Մակրոնը հանդիպում Է անցկացնում արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ
14:18, 10 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելիսեյան պալատում դեկտեմբերի 10-ին սկսվել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արհմիությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Պատվիրակների ժամանման եւ հանդիպման սկսվելու կադրերը հեռարձակել Է BFM հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդհանուր առմամբ հանդիպմանը եկել են 30-40 պատվիրակներ: Հանդիպման մասնակիցների թվում են նաեւ նախարարների կաբինետի ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Էդուար Ֆիլիպը, ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները, բնապահպանության նախարար Ֆրանսուա դե Ռյուժին եւ Էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը:
Նիստի արդյունքներով նախագահը պետք Է հանդես գա ազգին հղված ուղերձով: Նախագահի ելույթը պլանավորված Է տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին): Ինչպես ավելի վաղ հայտնել Է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մյուրիել Պենիկոն, Մակրոնը մտադիր Է «կոնկրետ ու անհապաղ միջոցառումներ» ներկայացնել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների հետ կապված իրադրությունը կարգավորելու համար:
Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում տեղի Է ունեցել «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների չորրորդ մասը: Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նանտում, Թուլուզում եւ այլ քաղաքներում անցկացված ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Բողոքի ակցիաներին մասնակցած մարդկանց թիվը գերազանցել Է 136 հազարը:
Ֆրանսիայի ՆԳ նախարարության վերջին տվյալների համաձայն՝ շաբաթօրյա ակցիաների ընթացքում բերման Է ենթարկվել գրեթե 2 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում