1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ի՞նչ միջազգային արձագանք են ստացել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Ի՞նչ միջազգային արձագանք են ստացել ՀՀ արտահերթ խորհրդարանական 
ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հայ ժողովրդին և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել և շարունակում են հղել օտարերկրյա պետությունների մի շարք պաշտոնյաներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ, ովքեր ողջունել են Հայաստանում ժողովրդավարական ընտրություների անցկացման փաստը: Ստորև կանդրադառնանք մինչ այս եղած հայտարարություններին և կարևոր շեշտադրումներին:

Կարևոր է առանձնացնել ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդին: Միացյալ նահանգները, համաձայնելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ նախնական եզրակացության հետ, կոչ է արել իշխանություններին  ապագա ընտրություններում հետևել ԵԱՀԿ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին: Պետդեպարտամենտի շնորհավորական ուղերձում հատկանշական է այն շեշտադրումը, որ անկախացումից ի վեր՝ 27 տարիների ընթացքում, Միացյալ Նահանգները մշտապես  իր աջակցությունն է ցույց տվել Հայաստանին ժողովրդավարական գործընթացների ու ինստիտուտների զարգացման գործում, և այժմ էլ պատրաստ է շարունակել իր աջակցությունը: Ավելին՝ ԱՄՆ պետդեպարտամենտն ընդգծել է Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ աշխատելու իր պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունը և համագործակցությունը՝ հանուն օրենքի գերակայության ու ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման, կոռուպցիայի դեմ պայքարի, առևտրի ու ներդրումների առաջխաղացման և տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության:

Հարևան Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին նույնպես ողջունել է Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների միտումը: Կարևոր է ընդգծել Թեհրանի կողմից Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների խորացման ցանկությունը, ինչը կարևորվում է տարածաշրջանային կայունության, բարգավաճման ու անվտանգության ապահովման տեսանկյունից:

Հարկ է նշել, որ Գերմանիայի  կանցլեր Անգելա Մերկելի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղարկված շնորհավորական հեռագրում հատուկ ընդգծվել է ՀՀ-ում խաղաղ իշխանափոխության հանգամանքը։ Գերմանիայի կանցլերը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան կատարած իր այցի շրջանակներում ամրագրված հանձնառությունը՝ երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Ավելին՝  Անգելա Մերկելը ցանկություն է հայտնել մոտ ապագայում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:  

Ոչ պակաս կարևոր է նաև ԵՄ արձագանքը. ԵՄ մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝  Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչին,  ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ևս իրենց շնորհավորական ուղերձներն  են հղել Նիկոլ Փաշինյանին՝ ցանկություն հայտնելով աշխատել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ՝ խորացնելու երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները՝ հիմքում դնելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հանձնառությունները: Մոգերինին, կարևորելով ՀՀ հետ գործընկերային հարաբերությունները, ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը՝ որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն: Վերջինս Հայաստանի վարչապետին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել: Այս ամենը, թերևս, խոսում է ԵՄ կողմից Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու պատրաստակամության մասին:

Հարևան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Նա դրական  է գնահատել ընտրության արդյունքները Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից՝ այդ համատեքստում կարևորելով նաև ՀՀ հետ երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունները:

Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ ՀՀ ընտրական գործընթացի վերաբերյալ օտարերկրյա բազմաթիվ պաշտոնյաների դրական արձագանքի և ընկալումների համար հիմք են ծառայել միջազգային մի շարք դիտորդական առաքելությունների գնահատականները: Եվրոպական (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի 70 անդամներ, ինչպես նաև Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց) և ԱՊՀ դիտորդական առաքելությունների շեշտադրումները հիմնականում համընկնում են: Վերջիններս, ընդհանուր առմամբ, դրական են գնահատել ընտրական գործընթացը՝ նախորդ բոլոր ընտրությունների համեմատ՝ ընգծելով քաղաքական կյանքում արձանագրված զգալի փոփոխությունները: Նրանց դիտարկմամբ՝ ընտրություններն անցել են խաղաղ, հավասար և մրցակցային պայմաններում ու վայելել են ժողովրդի լայն վստահությունը՝ համապատասխանելով տեղական և միջազգային չափանիշներին: Նրանց արձանագրմամբ՝ ընտրողների և թեկնածուների նկատմամբ հետապնդումների և  ձայների «առքուվաճառքի» դեպքեր չեն արձանագրվել:

Ինչ վերաբերում է թերություններին, ապա դրանք հիմնականում կապված են եղել օրենսդրական դաշտի կարգավորումների հետ, իսկ ընտրախախտումները հիմնականում անտեղյակության արդյունք են որակվել: Հատկապես ընդգծվել են քարոզարշավների ֆինանսավորման գործընթացները հավասար և թափանցիկ կազմակերպելու անհրաժեշտությունը, գենդերային հավասարության և  սահմանափակ կարողություններով մարդկանց ընտրական իրավունքի իրացման հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը: Այս համատեքստում միջազգային դիտորդական առաքելություններն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին՝ ընտրական բարեփոխումների անցկացման և առկա թերությունները հաջորդիվ շտկելու գործում:

Այսպիսով՝ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հղած շնորհավորական ուղերձներն ու դրական գնահատականները վկայում են այդ պետությունների կողմից երկկողմ հարաբերությունների արժևորման, ամրապնդման ու ընդլայնման պատրաստակամության մասին։ Սրա հետ մեկտեղ՝ վերոնշյալ պետությունների կողմից ՀՀ նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ համագործակցության ցանկությունը վկայում է նոր իշխանություններին աջակցելու և նրանց հետ ակտիվ երկխոսություն իրականացնելու պատրաստակամության մասին:

Գոհար Հովհաննիսյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]