Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

#ԿինոՇաբթի. «Վայրի քաղաքների ժամանակագրությունը» և ևս 3 նոր ֆիլմ կհայտնվի հայկական կինովարձույթում

#ԿինոՇաբթի. «Վայրի քաղաքների ժամանակագրությունը» և ևս 3 նոր ֆիլմ կհայտնվի 
հայկական կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Դեկտեմբերի 6-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 2 նոր ֆիլմ: Եվս երկու ֆիլմ կինոէկրաններին կհայտնվի երկու օր անց՝ դեկտեմբերի 8-ին:

«Վայրի քաղաքների ժամանակագրությունը»

Աշխարհի կործանումից հազարամյակներ են անցել։ Մարդկությունն ադապտացվել է ու ապրում է նոր օրենքներով։ Հանուն ռեսուրսների` ահռելի շարժական մեգապոլիսները տեղաշարժվում են ամայության մեջ ու կլանում փոքր քաղաքները։ Թոմ Նեթսուորթին կանգնում է մահացու վտանգի առջև, երբ նրա ճանապարհին հայտնվում է օրինազանց Էսթեր Շոուն։ Նրանք չպիտի հանդիպեին, բայց նրանց վիճակված է փոխել ապագան։

Ռեժիսոր`Քրիստիան Ռիվերս, դերերում՝ Հյուգո Ուիվինգ, Հերա Հիլմեր, Սթիվեն Լենգ և այլք:

«Իդեալական ծուղակ»

Զույգը հարաբերությունները վերականգնելու նպատակով հանգստյան օրերին տուն է վարձակալում Իտալիայի գյուղերից մեկում: Բրայանն ու Քեսին վստահ են՝ ռոմանտիկ հանգիստը հարաբերությունների կարգավորման լավագույն տարբերակն է: Սակայն երիտասարդ զույգը բախվում է տարօրինակ անծանոթի, ով նրանց է ներքաշում վտանգավոր խաղի մեջ: Ոչ ոքի վստահել այլևս հնարավոր չէ...

Ռեժիսոր՝ Ջորջ Ռետլիֆ, դերերում՝ Էմիլի Ռատակովսկի, Աարոն Փոլ, Ռիկարդո Սկամարչո և այլք:

«Շչելկունչիկը և չորս թագավորությունները»

Ստանալով սուրբծննդյան ինքնատիպ նվեր՝ երիտասարդ Կլարան տեղափոխվում է կախարդական աշխարհ: Ճամփորդելով ձյան, ծաղիկների ու քաղցրավենիքի երկրներով՝ նա պետք է հասնի նաև չորրորդ թագավորություն: Այստեղ նա ստիպված է լինելու դիմակայել մկների մի ամբողջ բանակի և նրանց վտանգավոր արքային:

Ռեժիսոր՝ Լասե Հալսթրոմ, Ջո Ջոնսթոն, դերերում՝ Մաքենզի Ֆոյ, Քիրա Նայթլի, Մորգան Ֆրիման և այլք:

«Էրկեն Կիշեր»

Տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ ճակատագրերը կապված են գայլի և գնդաձև քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տերերին: Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից,  անցնելով 1915-ի հայկական կոտորածների սարսափների  միջով՝ հասնում է մինչև մեր օրերը և ավարտվում ամուսնական զույգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վերհանելով եռանկյունու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժեքները, որոնք ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը:

Ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան, դերերում՝ Շանթ Հովհաննիսյան, Սամվել Գրիգորյան, Լուիզա Ներսեսյան և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]