Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Քաղաքացու որևէ հարց անպատասխան չի մնալու. Երևանի փոխքաղաքապետերն ու գլխավոր ճարտարապետն ընդունել են բնակիչներին


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով Երևանի քաղաքապետարանում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս անգամ բնակիչներին ընդունել են փոխքաղաքապետեր Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Եկամուտների հաշվառման և գանձման, գնումների ու ֆինանսական ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն առանձնացրել է այն հիմնական ուղղությունները, որոնցով հնարավոր է լուծումներ տալ բարձրացվող խնդիրներին: Որոշ հարցեր տեղում ստացել են պարզաբանումներ ու պատասխաններ:

Կարևորելով քաղաքացիների հետ մշտական կապի ապահովումը՝ առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման ու գովազդի ոլորտները համակարգող փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ըստ ոլորտների ներկայացրել է քաղաքապետարանի մոտեցումներն ու վստահեցրել, որ բնակչի որևէ հարց անպատասխան չի մնալու:

Երևանի գլխավոր ճարտարապետի մոտ քաղաքացիներն ընդունելության էին եկել քաղաքաշինական ու շինթույլտվությունների տրամադրման խնդիրներով: Արթուր Մեսչյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ապօրինի շինարարության ու հողազավթումների հանդեպ քաղաքապետարանի վերաբերմունքը հստակ է. այլևս դրանք չեն օրինականացվելու: Միևնույն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է, որ քաղաքապետարանը լինելու է բնակիչների գործընկերն ու սատարողը՝ օրինական ճանապարհով շինարարություն կատարելու գործում:

Քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ