Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետգույքի կոմիտեն անցում է կատարում ամբողջությամբ էլեկտրոնային աճուրդի համակարգի

Պետգույքի կոմիտեն անցում է կատարում ամբողջությամբ էլեկտրոնային աճուրդի 
համակարգի

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական գույքի կոմիտեն անցնում է կատարում ամբողջությամբ էլեկտրոնային աճուրդների համակարգի: Կոմիտեն նաև աշխատանքներ է տանում, որ մյուս գերատեսչություններում, մասնավոր հատվածում ևս գույքի աճուրդները տեղի ունենան այդ համակարգի միջոցով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ամփոփեց իր պաշտոնավարման ընթացքում կառույցի աշխատանքներն ու մատնանշեց առաջիկա փոփոխությունները: «Աճուրդների էլեկտրոնային համակարգերի համար դեռ նախորդ իշխանության ժամանակ ստեղծվել են հիմքեր: Հիմա անցում կատարելով ամբողջությամբ էլեկտրոնային աճուրդի համակարգի՝ մարդկային գործոնը լրիվ դուրս կգա, և, հետևաբար, կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը»,-ասաց Բաբայանն ու հավելեց, թե իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախորդ իշխանության ժամանակ անհասկանալիորեն աճուրդներ տեղի չեն ունեցել:

Չկայացած աճուրդից հետո գույքի գինը նվազում է 20 տոկոսով: Կոմիտեի նախագահի խոսքով՝ փաստորեն նախկինում եղել են դեպքեր, երբ գույքը վաճառվել է 5 հետաձգված աճուրդից հետո: Դա նշանակում է, որ գույքի գինը 5 անգամ 20 տոկոսով նվազել է: «Կասկածներ կան, որ տարբեր մեխանիզմներով շատ դիմորդների թույլ չեն տվել մասնակցել և գնել, և այն վաճառվել է նախապես պայմանավորված անձի կամ իրավաբանական անձի հետ: Էլեկտրոնային աճուրդները կբացառեն այդ ամենը»,-նշեց նա:

Կոմիտեն հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով նաև գովազդելու է այդ գործիքը՝ էլեկտրոնային աճուրդների կայքը: Կարծում են, որ փետրվար ամսին համակարգը լիարժեք պատրաստ կլինի: Մասնավոր հատվածից անհատները կարող են, օրինակ, իրենց մեքենաները ևս վաճառել այս աճուրդով:

Կոմիտեի նախագահն իր պաշտոնավարման ընթացքում ծանոթացել է առկա խնդիրներին: Ամենամեծ խնդիրը, թերևս, համարում է պետական գույքի արդյունավետ կառավարումը: Նա կարծում է, որ դրա արդյունավետությունը պետք է բարձրացվի, և այդ նպատակի համար ամենակարևորը ամբողջ գույքի հաշվառման և գույքագրման բազան է: «Դեռ նախորդ իշխանության ժամանակից սկսել է էլեկտրոնային ինտեգրացված բազայի ստեղծման գործընթաց: Մենք պարզեցինք, որ այդ բազայի հետ կապված ևս խնդիրներ կան, կան ուռճացված ծախսեր: Եվ մենք սկսել ենք բազայի փոփոխման աշխատանքներ, արդյունքում կստանանք շատ ավելի որակյալ և արդյունավետ էլեկտրոնային բազա: Դրա շնորհիվ նաև հանրության համար հասանելի կլինի պետական գույքի վիճակը»,-ասաց Բաբայանը: Համայնքային գույքերը կոմիտեի ենթակայության տակ չեն, Բաբայանը, սակայն, կարծում է, որ հաջորդ փուլում ճիշտ կլինի, որ այդ բազայում արտացոլվի նաև համայնքային պետական գույքը:

Կոմիտեն նաև մի շարք փոփոխություններ է նախատեսում կառավարության որոշումներում և օրենքներում: Հայաստանում կա շուրջ 8800 պետական գույք, որոնցից որոշները գտնվում են այլ գերատեսչությունների ենթակայության տակ: Կոմիտեի նախագահի խոսքով՝ այս պարագայում ունենում են ինֆորմացիոն խզումներ: «Կարծում ենք՝ ճիշտ կլինի, որ ամբողջը մեկտեղվի: Եվ սրա հետ կապված առաջարկությամբ ենք հանդես գալու, որ ողջ պետական գույքը գտնվի կոմիտեի ենթակայության տակ»,-ասաց նախագահը:

Այս նախաձեռնությունը Բաբայանը հիմնավորեց հետևյալ կերպ. իրենց բալանսում գտնվող դպրոցները իրականացնում են իրենց բնականոն գործունեությունը, սակայն կոմիտեն տիրապետում է դրանց հետ կապված ողջ ինֆորմացիային: «Եթե դպրոցի տարածքում մի հատված տրվում է վարձակալության, ապա մեզ հետ համաձայնեցված է լինում, և դա տեղի է ունենում աճուրդով: Երբ դպրոցը մեր ենթակայության տակ չէ, ունենում ենք ինֆորմացիայի խիստ պակաս, օպերատիվությունը ևս նվազում է: Մեր խնդիրն է այդ գործընթացներն արագացնել տարբեր մեխանիզմներով»,-ասաց Բաբայանն ու հավելեց՝ թվայնացումը կբարձրացնի արդյունավետությունը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]