1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի թիվ 1 լսարանն այսուհետև կկրի Լիլիա Չիլինգարյանի անունը. բժիշկ-գիտնականն այստեղ դասավանդել է ավելի քան 50 տարի

ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի թիվ 1 լսարանն այսուհետև կկրի Լիլիա Չիլինգարյանի 
անունը. բժիշկ-գիտնականն այստեղ դասավանդել է ավելի քան 50 տարի

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի թիվ 1 լսարանն այսուհետև կկրի նույն ամբիոնի դոցենտ Լիլիա Չիլինգարյանի անունը։  Լսարանի բացմանը նվիրված միջոցառմանը ներկա էին ոչ միայն ընտանիքի անդամները ՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այլև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, ներկաներից շատերը կիսվեցին Լիլիա Չիլինգարյանի մասին իրենց հուշերով: Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Աղաջանովը նշեց, որ Լիլիա Չիլինգարյանը վաստակել է լավագույն ուսուցչի, դասախոսի անունն ու համբավը։

«Ինչու եմ ասում ուսուցչի, որովհետև նա բժշկական համալսարանի ընդունելության համար շատ երեխաների է պատրաստել, իմ երեխաների հետ էլ է պարապել, դա շատ մեծ արվեստ է, սերը դեպի առարկան պայմանավորված է դասախոսով»,- ընդգծեց պրոֆեսորը:

Միխայիլ Աղաջանովի խոսքով ՝ Լիլիա Չիլինգարյանին հաջողվել է դաստիարակել   շատ լավ երեխաների, որոնք ամեն մեկն իրենց ասպարեզում հասել են ամենաբարձր արդյունքների:

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը ևս կիսվեց իր հուշերով. «Իրականում շատ բաներ կան ասելու: Մենք ոչ միայն գործընկերներ, հարևաններ ենք եղել, այլև ամբողջ կյանքում մեր գաղափարախոսությամբ ՝ կյանքի, մարդու նկատմամբ շատ հարցերում իրար հետ նույն կարծիքին ենք եղել: Հանձինս Լիլիայի ՝ մենք կորցրինք մեր բուհի ներկապնակի ամենապայծառ ներկերից, երանգներից մեկը»:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ կան այնպիսի մարդիկ, ովքեր իրենց բնավորությամբ ապացուցում են, որ կյանքում պետք է լինել անկեղծ ու ազնիվ:

«Երբ պարոն Մուրադյանի հետ ծանոթացա երկար ժամանակ զարմանում էի՝ ինչպես կարող է գոյություն ունենալ մարդ, որը մեր պայմաններում լինի բացառիկ ադեկվատ, այսինքն հասկանա աղքատի աղքատությունը, հոգեվիճակը, հիվանդ մարդու հոգեվիճակը ու ամեն մեկի կյանքով ապրի: Բայց երբ 2017 թվականին իրենց տանը եղա և ծանոթացա Լիլիա Արտաշեսովնայի հետ հասկացա, որ այդ հատկանիշները նրանից է փոխանցվել որդուն: Հազար տղամարդ երևի նման հոգի չունենա, ինչքան նա ուներ, ու ինչպես իմաստալից կյանքը ապրեց, այդպես իմաստալից մահով մահացավ։ Նրա մահվանից հետո  ծաղկեպսակների փոխարեն հավաքագրված մոտ 10 միլիոն դրամը փոխանցվեց մեր զինվորների կարիքները հոգալուն»,-ասաց Հայկուհի Մինասյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց բոլորին իրենց բազմազբաղ ժամանակը տրամադրելու և ներկա գտնվելու համար:

 «Այս սենյակում մայրս 50 տարուց ավել դասավանդել  է, 16-17 տարեկանից մեծացել է այստեղ, ես ու քույրս էլ համապատասխանաբար մեծացել ենք այս ամբիոնում, բոլորիդ տեսել ենք շատ երիտասարդ, կարծես թե ձեզ հետ միասին ենք անցել այս ճանապարհը: Ես ամեն օր բարձրանում եմ այս ամբիոն՝ համարելով, որ գալիս եմ մորս մոտ, բժշկական համալսարանին որպես մայր բուհ վերաբերում եմ բառիս բուն իմաստով»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը:

Արմեն Մուրադյանը նաև ընդգծեց, որ ուրախ ու հպարտ է, որ ԵՊԲՀ-ի հարյուր տարվա պատմության մեջ իր մայրը 60 տարին նվիրել է համալսարանին:

«Ինչ-որ չափով այդ հիշողությունը կշարունակի իր գոյատևումը այս սենյակի միջոցով, որտեղ պետք է գան սովորողները և գիտելիքներ ստանան»,-իր խոսքը եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Լիլիա Չիլինգարյանը մահացել է 2018 թվականի օգոստոսի 14-ին։ Դեկտեմբերի 12-ին բժիշկ-գիտնականը  կդառնար 77 տարեկան։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]