Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

ԱՄՆ պատվիրակությունը մասնակցել է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին

ԱՄՆ պատվիրակությունը մասնակցել է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ 
տարելիցին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթ ԱՄՆ դեսպանությունը սիրով ընդունեց Միացյալ Նահանգների Կանզաս նահանգից ժամանած պատվիրակությանը, որը ղեկավարում էին նահանգապետ Ջեֆ Քոլյերը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, պատվիրակությունը մասնակցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով հայ ժողովրդին:

Նահանգապետ Քոլյերը ՀՀ կառավարությանը փոխանցեց հռչակագրեր, որոնցով դեկտեմբերի 6-ը Կանզաս նահանգում հռչակվում է որպես Հայաստանի և Կանզասի միջև գործընկերության օր, իսկ դեկտեմբերի 7-ը՝ Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր: Նահանգապետի կապերը Հայաստանի հետ սկիզբ են առել դեռևս 1988թ-ից, երբ որպես  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Օտարերկրյա աղետների օգնության գրասենյակի ներկայացուցիչ գործուղվեց Հայաստան ամերիկյան առաջին խմբերից մեկի կազմում ՝ սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու երկրաշարժից փրկվածներին:

Ուրբաթ օրը պատվիրակությունը Գյումրիում պատիվ ունեցավ մասնակցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված Աղետների դիմակայության օրվա միջոցառումներին և ծաղկեպսակ դնել անմեղ զոհերի հուշահամալիրում:

Պատվիրակությունը նաև ուղևորվեց Վանաձոր՝ հանդիպելու Ապագա առաջնորդների փոխանակման ՖԼԷՔՍ ծրագրի շրջանակում այս պահին Կանզաս նահանգում ուսանող ավագ դպրոցի սան Էմիլյա Նազինյանի ընտանիքին: Նահանգապետը ուրախությամբ ընտանիքին փոխանցեց Էմիլյայի ուղարկած փաթեթը և ընդունեց ընտանիքի պատրաստած փաթեթը, որն իր հետ կտանի և կհանձնի Էմիլյային, քանզի անչափ կարևորում է ընտանեկան կապերը պահպանելու անհրաժեշտությունը, նույնիսկ եթե ընտանիքի անդամները միմյանցից հազարավոր մղոններ հեռու են:

Այս շաբաթ ավելի վաղ գեներալ Թաֆանելին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի հետ միասին հանդիպում էր ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ: Գեներալը նաև հանդիպումներ է ունեցել Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաների հետ և հետևել երկրաշարժի սիմուլյացիոն վարժանքին:

Գեներալ Թաֆանելին ղեկավարում է Կանզասի Ցամաքային ուժերի և ավիացիայի ազգային գվարդիան: Կանզասի ազգային գվարդիան այս տարի ավելի վաղ տոնեց Հայաստանի հետ գործընկերության 15-ամյա հոբելյանը: Գործընկերությունը մեկնարկել է 2003թ.-ից և այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը և Կանզաս նահանգը համատեղ իրականացրել են մի շարք ծրագրեր ու փոխանակումներ զինված ուժերի, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ գործունեության, բիզնեսի, առողջապահության, հանրային առողջապահության, կրթական և մարդասիրական հարցերի շուրջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]