Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հակոբյանների բազմանդամ ընտանիքի կյանքն ընդհատվեց 1988-ի դեկտեմբերի յոթին.  երկրաշարժից երեսուն տարի անց «Արմենպրես»-ն անդրադառնում է Հակոբյանների պատմությանը

Հակոբյանների բազմանդամ ընտանիքի կյանքն ընդհատվեց 1988-ի դեկտեմբերի յոթին.  
երկրաշարժից երեսուն տարի անց «Արմենպրես»-ն անդրադառնում է Հակոբյանների 
պատմությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից երեք ամիս առաջ Արշակ Հակոբյանը բնակարան էր ստացել Լենինականի  «Վարդբաղ» թաղամասում: Ուրախացել ու աշխարհով մեկ էին եղել Արշակը, նրա կինը` Սոնան և երեք զավակները` Երանուհին, Անուշիկն ու Երեմիկը: Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը պայծառ ու լուսավոր երազներ ուներ ապագայի հանդեպ, ավաղ, երկրաշարժը, որը չխնայեց ծերի ու մանկան, երիտասարդի ու պատանու, ընդհատեց նաև Հակոբյանների կյանքը` հավերժական սգի դատապարտելով Արշակի հորը` Երեմ պապին:

«Արմենպրես»-ը պատմում է` Երեմ պապի  վշտից խելակորույս  ձայնն  ամեն օր լսելի էր  Արագածի շրջանի Բերքառատ գյուղի գերեզմանոցում: «Արշակ, Սոնա, Երանուհի, Անուշիկ, Երեմիկ, ինչո՞ւ մենակ թողեցիք ինձ»:

Այսպես կրկնում էր նա մինչև իր մահը:

Ճակատագրի չար կատակով մենակ էր մնացել Երեմ պապը՝ ասես ողբալու,  տառապելու և տանջվելու:  Մինչդեռ ուրախ ու երջանիկ ապրում էին  Լենինականում: Արշակն աշխատում էր որպես քննչական մեկուսարանի հսկիչ, իսկ Սոնան մեծացնում էր իր երեք զավակներին: Փոքրի անունը դրել էին Երեմիկ՝ ի պատիվ Երեմ պապի: Եվ վերջինս հպարտանում էր, մեծ հույսեր  էր կապում այս փոքրիկի հետ՝ մտածելով, որ կծխա Հակոբյանների օջախն իր փոքրիկ Երեմիկով: Երազում էր նրան տեսնել մեծացած, իր ժողովրդին ու ծնողներին արժանի զավակ դարձած:

Ավաղ, երկրաշարժն ընդմիշտ հանգցրեց այդ տան ծուխը` փշրելով Երեմ պապի երբեմնի գեղեցիկ երազանքները, թողնելով նրան մեն-մենակ վշտի ծանր բեռան տակ:

Երեմ պապը մեկ առ մեկ դողդոջ ձեռքերով փարվում էր հինգ մեծ ու փոքր հողաբլուրներին, ձայն տալիս սրտակեղեք և անշարժանում անզոր, ուժաթափ: Նա ամեն օր վառվող մոմերի հաջորդականությամբ ժամապահում էր հարազատ  հողաթմբերի մոտ, կիսաձայն զրուցում՝ ասես կենդանի մարդկանց հետ:

Անցնող ու դարձող մարդիկ լուռ ու վշտահար նայում էին նրան, ամեն ինչ հասկանում: Անձայն այս գերեզմանը Երեմ պապի համար իր որդու` Արշակի տունն էր, թոռնիկների օրորոցը, իր խռոված հոգին դատարկելու, թեթևացնելու միակ ու մշտական վայրը: 

Ի հիշատակ Արշակ և Սոնա Հակոբյանների՝  արհավիրքի անմեղ զոհերի,  Արագածի շրջանի Բերքառատ գյուղի գերեզմանոցում Օնիկ Հակոբյանը՝ Արշակի եղբայրը, սեփական միջոցներով մի գեղեցիկ խաչքար էր կանգնեցրել:

Այստեղ հաճախ էին այցելում ոչ միայն գյուղի, այլև մայրաքաղաքի, հանրապետության տարբեր շրջանների ու քաղաքների բնակիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների սրբազան հիշատակին:

Երեսուն տարի առաջ Սպիտակի երկրաշարժը խախտեց Հայաստանի անդորրը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]