Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

BBC-ն ներկայացրել է Սպիտակի երկրաշարժից փրկված Անահիտ Կարապետյանի պատմությունը

BBC-ն ներկայացրել է Սպիտակի երկրաշարժից փրկված Անահիտ Կարապետյանի 
պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բրիտանական BBC հեռուստաընկերությունը 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ ռեպորտաժ է պատրաստել երկրաշարժի ականատես Անահիտ Կարապետյանի մասին, ով ժամեր շարունակ մնացել է դպրոցի փլատակների տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անահիտ Կարապետյանը BBC-ին ներկայացրել է իր պատմությունը:

Նա  պատմել է երկրաշարժի ժամանակ ինքը եղել է 15 տարեկան: «Ես սովորում էի 8-րդ դասարանում: Մեզ մոտ ֆիզիկայի դաս էր, երբ ձայն լսեցինք, որը նման էր ամպրոպի: Ուսուցչի հետևի պատը սկսեց փլվել: Երբ ես ուշքի եկա, զգացի, որ չեմ կարողանում շնչել, բերանս հող էր լցվել: Ես ինքս ինձ հավաքեցի և նայեցի շուրջս: Կողքս իմ դասընկեր Գարիկն էր: Նա փորձում էր շարժվել: Բետոնե կտորը ընկել էր իր ստամոքսին ու  իմ ոտքին: Մենք երկու քարերի արանքում էինք: Ես երկու ժամ հետո  լսեցի  մորս ձայնը: Փոքր անցք կար այդ քարերի արանքում, և ես հասա դրան, դուրս հանեցի ձեռքս ու ասացի՝ մայրիկ, ես այստեղ եմ, սա իմ ձեռքն է: Նա խնդրում էր, որ ինձ փրկեին: Այդ պահին ես մտածեցի, որ, միգուցե, իմ ընտանիքի անդամներից ոչ ոք ողջ չի մնացել, միգուցե, ես և իմ մայրը միակն էինք, և հանուն մորս ես պարտավոր էի ողջ մնալ: Հետո ես լսեցի իմ պապիկի ձայնը: Պապիկս մեխանիկ էր, նա շատ խելացի մարդ էր և հասկացավ, որ չեմ կարող շարժվել, եթե շարժվեի, մնացած հատվածն ամբողջությամբ կթափվեր մեր վրա: Ես լսեցի, որ ամբարձիչ կռունկներ են բերում: Նրանց հաջողվեց հեռացնել բոլոր սալաքարերը և ազատել ինձ ու Գարիկին։ Մեզ շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին մոտակա հիվանդանոց»,-հիշել է ականատեսը:

Նա հետո է իմացել, որ մայրը մնացել է Սպիտակի դպրոցում:  Անահիտ Կարապետյանը պատմել է, որ մայրն իր որդու մարմինն էր տեսել փլատակների տակ: Նա հիշել  է, որ մայրն այնպիսի վիճակում է եղել, որ հրաժարվել է գալ ինչպես իր եղբոր, այնպես էլ հոր թաղմանը:

«Բայց իմ պապն ասաց, որ նա պետք է ընդունի եղածը և չպիտի կորի թախիծի մեջ, քանի որ 3 երեխա ունի մեծացնելու: Պապիս խոսքերը մեծ ուժ տվեցին մորս: Մենք ինքներս մեր մեջ ուժ գտանք փրկվելու և ապրելու համար»,-եզրափակել է Անահիտ Կարապետյանը:

Անահիտ Կարապետյանը նաև պատմել է, որ իր դասընկերոջ՝ Գարիկի կյանքը փրկել չի հաջողվել:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Լրիվ կամ մասնակի ավերվել են Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]