Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երկրաշարժից փրկվածներին լուսանկարելն իմ մասնագիտական պարտականությունն էր. «Արմենպրես»-ի լուսանկարչի հուշերում դեռ թարմ են աղետի մասին հիշողությունները

Երկրաշարժից փրկվածներին լուսանկարելն իմ մասնագիտական պարտականությունն 
էր. «Արմենպրես»-ի լուսանկարչի հուշերում դեռ թարմ են աղետի մասին 
հիշողությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեսուն տարի առաջ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերակների վերածվեցին Հայաստանի հյուսիսային մասի մեկուկես տասնյակ քաղաքներ, շուրջ 60 գյուղ: Ընդամենը 35-45 վայրկյանում զոհվեց 25.000 մարդ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներդրեց իր բոլոր հնարավորություններն աշխարհին իրավիճակը հավաստի ներկայացնելու համար: Գործակալության թղթակից Մխիթար Խաչատրյանի լուսանկարները մեծ տարածում գտան ոչ միայն մեր երկրի սահմաններում, այլև արտերկրում` նպաստելով աղետից տուժած ընտանիքներին օգնություն տրամադրելուն:

-Կխնդրեի պատմել, թե ե՞րբ իմացաք, որ երկրաշարժ է եղել, որտե՞ղ էիք այդ ժամանակ, միանգամի՞ց մեկնեցիք դեպքի վայր:

-Դեկտեմբերի 7-ին կոմկուսի Էջմիածնի քաղկոմում էի` երրորդ քարտուղարի  աշխատասենյակում: Այդ ժամանակ մեր երկրում շատ էին փախստականները: Քարտուղարը զանգեր էր կատարում, փորձում էր իմանալ, թե փախստականներն ինչպես են տեղավորվել, ինչ պայմաններում են: Մինչ նա ճշտումներ էր անում, ցնցում եղավ, վայրկյաններ անց հետևեց երկրորդ ցնցումը, և ես իմ լուսանկարչական  սարքավորումները գիրկս դրեցի: Երրորդ ցնցումից հետո աշխատասենյակից դուրս թռանք: Կատարվածի մասին հստակ տեղեկություն չկար:

Վերադարձա Երևան: Այստեղ գիտեին, որ երկրաշարժ է տեղի ունեցել, բայց  ոչ ոք չէր  պատկերացնում մասշտաբները: Մեքենայով մեկնեցինք Սպիտակ: Ճանապարհին  եզդիական գյուղեր կային, քանդված պատեր: Իջնում էինք մեքենայից և լուսանկարում` չիմանալով, թե ինչ ենք տեսնելու Սպիտակում:

Հասանք Սպիտակ. իրավիճակն անհասկանալի էր: Կենտրոնում թողեցինք մեքենան և սկսեցինք պտտվել: Շալերով փաթաթված կանայք էին հանդիպում, շատ էին դիակներն ու վիրավորները:

Մի կնոջ դի կար, որը մինչ օրս հիշում եմ: Գեղեցիկ կին էր, ասես կենդանի լիներ: Երկու տղա էին անցնում, և, քանի որ ինքս չեմ կարողանում դիպչել դիակների, նրանց խնդրեցի ուղղել այդ կնոջը, որպեսզի լուսանկարեմ: Տղաները քթի տակ ինչ-որ բան ասացին, ես բացատրեցի, որ, եթե կարողանայի ինքս դա անել, նրանց չէի դիմի: Տղաներից մեկն էլ պատասխանեց, որ, եթե ինքը կարողանար, փլատակների տակից մոր դին կհաներ: Այդ ժամանակ  հասկացա` ինչ է կատարվում, զգացի, որ պետք է շատ զգույշ լինել: Բոլորը լարված էին, և ամեն մարդ ամեն վայրկյան կարող էր «պայթել»:

-Լուսանկարեցի՞ք այդ կնոջը:

-Չեմ հիշում: Պետք է խոստովանեմ, որ աշխատում եմ դիակներ չնկարել: Մի ծաղկանոցում հեռուստացույց էր ընկած, արկղ, էլի ինչ-որ բան և մի դի. ասես նատյուրմորտ լիներ: Այդ տեսարանը լուսանկարել եմ:

-Այդ օրերին ինչպե՞ս էին տարածվում աղետի մասին լուրերը, լուսանկարները:

-Լուսանկարները միայն «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկայի միջոցով էին տարածվում, քանի որ ֆոտոհեռագիր ունեինք: Աշխարհի բոլոր ծայրերից եկած լուսանկարիչները մեր մոտից էին դա անում: Ես հնարավորություն ունեի տարածել իմ աշխատանքները: Շատ լուսանկարիչներ լավ գործեր ունեն, բայց չեն կարողացել դրանք ժամանակին ներկայացնել հանրության լայն շրջանակին:

-Ձեր ամենահայտնի լուսանկարներից մեկը` «Քսաներորդ դարի տիրամայրը», տպագրել են աշխարհի բոլոր մայրցամաքներում հարյուրավոր թերթեր և այլ լրատվամիջոցներ: Կանդրադառնա՞ք այդ լուսանկարի պատմությանը:

-Լուսանկարում Մարինե Նուրոյանն է և իր երեք դուստրերը: Երեխաներից մեկը  դպրոցի փլատակների տակ էր մնացել, մյուս երկուսը մոր մոտ էին եղել, իսկ ամուսինը` դրսում: Բոլորն են փրկվել: (Հետագայում ամուսինները նաև որդի ունեցան): Այս լուսանկարը դեկտեմբերի 9-ին եմ արել: Ամսի տասին այն տպագրվեց «Իզվեստիա» թերթում: Օրեր հետո ինձ մի նամակ հանձնեցին, որում մի ռուս կին լուսանկարն անվանել էր «Քսաներորդ դարի տիրամայր»: Այդտեղից էլ մնաց անվանումը:

Նկարի հերոսուհին 28 տարեկան է: Քսան տարի անց կրկին լուսանկարեցի այդ կնոջը՝ արդեն չորս թոռան հետ: Նշեմ, որ այդ ընտանիքը լուսանկարի շնորհիվ բնակարան ստացավ: Ավստրիացիները որոշել էին հանգանակություն իրականացնել և օգնել Հայաստանին: Այդ լուսանկարը վերածել էին պաստառի, և այն մարդիկ, ովքեր մասնակցում էին հանգանակությանը, ասել էին, որ  ուզում են հենց այդ ընտանիքն ապրի այն բնակարանում, որին իրենք գումար են տրամադրում:  

-Երկրաշարժից հետո «Արմենպրես»-ի տրամադրած լուսանկարներով Անգլիայում հրատարակվեց «Armenia» ալբոմը:  Ի՞նչ դերակատարություն այն ունեցավ:

-«Sunday  express»-ը հրատարակեց այն: Ալբոմը վաճառվել է Լոնդոնում, և դրանից ստացված ողջ գումարը տրամադրվել է Հայաստանին օգնություն ցուցաբերող անգլիական հիմնադրամին: Այդ գումարով Գյումրիում կառուցվեց անգլիական դպրոց, որի բացմանը մասնակցեց Միացյալ Թագավորության վարչապետ Մարգարետ Թետչերը, ում ևս առիթ ունեցա լուսանկարել: Ալբոմում տեղ գտած լուսանկարներից մեկում մահճակալին պառկած երեխա էր: Այդ լուսանկարի հետքերով «Sunday  express» թերթի երկու թղթակից եկան Հայաստան: Գտան երեխային, մորը, օգնեցին նրանց:

-Այդ օրերին պատկերացնո՞ւմ էիք ձեր աշխատանքի կարևորությունը, այն, որ ձեր  լուսանկարները կարող են մարդկանց կյանքում որոշիչ դեր կատարել:

-Աշխատել եմ Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ պատճենահանում էի  ֆիդայիների լուսանկարները։ Եթե այն ժամանակ լուսանկարիչները նրանց նկարած չլինեին, մենք չէինք ճանաչի մեր ֆիդայիներին: Երկրաշարժից փրկվածներին լուսանկարելն իմ մասնագիտական պարտականությունն էր:

- Վստահ եմ` հեշտ չի եղել երկրաշարժ լուսաբանելը: Ֆոտոլրագրողը նման ծանր իրավիճակներում ինչպե՞ս պետք է պահպանի սառնասրտությունը:

-Առաջին օրը մի քանի ժամ եմ եղել Սպիտակում: Դեռ չէի գիտակցում, թե ինչ է կատարվել: Սկզբում ձիգ, ուղիղ էինք շրջում,  ընթացքում սկսեցինք կռացած ման գալ, ասես կոտրվում ես, պարտվում պատերազմում, զգում ես, որ ուժերդ չեն հերիքում:

Երևանի օդանավակայանը մեր տանը մոտ էր: Չէի գալիս «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկա, ուղղաթիռով կամ ինքնաթիռով մեկնում էի աղետի գոտի: Այդ փոխադրամիջոցներով բերում էին վիրավորների, հաճախ հարազատներն էլ էին նրանց հետ լինում: Լաց էր, ողբ: Ես էլ էի լաց լինում: Անգամ հիմա եմ կարող արտասվել, երբ տղամարդն է լալիս:

Երբ հասնում էի Գյումրի,  ասես վերածվում էի ռոբոտի: Մարդիկ ողբում էին, իսկ ես պետք  է նկարեի: Այնուամենայնիվ, այդ ամենը ծանր ազդեցություն է թողել ինձ վրա: Այն մարդիկ, որոնք մասնակցել են փրկարար աշխատանքներին, եղել են Սպիտակում, ցնցված են մինչ օրս:

Երկրաշարժից հետո Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։

Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և հետո շինարարական աշխատանքներ կատարել։

Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին հայրենիք՝ իրենց հետ բերելով սննդամթերք, հագուստ, դեղորայք։ Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]