Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միգրացիայի ֆենոմենը մշտապես եղել է հայկական իրականության մաս. Արմեն Ղազարյանի ելույթը Մարոկկոյում կայացած համաժողովին

Միգրացիայի ֆենոմենը մշտապես եղել է հայկական իրականության մաս. Արմեն 
Ղազարյանի ելույթը Մարոկկոյում կայացած համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ելույթ է ունեցել Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագրի ընդունման նպատակով հրավիրված բարձր մակարդակի միջկառավարական համաժողովին, որը տեղի է ունեցել Մարոկկոյում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունից, Արմեն Ղազարյանը իր ելույթում, մասնավորապես, ասել է. 

«Թույլ տվեք ելույթս սկսել երախտագիտության խոսքով՝ ուղղված Մարոկկոյի Թագավորությանը այս կարևոր միջոցառումը կազմակերպելու համար։

2016 թ-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ հրավիրվեց բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ նվիրված փախստականների ու միգրանտների մեծածավալ տեղաշարժերին, ինչն էլ միջազգային օրագարկում ծառացող խնդրի մասին էր վկայում: Հայաստանը վճռականորեն աջակցում է միգրացիայի մասին գլոբալ հռչակագրին և Փախստականների մասին գլոբալ հռչակագրին և հավատում, որ Փախստականների արձագանքման համապարփակ շրջանակը կարող է փախստականների հանդեպ պարտավորությունների իրականացման կարևորագույն ուղեցույց դառնալ:

Ուրախ ենք՝ արձանագրելու, որ գլոբալ հռչակագիրը իրապես արտացոլում է համալիր առաջընթաց և գործառնական պարտավորություններ, որոնք հնարավորություն կընձեռեն ամրապնդելու միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև կիսելու պատասխանատվությունը երեխաների իրավունքների պաշտպանության ու մնացած շատ ոլորտներում:

Ժամանակն է ներկայացնելու մեր քաղաքական պարտավորությունները երկու հռչակագրերով ամրագրված կայուն զարգացման նպատակների տեսանկյունից։

Մենք հավատում ենք, որ խոստման իրականացման ճանապարհին ոչ մեկը չպետք է դուրս մնա, և մարդու իրավունքների համընդհանուր կիրառումը պետք է հավասարապես եւ առանց խտրականության ներառի բոլոր կարիքավոր մարդկանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից եւ անկախ տարածքների քաղաքական կարգավիճակից, որոնցում ապրում են: Չպետք է մնան «մոխրագույն» տարածքներ:

Տիկնայք և պարոնայք,

Միգրացիայի ֆենոմենը մշտապես եղել է հայկական իրականության մաս։ Հայերը լայնարձակ ու աշխարհասփյուռ սփյուռք ունեն։

Մեկ այլ հայկական իրողություն կա մեր կյանքում, որ ավելի դաժան է։ 1998-1992 թթ-ին էթնիկ հայերի կոտորածի հետևանքով Ադրբեջանից ավելի քան 360 000 փախստականներ բռնագաղթվեցին Հայաստան։

Ավելի ուշ մեծ թվով փախստականներ Սիրիայից տեղափոխվեցին ու ապաստան գտան Հայաստանում՝ մեկ շնչի հաշվարկով վերածելով հայաստանը երրորդ խոշորագույն պետությանը Եվրոպայում Սիրիացի փախստականներին ընդունելու հարցում։ Նրանք բժիշկներ են, իրավաբաններ և այլ մասնագիտությունների ու ձեռնարկատիրական հմտությունների տեր մարդիկ։

Սիրիահայերը, որոնց նախնիները մեկ հարյուրամյակ առաջ են ապաստան գտել Սիրիայում՝ փախչելով կոտորածներից ու բռնի տեղահանումներից Հայոց ցեղասպանության հետևանքով, նորից ստիպված եղան փախուստի դիմել։ Հայաստանի կառավարությունը չի կարող և լուռ չի հետևի իրադարձություններին կողքից։ Պատերազմի ենթարկված բնակչության տառապանքները մեղմելու միջոցներ ձեռնարկվեցին: Մարդասիրական օգնության փաթեթներ ուղարկվեցին Հալեպ, Դամասկոս, Լաթաքիա, Քեսաբ եւ Սիրիայի այլ պատերազմական շրջաններ: Մյուս կողմի Հայաստանի Կառավարությունն ու ժողովուրդը իրենց երախտագիտությունն ու հարգանքն են հայտնում Սիրիայից տեղահանված անձանց  հմտությունների և ձեռնարկատիրական փորձառության առթիվ։ Այս հմտությունները օգտակար են օրակարգի զարգացման խթանման տեսանկյունից, մասնավորապես փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վրա կենտրոնանալու համար, մյուս կողմից, մեծանում է ինտեգրացիոն ներուժը:

Հայաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում այդ փախստականների առավել արագ ինտեգրումը հասարակության մեջ կազմակերպելու համար: Այդ իսկ պատճառով մեր նոր կառավարությունն սկսել է ինտեգրացիոն քաղաքականության համապարփակ վերանայման գործընթացը:

Տիկնայք և պարոնայք,

2030 թ. հավակնոտ օրակարգի իրագործման հարցում անդամ պետությունները ճանաչեցին, որ օրակարգի նպատակներն ու թիրախները պետք է համապատասխանեն բոլոր ժողովուրդներին և հասարակության բոլոր հատվածներին՝ դուրս չթողնելով ոչ մեկին։

2030 թ-ի օրակարգի կայուն զարգացման 4-րդ նպատակն է նպաստել ներառական և հավասար որակյալ կրթություն ապահովելու և բոլորի համար ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորությունները խթանելու գործը: Այդ իսկ պատճառով մենք տրամադրում ենք կրթական հնարավորություններ փախստականների եւ միգրանտների համար:

Կայուն զարգացման 8-րդ նպատակն է նպաստել կայուն ներառական և տնտեսական աճին, ստեղծել լիարժեք ու արդյունավետ աշխատանքի հնարավորություն բոլորի համար: Մեր միգրանտները տարբեր ոլորտներում աշխատատեղեր են ստանում: Հայաստանի կառավարությունը բազմապիսի աջակցության փաթեթներ է տրամադրել և արդյունքում միգրանտների հետ համատեղ մշակվել են շատ բիզնես ծրագրեր:

Սիրիայից տեղահնված անձանցից բացի, Հայաստանն ընդունում է նաև Ուկրաինայից, Իրաքից և ավելի փոքր թվով Աֆրիկայից ու Ասիայից տեղահանվածների ու փախստականների։

Չնայած նշված ձեռքբերումներին, ներգաղթյալների և տեղահանվածների շրջանում ամենախոցելի կարիքները, որպես մարտահրավեր, շարունակում են մնալ  երկարաժամկետ բնակարանային լուծումներն ու երկարաժամկետ զբաղվածության և եկամտի աղբյուրների որոնումը: Այսպիսով, կարևոր է պահպանել գոհացուցիչ մակարդակի աջակցությունը ՄԱԿ ՓԳՀ-ից եւ այլ միջազգային գործընկերների կողմից՝ օգնության հրատապ արձագանքըվերափոխելով կայուն լուծումների գտնելու երկարատև ջանքերի։

Մարդկանց խոշոր տեղաշարժերին մեր արձագանքները պետք է հիմնված լինեն  պատասխանատվությունն արդարորեն կիսելու, խտրականության բացառման և մարդու իրավունքների հարգանքի մեր ընդհանուր արժեքների վրա: Մենք նաև համոզված ենք, որ փախստականների վիճակը և մարդասիրական արձագանքը փախստականների և տեղահանվածների աննախադեպ զանգվածների հանդեպ՝ կապված մարտահրավերներին դիմակայելու հետ, չպետք է դառնան քաղաքական առևտրի եւ չարաշահումների առարկա:

Մենք նաև հավատում ենք, որ միջազգային հանրությունը պետք է վաղ ահազանգման վճռական քայլեր ձեռնարկի և, որ ավելի կարեւոր է, վաղ գործողության մեխանիզմների մշակի, անպատժելիության դեմ պայքարի, զանգվածային արտաքսումների և տեղահանումների կանխարգելման ուղղությամբ: Մենք հավատում ենք ոչ միայն վաղ ահազանգման առաջնային կարևորությանը, այլև տեղահանման արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտությանը»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]