձևավորելու համար»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ 13,762.6 հազար դրամ կհատկացվի ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թթ. ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով: 2018 թ. ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Ըստ հիմնավորման՝ 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարում է ուսանողը,  50 տոկոսը՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին: Իսկ 47 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարում է ուսանողը, իսկ 50 տոկոսը՝ պետբյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 13,762.6 հազար դրամ:

 

 

Աբոնեմենտային համակարգի ներդրման շրջանակում Dasaran կրթական հարթակում կստեղծվի նոր մշակութային բաժին

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ու ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում են համատեղ իրականացնել աբոնեմենտային համակարգի ներդրման գործընթացը: Նախատեսվում է Dasaran կրթական հարթակում ստեղծել նոր մշակութային բաժին, որը հնարավորություն կընձեռի հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում անվճար այցելել 3 մշակութային կենտրոն: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է 11604.0 հազար դրամ տրամադրել Dasaran կրթական հարթակում նոր մշակութային բաժնի ստեղծման համար: Վերոնշյալ գումարն առաջացել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի դադարեցման հետևանքով: Աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380000 աշակերտի՝ անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ մշակույթի նախարարությունների կողմից համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A»  ծրագրերի իրականացման նպատակով կհատկացվի 82795.0 հազար դրամ գումար: Ծրագրերի նպատակն է լրացնել  հանրակրթության ոլորտում մշակութային կրթության բաղադրիչի բացը, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, ընդլայնել քաղաքացիական գիտակցության և արվեստի ոլորտում աշակերտների ճանաչողության սահմանները:

ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ մշակույթի նախարարների պաշտոնակատարները մանրամասներ են ներկայացնել իրականացվող վերոնշյալ ծրագրերի ընթացքից և նշել, որ արձանագրված արդյունքները, դպրոցներից և ծնողներից ստացվող արձագանքը նույնպես դրական է: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը և ուրախալի համարել աշակերտների շրջանում գիտության, արվեստի նկատմամբ հետաքրքրության առկայությունը: Առաջարկվել է նմանատիպ ծրագրեր իրականացնել զորամասերում, ինչպես նաև կալանավայրերում: Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ արվեստը շատ կարևոր է նաև մարտունակության բարձրացման առումով. «Կարծում եմ՝ կարող ենք նոր ծրագիր մշակել նաև զինված ուժերի ներկայացուցիչների համար»:

 

 

 

Կապահովվի ևս 26 դպրոցի սեյսմիկ անվտանգությունը

 Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է հաստատել «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում ընդգրկված  26 գերակա դպրոցների ցանկը: Այդ դպրոցները ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: Վերջիններս համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:

Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա են համարվել 425 պետական հանրակրթական դպրոց: Ծրագրի շրջանակում նախատեսված է 46 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում: Կառավարության 2017 թ. համապատասխան որոշմամբ հաստատվել է 20 դպրոցների ցանկը։ Ներկայում շինարարություն է իրականացվում Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Հաստատված 20 դպրոցներից 5-ի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են և գտնվում են փորձաքննության փուլում:

 

 

Կերկարաձգվի «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը

Կառավարությունը հավանություն է տվել  «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրով նախատեսվում է Նուբարաշենում կառուցել տարածաշրջանային աղբավայր և փակել Աջափնյակի և Նուրաբաշենի գործող աղբավայրերը: Վարկային համաձայնագրի վերջին հասանելիության ժամկետը լրանում է 2018 թ. դեկտեմբերի 11-ին:  Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն, Վարկային համաձայնագրի շրջանակում մրցույթային փաթեթի պատրաստման, վերանայման և հաստատման ժամկետների երկարաձգմամբ պայմանավորված առ այսօր ծրագրի շրջանակներում գումարներ չեն ներգրավվել, որը պայմանավորված է մի շարք պատճառներով: Կապալառուի ընտրության մրցույթը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ-ի գնումների ընթացակարգերի համաձայն՝ երկու փուլով: Ընդ որում, նմանատիպ մրցույթները կարող են տևել վեց ամսից մինչև մեկ տարի, որի ավարտից հետո նախատեսվում է կապալառուի հետ կնքել պայմանագիր և վերջինս վեց ամսվա ընթացքում պետք է մշակի նոր աղբավայրի կառուցման և երկու հին աղբավայրերի փակման նախագծերը: Վերջնական նախագծի հաստատումից և համապատասխան ՇՄԱԳ-երի մշակումից և հաստատումից հետո միայն կմեկնարկի նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրերի փակման աշխատանքները, որի տևողությունը երկու տարի է: Ըստ այդմ՝ ծրագրի անխափան իրականացման նպատակով նախատեսվում է վարկային համաձայնագրի վերջին հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 2021թ. հուլիսի 1-ը:

 

Այլ որոշումներ

 

 

Կառավարության պահուստային ֆոնդից 1,303.6 հազար դրամ կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ  Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով:

Գործադիրը սահմանել է.

- առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը: Համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց լավագույն շահերի ապահովման  անհրաժեշտությամբ:

- դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն ու առավելագույն չափն ու վճարման կարգը:

- մարզում պաշտոնավարող բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ