Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ազգագրագետը չի կարծում, որ ԱԺ ընտրություններում ցածր մասնակցություն է եղել

Ազգագրագետը չի կարծում, որ ԱԺ ընտրություններում ցածր մասնակցություն է եղել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ Ազգային ժողովի ձևավորումից հետո գալու է պրագմատիկ խոսակցությունների շրջանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում Խառատյանը նշեց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները, ինչպես բոլորի, այնպես էլ իր համար անակնկալ չէին: Խառատյանը խնդիր է տեսնում  կուսակցությունների ցուցակների հետ կապված, որովհետև այս անգամ էլ քաղաքական ուժերը չկարողացան հաղթահարել ազգակցական, գումարային, հեղինակային կապերը և քաղաքական նպատակահարմարությունը:

«Կարծում եմ,  դրանք առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն: Ես հիմա կարևորում եմ «Իմ քայլը» դաշինքի մասին խոսելը, որովհետև ակնհայտ է, որ որոշումների ընթացքի վրա ազդելու է այդ քաղաքական ուժը: Այս երևույթը կա քաղաքական ուժերի մեծամասնության մոտ, բայց քանի որ մեր կյանքի և երկրի վրա ամենախոշոր ազդեցությունը պետք է ունենա առաջիկայում «Իմ քայլը», ապա, կարծում եմ, շատ լուրջ խորհելու բան ունենք, թե ինչպես ենք կարողանալու ինչ-որ  չափով զսպել կամ ազդել այդ գործընթացի վրա: Մեր հասարակությունը փորձ ունի, ունի փորձ նաև ծանր հիասթափությունների և այդ հիասթափությունները հաղթահարելու կամ չհաղթահարելու, բայց ամեն դեպքում սրանք ցավալի երևույթներ են»,- ասաց Խառատյանը: Նրա խոսքով` էականն այն է, թե ինչպես է կարողանալու հանրային մեծամասնությունը ազդել իշխանության որոշում կայացնելու վրա:

Ազգագրագետը չի կարծում, թե այս ընտրություններում ցածր մասնակցություն է եղել, ընդհակառակը` շատ բարձր է եղել:

«Իմ գնահատմամբ`  Հայաստանում քվեարկելու իրավունք ունեցողների առկա բնակչության 68 տոկոսն է քվեարկել: Սա շատ բարձր ցուցանիշ է: Այս պահին «Իմ քայլը» դաշինքի համար 100 հազարից ավելի մարդ է քվեարկել, քան նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի համար էին քվեարկել»,- նշեց Խառատյանը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]