Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արսեն Ջուլֆալակյանը պատգամավոր դառնալուց հետո մտադիր է կյանքի կոչել մարզիկների համար կարևոր մի քանի օրինագիծ

Արսեն Ջուլֆալակյանը պատգամավոր դառնալուց հետո մտադիր է կյանքի կոչել 
մարզիկների համար կարևոր մի քանի օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արսեն Ջուլֆալակյանը պատգամավոր դառնալուց հետո մտադիր է կյանքի կոչել մարզիկների պարտադիր ապահովագրության, մարզիկների աշխատանքային ստաժ գրանցելու, Օլիմպիական և աշխարհի չեմպիոնների ցմահ թոշակների բարձրացման և մի շարք  այլ օրինագծեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն, ով նաև Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ծրագրերը շատ կարճ ժամկետներում հնարավոր է իրագործել:

«Մարզիկները պետք է պարտադիր առողջապահական ապահովագրություն ստանան, քանի որ սպորտը վնասվածքներ ստանալու առումով շատ վտանգավոր է  և ցանկացած պահի կարող է վերջ դնել մարզիկի կարիերային: Պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենալու դեպքում շատ կարևոր խնդիրներ լուծում կստանան: Այս ծրագիրը նորմալ պրակտիկա է ամբողջ աշխարհի բոլոր զարգացած երկրներում»,- նշեց հունահռոմեական ոճի ըմբիշը:

Նա կարևոր է համարում նաև մարզիկների աշխատանքային ստաժի հարցը, քանի որ անգամ եթե նրանք իրենց կարիերան սկսել են 10-11 տարեկանից և 16 տարեկանում հայտնվում են ազգային հավաքականում՝ մինչև 30 տարեկան, երբ արդեն պրոֆեսիոնալ սպորտը լքում են, իրենց մոտ ստաժ չի գրանցվում:

«Կարծում եմ, որ պետք է մշակել մի օրինագիծ, որտեղ հավաքականի մարզիկները, կախված նրանից, թե քանի տարի են եղել ազգային հավաքականում, պետք է ունենան ինչ-որ ստաժ: Հետագայում կենսաթոշակ ստանալու ժամանակը երբ գա, կարողանան համապատասխան գումար ստանալ»,- ընդգծեց պատգամավորի թեկնածուն:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը մեկ այլ հարց էլ է շատ կարևորում՝ Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների չեմպիոնները ցմահ թոշակներ են ստանում, սակայն, նրա պնդմամբ, դրանք շատ սիմվոլիկ գումարներ են:

«Օլիմպիական չեմպիոնները ստանում են 100 հազար դրամ, իսկ աշխարհի չեմպիոնները՝ 50 հազար դրամ: Սրանք շատ փոքր գումարներ են՝ հաշվի առնելով, թե քանի Օլիմպիական և աշխարհի չեմպիոն ունենք Հայաստանում բնակվող: Կարծում եմ, որ կարելի է վերանայել այս թվերը և համապատասխանեցնել ներկայիս կյանքին, քանի որ այդ օրենքն ընդունվել է մոտ 1990-ականների վերջին»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Նա ուշադրություն հրավիրեց նաև մարզիկներին հավաքների համար տրվող օրապահիկների չափի վրա:

«Այդ գումարը 2000-ականների սկզբում սահմանվել է 9800 դրամ։ Դրանով մարզիկը պետք է սնվի, ապրի, մարզվի։ Վստահաբար, կարող եմ նշել, որ դա բացարձակ չի հերիքում և չի համապատասխանում այն պահանջներին, որ ունի մարզիկը»,- եզրափակեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուն:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:

 


 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]