Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բանավեճային մշակույթի էական բաժինը. Շահան Գանտահարյանի հոդվածը

Բանավեճային մշակույթի էական բաժինը. Շահան Գանտահարյանի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն ավարտվում է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին շուտով կուղղվի դեպի ընտրատեղամաս եւ դեպի քվեատուփ՝ կատարելու իր քաղաքացիական իրավունքն ու պարտավորությունը` ընտրելու իրեն ներկայացնող խորհրդարանը:

Ձեւավորվելիք խորհրդարանի բաղադրության, բաղադրատարրերի յուրահատկության եւ ընդհանրապես այն կազմող ուժերի դավանած աշխարհայացքի, գաղափարաբանության եւ քաղաքական դիրքորոշումների մասին այժմվանից կանխատեսումային պատկերացումներ փոխանցելը ճիշտ չէ: Որքան էլ վիճակագրական տվյալները ընդհանուր պատկերացումներ փոխանցեն, որքան էլ քաղաքական սթափ գնահատականը որոշակի պատկերացում տա խորհրդարանի ձեւավորման մասին, այսուհանդերձ կանխորոշման գործոնի բացարձակությամբ չպետք է առաջնորդվել:

Ժողովրդավարական երկրներին հարիր չեն բացարձակ կանխորոշումները: Ընտրության արդյունքները ժողովրդավարական հասկացողությամբ պետք է ունենան որոշակիորեն եւ իրենց չափով` հանկարծակիության գործոնի հնարավորությունը:

Կարելի է նշել մի քանի դիտարկումային արձանագրումներ:

Նախ, իհարկե չի կարելի ժխտել, որ բանավեճային մշակույթը թեկուզ ոչ ակնկալված տարողությամբ, այսուհանդերձ համարձակ քայլերով ինքն իրեն զգալի դարձրեց Հանրապետությունում: Հատկապես հեռուստաբանավեճային հաղորդումները նպաստեցին քաղաքացու տեղեկացվածության աստիճանաչափի բարձրացմանը: Հեռուստակայաններից հետ չընկան նաեւ էլեկտրոնային այն կայքերը, որոնք որոշ ժամանակ առաջ հաստատել էին համացանցային հեռուստացույցի դրույթները եւ ակտիվորեն քայլ պահեցին ընտրական մշակույթի նորարար ոճի առարկայացման ընթացքում:

Բնականաբար թե ՛ հեռուստացույցի եւ թե՛ կայքերի այս արտադրանքների հասանելիությունները բազմապատկվեցին սոցցանցերի միջոցով` ոչ միայն առաջին անգամ հետեւելու կարելիության ընձեռնմամբ, այլ նաեւ վերադիտումների առիթ տալով: Այստեղ արդեն քաղաքացին կամ օգտատերը կրավորական հետեւողից անցում կատարեց դեպի քննարկողի, տեսակետ հայտնողի կարգավիճակ:

Լեզվակռիվը, հռետորական փոխհրաձգությունը շատ դեպքերում տիրական երեւույթի վերածվեց այս քննարկումների ընթացքում. գաղափարականությունն ու ծրագրայնությունը հաճախ զիջեցին առաջին երեւույթին: Այսուհանդերձ նկատելի պարագաների ինչպես ներքին, ներհայաստանյան հարցերի, այնպես նաեւ համահայկական գործընթացների մասին բոլոր ուժերը հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց նախընտրական ծրագրերում ներառված հիմնադրույթները:

Եկամտահարկից մինչեւ հարկելու կամ չհարկելու համար աշխատավարձերի կամ շահույթների շեմերի ճշտման պահանջները, ներդրումային դաշտի կայացման համար տարբեր պատկերացումները, կրթակարգի վերաբերող խնդիրները, առողջապահության, թոշակի եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումները` կազմեցին ներհայաստանյան խնդիրների արծարծման առանցքները: Մինչ, արցախյան հակամարտության, պաշտպանության խնդիրների ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի, ինչպես նաեւ ՌԴ-ի, Իրանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վայրիվերումները արտաքին քաղաքականության այն գերակա ուղղություններն էին, որոնց շուրջ ընթացան թեժ բանավեճերը:

Ժողովրդավարական կարգերի ավանդություն կերտած երկրների դեպքում բանավեճերին առընթեր, անմիջականորեն, գրեթե ժամանակի իմաստով առընթեր տեղի են ունենում մասնակցող ուժերի վարկանիշերի նոր գրանցումներ: Այնտեղ տատանումները ակներեւ են եւ յուրաքանչյուր բանավեճ նկատելի ազդեցություն է ունենում տվյալ ուժի վարկանիշի բարձրացման կամ անկման վրա:

Այստեղ է, որ քաղաքացիական տեղեկացվածությունն ու դատողությունը իբրեւ նախընտրական մշակույթի կարեւոր բաղադրիչ անհրաժեշտ է, որ աշխատեն նպատակային: Եթե զգալի լինի մասնակցողի գաղափարաքաղաքական գերակայությունը իր մրցակցի հանդեպ կամ՝ հավելյալ տեղեկացվածությունն ու պատրաստվածությունը եւ երբ իբրեւ արդյունք վարկանշային աստիճանաչափերի կտրուկ տատանումներ տեղի չեն ունենում, դա նշանակում է կանխորոշման կարծրատիպի ամուր նստվածք:

Պարզ է միաժամանակ, որ ամեն ինչ հանգրվանային ու փուլային է. նաեւ՝ այս դեպքում: Բանավեճերը կիմաստավորվեն, եթե դրանց հաջողվի  քանդել կարծրատիպերը. փոխվեն ամեն գնով ընդդեմի համոզվածությամբ դիրքորոշվելու մոտեցումները եւ հետզհետե սկսեն զանգվածայնանալ բանավեճերին առընթեր վարկանիշերի եւ քարացած իրավիճակի փոփոխության միտումները: Իսկ այդ վարկանիշերի բարձրացումն ու անկումը

ժողովրդավարական հասկացողությամբ եւ 21-րդ դարի տեղեկացված քաղաքացիական հասարակարգի համարժեք` անմիջականորեն առնչություն ունեն կուսակցությունների, քաղաքական ուժերի ներկայացրած հայեցակարգերի գաղափարակայնությամբ եւ ծրագրայնությամբ ելեւէջող նշաձողերի հետ:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]