Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ցեղասպանությունից 103 տարի անց հայերն ապացուցել են ամբողջ աշխարհին, որ լույսը և բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան

Ցեղասպանությունից 103 տարի անց հայերն ապացուցել են ամբողջ աշխարհին, որ 
լույսը և բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունից 103 տարի անց հայերն ապացուցել են ամբողջ աշխարհին, որ լույսը և բարին կհաղթեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մարդկության հազարավոր տարիների ընթացքում ունեցել ենք ինչպես լույսի հաղթանակ, այնպես էլ չարության ապացույցներ: Պայքարը սևի ու սպիտակի, լույսի ու խավարի միջև մինչ օրս ակտիվ է: Համաժողովը, որն անցկացվում է և կոչվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության», միտված է պայքարելու հենց այն չար կողմի դեմ, որ կա մարդկության մեջ»,- նշեց նախագահը:

Նա ընդգծեց, որ 21-րդ դարում՝ չափազանց արագ զարգացող իրադարձությունների ոլորանում ամեն բան, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա՝ չար կամ բարի, շատ արագ տարածվում է, ձևավորում է արմատներ, ունենում է հետևորդներ: «Ամենամեծ չարությունը՝ ցեղասպանության հանցագործությունը, ցավոք, նույնպես գտնում է սնուցման աղբյուրներ: Ակնհայտ է, որ դա չի դադարի գոյատևել, եթե չպայքարենք դրա դեմ»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նա ասաց, որ աշխարհում շատ քիչ վայրեր կան, որտեղ կարելի է անցկացնել նման համաժողով, և, ցավոք սրտի, դրանցից մեկը Հայաստանն է, քանի որ հայերը 20-րդ դարասկզբին ապրել են ցեղասպանության ցավը:

«Երբ մտածում էի, թե Հայաստանում ինչն է խորհրդանշում կատարվածը, դա նախ և առաջ Հայոց ցեղասպանության թանգարանն էր, նաև հուշարձանը, իսկ երկրորդը՝ հենց այս վայրն է՝ Մատենադարանը: Սրանք երկու տաճարներ են՝ մեկը ի հիշողություն նրանց, ովքեր կորան, վախճանվեցին ամենաչար վարքագծի Օսմանյան կայսրության գործողությունների հետևանքով, և մյուս կողմում Մատենադարանն է՝ լույսի տաճարն է՝ վայր, որտեղ մենք ասում ենք՝ այլևս երբեք: Մատենադարանն ասում է, որ լույսը ի վերջո միշտ կհաղթի տառապանքին, կյանքի կորստին, միլիոնավոր մարդկանց մահվան: Ես հավատացած եմ, որ լույսն ու բարին կհաղթեն: Սա այն վայրն է, որը պարունակում է ցեղասպանության շատ մեծ հիշողություն»,- ասաց ՀՀ նախագահը:

Նա նշեց, որ ցեղասպանությունը միայն մարդ սպանելը չէ, դա կազմակերպված հանցագործություն չէ, որը միտված է միայն ազգի, էթնիկ խմբի, հատուկ տարբերություններ ունեցող մարդկանց ոչնչացմանը: «Սա հակահանդուրժողական գործողություն է՝ միտված վերացնելու պատմություն, մշակույթ, արվեստ, գիտելիք: Այսինքն, այն շատ ավելի լայն արհավիրք է, ավելի մեծ ու ծանր հանցագործություն, քան պարզապես մարդկանց կորուստ»,- ընդգծեց նախագահը:

Արմեն Սարգսյանն իր ընտանիքի օրինակով պատմեց, թե ինչպես են հայերը ցեղասպանության արհավիրքի ժամանակ փրկել ամենաթանկը՝ գիրն ու գրականությունը: «Իմ տատիկը, ով Օսմանյան կայսրությունում ապրող հարուստ ընտանիքից էր, ցեղասպանությունը սկսելուն պես ամեն ինչ թողեց և հեռացավ: Երբ ես երիտասարդ էի, նա ինձ պատմում էր, որ ամեն բան թողեցին, որևէ բան, անգամ հագուստ կամ ոսկի չեն վերցրել, բայց վերցրել էր ամենաարժեքավոր բանը՝ տղային և Աստվածաշունչը: Դրանք էին այն երկու արժեքավորը, որոնց համար կյանքը կտար: Դժբախտաբար, որդուն կորցրեց Էջմիածնի ճանապարհին, բայց այդ լուսավոր Աստվածաշունչը բերեց: Այն մինչ օրս կա, պարունակում է ոչ միայն 450 տարվա պատմություն, այլև հիշողությունը կորցրած երեխայի, երեխայի, ով երբեք չմեծացավ, երբեք չափահաս չդարձավ, իր նպաստը չբերեց արվեստին, մշակույթին, բիզնեսին, քաղաքականությանը, երբեք երեխաներ կամ թոռներ չունեցավ: Սա ապրող հիշողություն է, լույսի տաճար»,- ասաց նա:

Նախագահը հայտարարեց, որ 103 տարի անց մենք ապացուցել ենք ամբողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթի, ապացույցը Հայաստանի Հանրապետությունն է, դրա ժողովուրդը: «Մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Ողջ աշխարհին հայերը հայտնի են որպես աշխատասեր, ազնիվ, շատ հայրենասեր մարդիկ, ովքեր ապրում են տարբեր երկրներում, այդ երկրների լավ քաղաքացիներ են, նպաստում են այդ երկրների հաջողությանը: Նրանք հոգու խորքում փայփայում են ցավը, սակայն միևնույն ժամանակ արժանապատվությունն ու հպարտությունը, որ մենք կարող ենք հաղթել չարին: Դրա ապացույցն է այս կառույցը, որը կարևոր արժեքներ է պահպանում, այնպիսի արժեքներ, որոնք պետք է վերացվեին, որոնք թիրախի տակ էին, սակայն չոչնչացվեցին»,- նշեց նախագահը:

Նա համաժողովի մասնակիցներին հայտարարեց, որ աշխարհի ամենածանր ու չար հանցագործությունն ապրող երկիրը՝ Հայաստանը, պատրաստ է իր ջանքերը ներդնել՝ հանուն լույսի և ընդդեմ չարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]