Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են իրականացվելու


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ ամբողջ երկրում անցկացվելու են միջոցառումներ՝ ի հիշատակ հայ ազգի այդ ողբերգական էջի տարելիցի:

Դեկտեմբերի 7-ին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի եկեղեցիներում, տարբեր քաղաքներում՝ հայկական խաչքարերի մոտ, ինչպես նաև մի քանի ուղղափառ եկեղեցիներում անցկացվելու են հիշատակի պատարագներ՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Հայ համայնքներում կլինեն նաև ֆիլմերի ցուցադրություններ և այլ թեմատիկ միջոցառումներ:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի է ունեցել ավելի քանի 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ: Այն ընդգրկել է հանրապետության տարածքի մեկ երրորդը: Ավերվել էին Գյումրին (այն ժամանակ՝ Լենինական), Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը և հարյուրավոր գյուղեր ու ավաններ: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել էր 25 հազար մարդ և անօթևան մնացել 530 հազարը: Աղետի լուրը Հայաստանի վրա բևեռեց համայն մարդկության ուշադրությունը: Դեկտեմբերի 8-ին Երևան ժամանեց ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, իսկ երկու օր անց աղետի գոտի եկավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովը: Աղետի գոտում են եղել նաև այլ երկրներից ժամանած մի շարք պաշտոնական անձինք Ուկրաինայից և այլ եվրոպական տարբեր երկրներից:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ