Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահի ուղերձը

Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են 
պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ին մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացած իրողություն են, որի արդյունքում ձևավորվելու են իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերը:

Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և
«Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց վերաբերմունքն արտահայտեցին երկրի ապագայի նկատմամբ:

Այս ընտրությունները, որպես համապետական քաղաքական գործընթաց, առաջինն են մեր երկրում տեղի ունեցած գարնանային մեծ փոփոխություններից հետո: Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում: Մաղթում եմ նրանց հաստատակամություն և եռանդ՝ իրենց ծրագրերն իրականացնելու ճանապարհին:

Հայրենիքը հզորանում, իսկ նրա պատմությունը ստեղծվում է բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքով: Բոլորի՛ս պարտքն է ողջ ուժերը ներդնել ի շահ երկրի ու ժողովրդի, հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի հանրապետությունների, համայն հայության և Հայաստանի բոլոր քաղաքացիների:

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]