Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

ԱՄՆ Կանզաս նահանգը դեկտեմբերի 7-ը հռչակել է Սպիտակի երկրաշարժի օր


ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կանզաս նահանգը դեկտեմբերի 6-ը հռչակել է որպես Հայաստանի և Կանզասի միջև գործընկերության օր, իսկ դեկտեմբերի 7-ը՝ Սպիտակի երկրաշարժի օր: Հռչակագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը: Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողներին տեղեկացրին ՀՀ ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնից:

ԱՄՆ Կանզաս նահանգից Հայաստան ժամանած պատվիրակությունը, որը ղեկավարում է նահանգապետ Ջեֆ Քոլյերը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Լի Թաֆանելին, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի հետ միասին մասնակցեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդին: Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ հիշատակի արարողության ժամանակ Ջեֆ Քոլյերը իր ցավակցական կոչով դիմելով հայ ժողովրդին՝ նկատեց, որ իր կապերը Հայաստանի հետ սկիզբ են առել դեռևս 1988 թվականից, երբ որպես ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության օտարերկրյա աղետների օգնության գրասենյակի ներկայացուցիչ գործուղվեց Հայաստան ամերիկյան առաջին խմբերից մեկի կազմում՝ սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու երկրաշարժից փրկվածներին: «30 տարի առաջ ես չէի կարող պատկերացնել, որ կվերադառնամ կրկին այս քաղաք՝ որպես Կանզասի նահանգապետ, և մենք միասին կհիշատակենք այս անչափ կարևոր օրը, որը հայերի համար նաև տոկունության օր է: Դեկտեմբերի 7-ը շրջադարձային պահ էր իմ կյանքում: Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ կատարվել էր այդ օրը»,- նշեց Ջեֆ Քոլյերը ՝ անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչպես 30 տարի առաջ ԱՄՆ նորընտիր նախագահ Բուշը, կարևորելով Հայաստանին օգնելը, հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Գորբաչովի հետ, և նա համաձայնել է օգնությանը, թեև մինչ այդ երբեք նման բան չէր եղել: Հենց նույն օրը, մի քանի ժամ անց առաջին ինքնաթիռը ժամանել է Հայաստան: «Բառերը չեն կարող արտահայտել այն, ինչի ականատես եղանք, բայց այստեղ հանդիպեցինք մի զարմանալի երևույթի ՝ բարության ու սիրո ոգի տեսանք: Մենք տեսանք հայերի, որոնք պատրաստ էին հաղթահարելու այդ խոչընդոտը: Կանզասը նման է Հայաստանին, մեր կարգախոսն է ՝ փշերի միջոցով դեպի աստղեր: Ուստի, ուր էլ որ ես լինեմ աշխարհում ու հանդիպեմ հայերի, ես գիտեմ՝ հարուստ մշակույթ, գիտություն ու արժանապատվություն ունեցող ազգ է: Երբ 30 տարի առաջ ժամանեցինք Հայաստան՝ շատերին թվում էր ՝ Հայաստանի համար լավ օրերը մնացել են հետևում, մինչդեռ հիմա վստահ ենք՝ Հայաստանի լավագույն օրերը դեռ առջևում են: Հայերը հիշում են թե ինչ են կորցրել, և դա է հային յուրահատուկ դարձնում: Հայաստանը հատուկ շարժեց իմ, իմ ընտանիքի ու իմ երկրի սիրտը»,- եզրափակեց Կանզասի նահանգապետը:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ