Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Շենքերի, շինությունների անմատչելիությունը շարունակում է խնդիր մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Շենքերի, շինությունների անմատչելիությունը շարունակում է խնդիր մնալ 
հաշմանդամություն ունեցող անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շենքերի, շինությունների զգալի մասը հաշմանդամություն ունեցող անձանց համար շարունակում է մնալ ոչ մատչելի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց, որ Երևան քաղաքում արված վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մատչելիության խնդիրը շարունակում է օրակարգային մնալ:

«Երևան քաղաքի մարզադպրոցներում մոնիտորինգ արվեց և պարզվեց, որ առկա է 100-տոկոսանոց ոչ մատչելիություն: Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Մենք պետք է այս հարցը ներկայացնենք մեր երկրի մարդու իրավունքների պաշտպանին: Հայաստանում մոտ 200 հազար հաշմանդամություն ունեցող անձ է գրանցված, եթե կեսը երիտասարդներ ու երեխաներ են, ապա մոտ 100 հազար մարդու սպորտով զբաղվելու իրավունք ոտնահարվում է»,-ասաց Հակոբ Աբրահամյանը:  

Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Մանուկյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինության ոլորտում առկա են նորմատիվային ակտեր: Դրանցով սահմանված է շենքերի, շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժ խմբերի համար:

«Սկսած մայթերից վերջացրած շենքերով, վերելակներով, բոլոր անհրաժեշտ չափորոշիչները կան: Շենքերի հատակագծային լուծումներում հաշմանդամություն ունեցող անձանց համար անխոչընդոտ շարժն ապահովելու վերաբերյալ մանրամասն անդրադարձ կա: Ստուգումները ցույց են տալիս, որ նորակառույց շենքերում այդ նորմերը հիմնականում պահպանվում են»,-ասաց Տիգրան Մանուկյանը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմ»-ի համակարգող Սուրեն Մաղաքյանի խոսքով՝ օրենքները կան, նորմերը սահմանված են, սակայն ոչ բոլոր դեպքերում են պահպանվում:

«Ցավոք, նույն նախագծման, նույն ճարտարապետական առաջադրանքի փուլում դեռ թերացումներ կան: Մենք խոսում ենք զբոսաշրջության զարգացման մասին, բայց հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկի համար չենք ապահովում նվազագույն պայման: Զգալի պետական միջոցներ են ծախսվում, սակայն՝ անարդյունավետ»,-ասաց Սուրեն Մաղաքյանը: Նա ընդգծեց, որ տեսչական ստուգումները, վերահսկողությունը պետք է ուժեղացնել:

Տիգրան Մանուկյանը տեղեկացրեց, որ տեսչական ստուգումները Քաղաքաշինության կոմիտեի գործառույթներից դուրս են: Դրանք առանձին մարմին է իրականացնում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]