Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մեծ քսանյակի» գագաթնաժողով. ինչո՞վ այն առանձնացավ

«Մեծ քսանյակի» գագաթնաժողով. ինչո՞վ այն առանձնացավ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացավ «Մեծ քսանյակի» 13-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում քննարկվեցին ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական հարցեր: Ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված այս գագաթնաժողովը տեղի ունեցավ մասնակից տարբեր երկրների միջև բավական մեծ լարվածության և հակասությունների պայմաններում, ինչը թույլ էր տալիս ենթադրել, որ կողմերը, հնարավոր է, համաձայնության չգան ամփոփիչ կոմյունիկեի շուրջ: Այնուամենայնիվ, կողմերին հաջողվեց շրջանցել սուր քաղաքական խնդիրները (Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի միջև տեղի ունեցած միջադեպը, լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը և այլն) և ամփոփիչ կոմյունիկեում ներառել այնպիսի հարցեր, որոնք ընդունելի էին բոլոր կողմերի համար: Հաշվի առնելով այն հարցերի շրջանակը (Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխում, Փարիզի համաձայնագիրի իրականացում, կոռուպցիայի դեմ պայքար, գենդերային հավասարության ապահովում և այլն), որոնք տեղ գտան ամփոփիչ կոմյունիկեում, որոշ լրատվամիջոցների կողմից այն որակվեց որպես «ամենաթույլ կոմյունիկե»:

Ինչ վերաբերում է նրան, թե հատկապես ինչով աչքի ընկավ 2018թ-ի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, ապա, թերևս, կարող ենք առանձնացնել հետևյալը:

 

Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քննարկումներ

Չնայած նրան, որ ուկրաինական ռազմական նավերի հետ կապված միջադեպը տեղ չգտավ «Մեծ քսանյակի» ամփոփիչ կոմյունիկեում, այն դարձավ գագաթնաժողովի շրջանակներում ամենաշատ քննարկված թեմաներից մեկը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ առանձին հանդիպումների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ոչ ֆորմալ շփման առանցքային թեման եղել է հենց այդ միջադեպը: Եթե Մերկելի և Մակրոնի պարագայում հստակ չէ՝ արդյոք հարցի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի տեսակետը ընկալելի է եղել գործընկերների համար, ապա ակնհայտորեն Թրամփին «համոզել» չի հաջողվել: «Այդ հարցերի և խնդիրների վերաբերյալ նա իր դիրքորոշումն ունի, ես՝ իմը, մենք մեր կարծիքներին մնացինք, սակայն, համենայն դեպս, ես ներկայացրի նրան միջադեպի վերաբերյալ մեր տեսլականը», - ասել է Պուտինը Թրամփի հետ զրույցից հետո:

«Զինադադար» ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմում

Դեռևս այս տարվա հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Չինաստանից ներկրվող 50 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքների համար 25% մաքսատուրք սահմանելու մասին, իսկ ավելի ուշ մաքսատուրքեր է ավելացվել մոտ 279 տեսակ չինական ապրանքների համար, ինչը երկու երկրների հարաբերություններում առաջացրել էր բավական մեծ լարվածություն՝ հանգեցնելով Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքատեսակների վրա հավելյալ մաքսատուրքեր սահմանելուն: «Մեծ քսանյակի» շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, սակայն, կողմերին հաջողվեց հարցի շուրջ գալ որոշակի համաձայնության: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր գործընկեր Սի Ծինփինի հետ բանակցությունների արդյունքում համաձայնել է 200 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական ապրանքների համար մաքսատուրքերը թողնել 10 տոկոս և հունվարի 1-ից չբարձրացնել մաքսատուրքերը մինչև 25 տոկոս, եթե առաջիկա 90 օրերի ընթացքում Չինաստանի հետ առևտրային որոշ հարցերի շուրջ կողմերը գան վերջնական համաձայնության: Չինաստանն էլ իր հերթին, ինչպես նշել է Դ․ Թրամփն իր թվիթերյան էջում, համաձայնել է իջեցնել Չինաստան ներկրվող ամերիկյան ավտոմեքենաների վրա դրված մաքսատուրքերը: Ակնհայտ է, որ նման համաձայնությունը բխում է թե´ ԱՄՆ-ի և թե Չինաստանի շահերից, քանզի Չինաստանը կպահպանի ամերիկյան, իսկ ԱՄՆ-ը՝ չինական շուկաները:

 

ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առևտրային նոր համաձայնագիր

«Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում կնքվեց նաև նոր առևտրային համաձայնագիր ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի միջև, որը փոխարինելու է Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի մասին համաձայնագրին՝ NAFTA-ին: Նշենք, որ դեռևս նախընտրական շրջանում Թրամփը խոստացել էր «ազատվել» NAFTA-ից՝ անվանելով այն ԱՄՆ կողմից երբևէ ստորագրված «ամենավատ առևտրային գործարքը»: Պատճառն այն է, որ համաձայնագիրը երեք երկրների ընկերություններին հնարավորություն էր ընձեռում հեշտացված պայմաններով միմյանց տարածքում բիզնես գործունեություն ծավալել, ինչը, Թրամփի խոսքով, կրճատում էր ԱՄՆ-ում աշխատատեղերի թվաքանակը, քանզի շատ ամերիկյան գործարարներ Մեքսիկայի էժան աշխատուժի «պատճառով» իրենց գործարանները հիմնում էին այդ երկրում: Նոր համաձայնագրով, կարծես թե, Թրամփի կողմից բարձրաձայնված այս խնդիրները ստացել են իրենց լուծումները. երեք երկրների միջև գործող առևտրային համագործակցությունը կունենա մի շարք սահմանափակումներ: Հատկանշական է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միայն երեք երկրների օրենսդիր մարմինների կողմից դրա վավերացումից հետո, իսկ սա նշանակում է, որ Թրամփի կողմից ցանկալի գործարքը կարող է որոշակի խոչընդոտների հանդիպել, այդ թվում՝  ԱՄՆ Սենատում:

 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ թեև բուն «Մեծ քսանյակի» գագաթնաժողովն ու դրա արդյունքում ընդունված ամփոփիչ կոմյունիկեն էապես աչքի չընկան իրենց շեշտադրումներով, գագաթնաժողովի շրջանակներում՝ «հետնաբեմում», մի շարք երկրներ կարողացան քննարկել իրենց հուզող հարցեր, ստանալ պատասխաններ և անգամ գալ համաձայնությունների: 

Գրետա Ավետիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]