Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մի ողջ կյանք. Կանզաս-Հայաստան համագործակցությունը 15 տարեկան է

Մի ողջ կյանք. Կանզաս-Հայաստան համագործակցությունը 15 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքի շրջանակներում այսօր կայացավ Կանզասի ազգային գվարդիայի ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլի գլխավորությամբ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակության և Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցության նպատակով Կանզասի պատվիրակության այցը Հայաստան դիտարկում է որպես 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ ԱՄՆ նահանգի կողմից հայ ժողովրդին ցուցաբերված օգնության շարունակություն:

«Այս տարի մենք նշում ենք ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի և ԱԻՆ փաստացի համագործակցության 15-ամյակը: Չնայած համաձայնագիրը ստորագրվել է  2010թ.-ին, սակայն փաստացի այն սկսվել է 2003թ.-ին: Դա մի ամբողջ կյանք է: Բեղուն համագործացության շնորհիվ մենք հնարավորություն ստացանք զարգացնել մեր մարզային հրշեջ-փրկարարական ծառայությունների կարողությունները»,- նշեց Արա Նազարյանը:

Լի Թաֆանելլին շնորհակալություն հայտնեց հրավերի և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումներին ներկա գտնվելու հնարավորության համար:

«Մեզ համար շատ կարևոր է  միշտ հիշել անմեղ զոհերին: Սակայն չափազանց կարևոր է նաև հասնել նրան, որպեզի նման բնական արհավիրքների ժամանակ նմանատիպ ողբերգություններ այլևս երբեք տեղի չունենան»,- նշեց Լի Թաֆանելլին:

Լի Թաֆանելլին ասաց, որ իրենք անհամբերությամբ սպասում են  աղետների ռիսկի նվազեցման գալիք տարի կայանալիք վարժանքներին, որոնք նախատեսվում է իրականացվել Սյունիքի մարզում: «Ոլորտներից մեկը, որում մենք ակնկալում ենք ակտիվ համագործակցություն, դա անտառային հրդեհների դեմ պայքարն է: Մենք ունենք հատուկ թիմ, որը մասնակցել է անտառային հրդեհների դեմ գործողություններին: Նրանք ևս կմասնակցեն գալիք տարի Սյունիքում կայանալիք վարժանքներին»,- նշեց Լի Թաֆանելլին:

Հանդիպմանը ներկա ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նույնպես կարևորեց անտառային հրդեհների դեմ պայքարի գործում երկկողմ համագործակցությունը:

Արա Նազարյանն, անդրադառնալով երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին, գոհունակություն հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի նաև գալիք 2019թ.-ին՝ առաջարկով ամերիկյան կողմի աջակցությամբ ՀՀ ճգնաժամային կառավարման ակադեմիայի դասախոսական կազմի և ուսանողների համար կազմակերպել հեռավար դասընթացներ ռիսկերի և ճգնաժամերի կառավարման ոլորտում:

Կանզասի նահանգի պատվիրակության ղակավարը պատասխան խոսքում նշեց, որ իրենք բաց են համագործակցության բոլոր առաջարկների և գաղափարների քննարկման համար:

Արա Նազարյանը շնորհակալություն հայտնեց նահանգի պատվիրակությանը Կանզասում դեկտեմբերի 7-ը՝ որպես Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի, ինչպես նաև դեկտեմբերի 5-ը «Կանզաս-Հայաստան համագործակցության օր» հռչակելու վերաբերյալ որոշման համար:

Հանդիպման վերջում Արա Նազարյանը Լի Թաֆանելլին պարգրևատրեց ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Գեներալ-մայոր Լի Թաֆանելլի իր հերթին պաշտոնապես Արա Նազարյանին հանձնեց Կանզասում դեկտեմբերի 7-ը որպես Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին հռչակագիրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]