Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալական արվեստի բարոկկո ոճի  եզակի գլուխգործոցները ներկայացվում են Երևանում

Իտալական արվեստի բարոկկո ոճի  եզակի գլուխգործոցները ներկայացվում են 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Արիչչա քաղաքի «Պալացցո Կիջի» թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշ ներառված է «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» ցուցահանդեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Ցուցահանդեսը ներկայացնում է բարոկկո  գեղագիտության ծագումն ու տարաբնույթ մշակումները: Հայաստանի ազգային պատկերասրահում կենտրոնացված են մի շարք գլուխգործոցներ, որոնք չեն դադարում հմայել ու զարմացնել: Բերնինիի դպրոցի տարբեր աշխատանքներ խորհրդանշում են մի վճռորոշ գեղանկարչական ժամանակաշրջան, որը մեկնարկեց Հռոմում ու նախաձեռնեց բոլոր ժամանակների ամենափառահեղ գեղանկարչական շրջաններից մեկը, որը, ծագելով Բել Պաեզեում և ապա հատելով Ալպերը, իր ճառագայթները սփռեց հերկուլեսյան սյուներից մինչև Սանկտ Պետերբուրգ»,- նշեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ   և լիազոր   դեսպան  Վինչենցո դել Մոնակոն: 

Նա  հավելեց, որ ցուցահանդեսը  ևս մեկ առիթ է հարստացնելու  և ամփոփելու տարին, որն արդեն իսկ հատուկ է Իտալիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այս տարվա ընթացքում պետական այցով Հայաստան եկավ  Իտալիայի Հանրապետության նախագահը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ «բարոկկո» պորտուգալերեն նշանակում է մարգարիտ, և այս ցուցահանդեսի բացումը յուրահատուկ մարգարիտ է, որին ինքն ուրախ է մասնակցել:

«Եվրոպայում, սովորաբար, արշավներն անցկացվել են զենքերի միջոցով, իսկ Իտալիային հաջողվեց այդ արշավները կազմակերպել արվեստի և մշակույթի միջոցով: Բարոկկոն սկզբում տարածվեց  Արևմտյան, հետո՝ Կենտրոնական Եվրոպայում, իսկ հետո՝ անգամ Հյուսիսային ամենացուրտ Եվրոպայում: Այն հասել է Եվրոպայի բոլոր անկյուններ, բայց չէր եղել Հայաստանում, ուստի, մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք այդ գեղեցկությունը ներկայացնել այստեղ»,- եզրափակեց Սվիտալսկին:

ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանն ընթերցեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի ուղերձը, որում ասվում է. «Այս ցուցահանդեսը մեծ իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում, քանի որ Երևանում են հյուրընկալվել Իտալիայի Արիչչա քաղաքի «Պալացցո Կիջի» թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշ: Հայ-իտալական մշակութային կապերն ամուր հիմքի վրա են և ունեն դարերի պատմություն: Թե՛ Հայաստանում, թե՛ Իտալիայում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց նպատակը հանրությանը երկու երկրների բազմադարյա մշակույթին ծանոթացնելը և երկու երկրների բարեկամությունը վերահաստատելն ու ամրապնդելն է»:

Արվեստասերները ցուցահանդեսում ներկայացված ինքնատիպ ու յուրահատուկ գործերը տեսնելու հնարավորություն կունենան երկու ամիս և 15 օր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]