Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայտնվել է գործարար, որ հավատում է քունջութի մշակույթի վերընձյուղմանը. ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնվել է գործարար, որ հավատում է քունջութի մշակույթի վերընձյուղմանը. 
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հեռանկարային բույսերի մշակման թեմայի համապատկերում նախորդիվ խոսեցինք քունջութից. երբ է Հայաստանում մշակվել, ինչ ծավալով եւն: Ասացինք նաեւ, որ Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմվում: Մինչ դրան անդրադառնալը, նախ հակիրճ, թե ինչու է պետք Հայաստանում վերսկսել քունջութի մշակությունը:

Հայաստանում «կնճութ», «կնջիթ» եւ «կանճութ» անուններով հայտնի այս բույսը այլ կերպ սեզամ է անվանվում (sesame): Քունջութի սերմերը պարունակում են 50–65 տոկոս յուղ, մինչեւ 24 տոկոս սպիտակուցներ, իսկ միայն քուսպը՝ համապատասխանաբար 10 տոկոս յուղ եւ 40 տոկոս սպիտակուց: Այսինքն՝ քուսպը նաեւ արժեքավոր կեր է: Քունջութը հրաշալի հատկություն ունի՝ դիմակայում է ուլտրամանուշակագույն ճառագայթներին: Դրա համար էլ այն նաեւ կոսմետիկ նպատակներով է գործածվում:
Այս բույսի փոքրիկ սերմերում վիտամինների ու օգտակար նյութերի մի ամբողջ հարստություն կա թաքնված: Գուցե դրա համար է անունը սեզամ: Այստեղ կարելի է գտնել եւ՛ սպիտակուց ու՛ ածխաջուր, եւ հանքային աղեր, A, C, E ու նույնիսկ B խմբի վիտամիններ, մագնիում, ցինկ, ֆոսֆոր, յուղեր: Կալցիումի մասին էլ չենք խոսում. 100 գրամ քունջութում 783 մգ կալցիում կա: Սա մարդու կալցիումի օրվա պահանջին հավասար թիվ է: Քունջութի հաճախակի օգտագործումը կանխում է աթերոսկլերոզի առաջացումը, իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը արյան մեջ, կանխարգելում է հիպերտոնիան, հոդային, լյարդի հիվանդությունները: Հրաշալի հակաօքսիդանտ է, հակաթոքաբորբային միջոց: Զգուշացնենք նաեւ, որ չափավոր պետք է ուտել, քանզի հակացուցումներ էլ կան: Օրինակ՝ ստամոքսահյութի բարձր թթվայնություն, միզուղիներում, երիկամներում քար ունեցողները քունջութը չպետք է չարաշահեն:
Քունջութից պատրաստում են համեմունքներ, ձեք եւ դեղորայք: Ուշագրավ է, որ քունջութի յուղը մինչեւ 9 տարի պահպանում է օգտակար հատկությունները: Այնպես որ, այս բուսատեսակի մշակումը նաեւ եկամուտ է ենթադրում:

Վերավաճառողներից մեկից օրերս քունջութ գնեցի, ասաց՝ տեղական է: Ասում եմ, որտեղ է մշակվում, պատասխանում է՝ մեր սարի դոշին: Հետո անցնում է իր արագ առեւտրին ու իմ հարցերին պատասխանելու ժամանակ էլ չունի: Սուպերմարկետներում հարցնում եմ, ասում են՝ ներկրված է, տեղական չկա:

Փորձեցի մեր գյուղատնտեսության նախարարությունից տվյալներ ճշտել՝ Հայաստանում մշակվու՞մ է քունջութ եւ ի՞նչ ծավալով: Գյուղատնտեսության համապատասխան բաժինը տվյալներ չուներ, բայց խոստացավ մարզպետարան առ մարզպետարան զանգահարել՝ գուցե նորություն կա, մշակել են սկսել: Պարզվեց՝ մարզպետարաններն էլ ֆիքսված ոչինչ չունեն: Եթե ինչ-որ մեկը մշակում էլ է, երեւի փոքրիկ հողատարածքում, իր տան կարիքների համար: Ընդհանրապես քունջութ այսօր շատ երկրներ են մշակում, բայց արտադրության առաջատարը Հնդկաստանն է: Այս երկիրն է մշակում եւ արտադրում քունջութի միջազգային պահանջարկի մեկ երրորդը (2015թ. տվյալ): Հիմա, սակայն, Չինաստանը լուրջ մրցակից է դարձել՝ քունջութն ավելի շատ երկրներ արտահանելով (2016թ. տվյալ): Իսկ ինչու՞ մենք չունենանք: Մանավանդ՝ մեզ անծանոթ չէ այս բույսը: Ավելին՝ մենք 19-րդ դարակեսին ինքներս ենք արտահանող եղել…

Պստիկով՝ դեպի մեծ երազանք


Գանք մեր ասած գործարանին:
Արարատի մարզի Մասիս քաղաքում բուսական յուղերի գործարան է հիմնվում: Եվ այս գործարանի հիմնական արտադրատեսակը թունջութի յուղն է լինելու: նոր արտադրությունը հիմնադրվում է Բիզնես Արմենիայի աջակցությամբ (Հայաստանի զարգացման հիմնադրամն այսուհետ այսպես է կոչվում): Ներդրողը «Ղալբուրջյան գրուպ» ընկերությունն է: Առաջին փուլում կներդրվի 500 հազար դոլար: Ընկերության հիմնադիր Զոհրաբ Ղալբուրջյանն ասում է՝ «զավակները հոս տեղ կապելու համար փիզնես մի մտածեցինք»: Սկզբնական շրջանում բիզնեսն այնքան էլ առաջնային չէր, բայց գաղափարը լավն էր, ու Բիզնես Արմենիան արագ արձագանքեց՝ աջակցելով ընկերությանը գրանցման, հողի, հումքի ձեռքբերման, բիզնես պլանի մշակման, պետական աջակցությունից օգտվելու եւ այլ հարցերում:
Ի դեպ, գործարանը, որ մոտ 6 հազար քմ տարածք է զբաղեցնելու, սկզբում 40 աշխատատեղ կստեղծի: Քունջութը, հասկանալի է, այդ փուլում կներկրվի: Երկրորդ փուլում ընկերությունն ինքը կփորձի ամեն ինչ անել քունջութի տեղական ատադրություն ունենալու համար: Այլ կերպ՝ քունջութի աճեցման գործում կներգրավի գյուղացիական տնտեսություններին:
Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը լավատեսական փաստեր է մեջբրում. գործարանն իր հիմնական արտադրատեսակի՝ քունջութի յուղի արտահանման խնդիր չի ունենա, քանզի արաբական շուկայի գործընկերների հետ արտահանման պայմանավորվածություններ կան:
Սա, ի դեպ, ձեռնտու ձեռներեցություն է: Բանն այն է, որ վերջին տարիներին միջազգային շուկայում բուսական յուղերի սպառման աճի կայուն միտումներ են արձանագրվել։ Բիզնես Արմենիան, հաշվի առնելով պահանջարկը, նշում է, որ հայկական այդ արտադրանքի թիրախային շուկաներ կլինեն ԵՏՄ, Մերձավոր Արեւելքի, ԵՄ որոշ երկրներ, Կանադան եւ այլն:
Այս ներդրումային ծրագրի մի փուլ էլ կա. ըստ Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմի, մեքենասարքավորումների գործարան կհիմնվի, որը շուկային կմատակարարի հոսքագծեր, տարաներ, չժանգոտվող մետաղից հաստոցներ՝ սննդի, գինու, հանքային ջրերի եւ այլ արտադրություններում կիրառման համար։
Զոհրաբ Ղալբուրջյանը նպատակ ունի. թոռներին Հայաստանում ապրելիս տեսնել: Կգա՞ն: «Որ տեսնեն, որ այստեղ կարող են լավ կյանք ու ապրուստ գտնել, կգան»,- անկեղծանում է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերության հիմնադիրը:
Նա ասում է՝ փոքրից ենք սկսում, որ մեծանանք: Իսկ ինչու՞ փոքրից: «Որովհետեւ մեծ երազներով կսկսիս, եթե չհաջողիս, անոր պարագային կփլուզիս: Անոր համար պզտիկով, քիչով կսկսինք, շատ արագ ձեւով կրնանք մեծնալ»:
Բիզնես Արմենիայի համար կարեւոր է, որ աշխատատեղերը Երեւանից դուրս են ստեղծվում: Մեզ համար կարեւոր է նաեւ, որ սփյուռքահայերի սերունդները՝ 2 հոգի, 3, 10, 20 հայրենիք վերադարձի հնարավորություն են ունենում: Սա էլ մեր երազանքն է՝ թեկուզ պստիկ քայլերով, բայց մեր մեծ նպատակներին հասնելու…

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]