Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն» ու Կանադայի մարդու իրավունքների թանգարանը կհամագործակցեն

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն» ու Կանադայի մարդու 
իրավունքների թանգարանը կհամագործակցեն

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանը (ԿՄԻԹ) փոխըմբռնման նոր հուշագրով կվերաթարմացնեն համագործակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրի ստորագրումից հետո «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանն ասաց, որ Կանադայի մարդու իրավունքների թանգարանը շատ կարևոր գործ է իրականացնում, և նման թանգարան ամեն տեղ չես գտնի: «Այդ թանգարանում ներկայացված են մարդու իրավունքների զանգվածային խախտման դեպքեր՝ ցեղասպանությունների տեսքով: Մենք փորձելու ենք երկու կառույցների միջև համագործակցությունը դնել իրական ռելսերի վրա՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և երկկողմ օգտակար»,-ասաց նա՝ հավելելով, որ նման հուշագիր արդեն երկրորդ անգամ է կնքվում:

 Կանադայի մարդու իրավունքների թանգարանի նախագահ Ջոն Յանգն ուրախությամբ նշեց, որ երկու կառույցները շարունակելու են  համագործակցությունը: «Այս հուշագիրը հնարավորություն կտա համատեղել մեր ջանքերն ու շարունակել համագործակցել տարբեր ոլորտներում՝ կրթական, հասարակական, որոնք մշտապես թարմացվելու կարիք ունեն»,-ասաց նա:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանն էլ հավելեց, որ հուշագրով մի քանի գործողություն է նախատեսվում, որոնցից մեկը երկու կառույցների միջև ցուցադրությունների փոխանակումն է, ինչպես նաև հայոց ցեղասպանության և մյուս ցեղասպանությունների մասով որոշակի նյութերի տրամադրում: «Կանադայի մարդու իրավունքների թանգարանն ունի մի շարք կրթական ծրագրեր և քանի որ մենք նույնպես մեծ դեր ենք հատկացնում կրթությանը վաղ դպրոցական տարիքից, նրանց փորձը մեզ այդ հարցում ևս կօգնի: Երրորդ ուղղությունն էլ, որը նախապես ենք իրականացնել մեր գործընկերների հետ, գիտաշխատողների միջև համագործակցության ընդլայնումն է»,-ասաց նա:

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնելու ստորագրելու պահից սկսած՝ հինգ տարի ժամկետով:

Կանադայի մարդու իրավունքների թանգարանի պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]