Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Երկրի հակառակ կողմը» դարձյալ առաջին հորիզոնականում է. հայ գրականություն. նոյեմբեր, 2018

«Երևանյան բեսթսելեր». «Երկրի հակառակ կողմը» դարձյալ առաջին հորիզոնականում է. 
հայ գրականություն. նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում դարձյալ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպն է: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը՝ քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով, ընդհատակում էր: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,-գրքի ծննդյան պատմությունն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը:

Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը երկրորդ հորիզոնականում է: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի գրվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Հատուկ պատրաստություն անցած այս մարդիկ երկրի համար ճակատագրական պահին իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Աղաբաբյանի հերոսն այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ Ջոն Հանիսյանը, որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն են վեպի հիմքում:

Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը երրորդ հորիզոնականում է: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու՝ շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ արդյո՞ք բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, թույլ է տալիս անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Չորրորդ հորիզոնականում Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքն է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» տասնյակի հինգերորդ հորիզոնականում է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ» և, միաժամանակ, հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։

Արամ Պաչյանի «Օվկիանոս» ժողովածուն զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Այն ներառում է արդի հայ երիտասարդական արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի պատմվածքներն ու էսսեները: Պաչյանի ինքնատիպ ու արդեն ճանաչելի ձեռագիրն այստեղ երևան է բերում նոր կարելիություններ՝ ժանրային, թեմատիկ և այլ մասնավորություններում:

Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» յոթերորդ հորիզոնականում է: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Ութերորդ տեղում է Համո Սահյանի «Ընտրանի»-ն: Սահյանի ստեղծագործությունների ընտրանին մեծ բանաստեղծի տարբեր ժողովածուներից լավագույն ստեղծագործությունների մեկտեղումն է:

Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը, որը իններորդ հորիզոնականում է, պատերազմի ու արվեստագետի մասին է: Արվեստագետի, որը տեսնում է մահվան խավարն ու աստղերի լույսը, որն իր կյանքի լավագույն տարիներին թափառում է մահվան և երջանկության եզրին` հավատալով մարդուն, նրա հաղթանակին: Խեչոյանն անցել է այդ պատերազմի բովով՝ արդեն նորովի մեկնաբանությամբ և գեղարվեստական մշակումով մեր գրականություն ներմուծելով այդ թեման: Ինչպես գրողի, այնպես էլ ընթերցողի համար այս առումով դարավոր ոսոխի դեմ պատերազմը վավերականության և պատմական փաստի արժեք ունի, ուստի կրկնակի դժվարանում է թեմայի գեղարվեստական մշակման, գրականացման խնդիրը: Խեչոյանն ընտրել է օրագրային ոճը, ինչը իրականության արտացոլման առավելագույն ճշգրտություն է ապահովում: 

Տասներորդ հորիզոնականում է Վազգեն Սարգսյանի  «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսական հոդվածների ժողովածուն, որը հրատարակվել է նրա մահվանից շուրջ 20 տարի անց: Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի...»:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:


Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 163
2 0

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

հեղ.հրատ 78
3 նոր

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 34
4 -1

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ.հրատ 26
5 +1

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

հեղ.հրատ 22
6 *

Արամ Պաչյան

«Օվկիանոս»

Անտարես 14
7 *

Աշոտ Աղաբաբյան

«Մենակը»

հեղ.հրատ 13
8 -4

Համո Սահյան

«Ընտրանի»

Զանգակ 13
9 0

Լևոն Խեչոյան

«Սև գիրք, ծանր բզեզ»

Անտարես 8
10 -2

Վազգեն Սարգսյան

«Էս ի՞նչ եք անում, տղերք»

Վերնատուն 8

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]