Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նորամուտ». ինչպես Նարեկ Կազազյանը մանուկ հասակում երկու քանոն փչացնելուց հետո դարձավ հայտնի քանոնահար  

«Նորամուտ». ինչպես Նարեկ Կազազյանը մանուկ հասակում երկու քանոն փչացնելուց 
հետո դարձավ հայտնի քանոնահար

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանոնահար Նարեկ Կազազյանը Հայաստանում հայտնի դարձավ դասական «Եվրատեսիլ-2012» մրցույթում երրորդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո: Բազմաթիվ միջազգային ստուգատեսներում հաղթած երաժիշտն այսօր շարունակում է նորանոր բարձունքներ նվաճել, հանդես է գալիս համերգներով ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս: Ընդ որում, նվագում է ոչ միայն քանոն, այլև դաշնամուր: Դեկտեմբերի 13-ին Ժնևում մասնակցելու է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով կազմակերպված մեծ համերգին, որին մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում: «Նորամուտ»-ի 22-ամյա հերոսն «Արմենպրես»-ի հեղինակային նախագծում պատմում է առաջին քայլերի, երկու քանոն փչացնելու, ուսուցիչների ու երաժշտական կրթության կարևորության մասին:

Երաժշտական ընտանիք

Մեր ընտանիքում շատ երաժիշտներ կան: Զգում եմ, որ երբեք ինձ չէի պատկերացնի այլ բնագավառում: Եղավ այն, ինչ պետք է լիներ...

Մայրիկս քանոն է նվագել, և տանը եղել է այս գործիքը: Գործիքի նկատմամբ սերը փոխանցվեց ինձ, ես մեծ հետաքրքրություն ունեի գործիքի հանդեպ: Երբ փոքր էի, խնդրում էի, որ բացեն գործիքի տուփը, ինձ խաբում և ասում էին, թե տուփի մեջ մեծ գորտ՝ դոդոշ կա: Թաքուն բացում էի տուփը, քաշ էի տալիս այստեղից այնտեղ: Անգամ երկու քանոն փչացրել եմ, հետո ինքնուրույն սկսել եմ սովորել:

Քանոն ու դաշնամուր

Պետք է ասեմ, որ երաժշտական դպրոց ընդունվել եմ դաշնամուրի դասարան: Ի դեպ, հիմա էլ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում եմ սովորում՝ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարանում: Փոքր հասակում զուգահեռ քանոն էի նվագում: Հավասարապես սիրում եմ թե՛ դաշնամուրը, թե՛ քանոնը:

Քանոնը մեր ժողովրդական նվագարաններից ամենամեծ երկացանկ ունեցող գործիքն է, ինչի համար առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնել Խաչատուր Ավետիսյանին, ով հայկական քանոնի դպրոցի հիմնադիրն է: Նրա շնորհիվ ունենք 8 կոնցերտ քանոնի համար: Չեմ հաշվում մնացած փոքր ստեղծագործությունները, որոնք շատ են և արժեքավոր:

Այլ կերպ նայելով աշխարհին

Երաժիշտներն, ամեն դեպքում, տարբերվում են այլ մասնագիտության տեր մարդկանցից, քանի որ այլ կերպ են նայում աշխարհին,այլ զգացողություններ են ունենում: Ինձ թվում է, որ ամեն ոք պետք է զբաղվի երաժշտությամբ, կարևոր չէ՝ պրոֆեսիոնալ, թե ոչ, քանի որ երաժշտությունը խիստ անհրաժեշտ է զարգացման համար:

Մրցութային հաղթարշավն ու դասական «Եվրատեսիլ-2012»-ը

Առաջին մրցույթը, որին մասնակցել եմ, եղել է Գյումրիի «Վերածնունդ» մրցույթ- փառատոնը: Ես ամենափոքր մասնակիցն էի, խրախուսական մրցանակ տվեցին: Հետո մասնակցեցի Ալ. Սպենդիարյանի անվան երաժիշտ-կատարողների մրցույթին, այնուհետև սկսվեցին միջազգային ստուգատեսները:

Դասական «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելն իմ ամենագլխավոր ձեռքբերումներից է: Բայց, ցավոք, մրցույթի պատմության մեջ առաջին և վերջին մասնակիցն եմ եղել Հայաստանից: Ես եմ գտել մրցույթը, հետո դիմեցի Մշակույթի նախարարություն, և այնպես ստացվեց, որ մասնակցեցի մրցույթին: Իհարկե, շատ դժվար ստացվեց, բայց կարևորն այն է, որ, ի վերջո, ամեն ինչ լավ եղավ: Այդ ժամանակ 15 տարեկան էի: Շատ լուրջ էինք պատրաստվել, լուրջ աշխատանք էր կատարվել: Կարծում եմ՝ այնքան էլ հեշտ չէ երկու մրցութային փուլերում նվագելը: Կյանքում երբևէ քանոն չտեսած արտասահմանյան ժյուրիին պետք էր հետաքրքիր ծրագիր ներկայացնել:

Ասեմ, որ բարձր մակարդակի մրցույթ էր, նվագում էինք Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ինձ համար կարևոր չէր՝ ինչ-որ մրցութային տեղում կհայտնվե՞մ, թե՞ ոչ: Կարևորն այդ նվագախմբի հետ ելույթ ունենալն էր: Փառք Աստծո, արժանացա այդ պատվին, նաև երրորդ տեղը զբաղեցրի մրցույթում:  

Քանոնը՝ որպես ժողովրդականություն վայելող գործիք

Քանոնի համար գրված գործերը քիչ են: Նաև հեշտ են՝ այն առումով, որ հաշվի են առնվում գործիքի հնարավորությունները, այսինքն՝ ինչ կարող ես անել: Հիմնականում քանոնի համար գործեր է ստեղծում մեր արդի կոմպոզիտոր, քանոնահարուհի Ծովինար Հովհաննիսյանը: Երվանդ Երկանյանն էլ մի քանի ֆանտաստիկ գործ ունի քանոնի համար գրված, հատուկ շնորհակալություն նրան, հուսով եմ՝ էլի կգրի:

Հաճախ եմ կատարում Խաչատուր Ավետիսյանի, Ծովինար Հովհաննիսյանի, Արամ Սաթունցի՝ քանոնի համար գրված գործերը: Կոմիտասի բազմաթիվ փոխադրումներ ունենք: Պետք է շեշտեմ, որ, այնուամենայնիվ, մնացած ժողգործիքների համեմատությամբ քանոնը մեծ երկացանկ ունի:

Ճիշտ հիմք

Հիմա քանոն  եմ դասավանդում Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, երկու առաջին դասարանի աշակերտներ ունեմ: Պետք է ասեմ, որ շատ հաճելի է երեխաների հետ աշխատելը: Կարծում եմ, որ երեխայի ամբողջ երաժշտական ճակատագիրը կախված է ճիշտ դրվածքից: Հիմքը ճիշտ պետք է դրվի:

Երեխաներին պետք է կրթել շատ վաղ հասակից, երեխան պետք է ճիշտ երաժշտություն լսի: Չեմ ասում, որ ամեն տեղ կարող ենք լսել դասական երաժշտություն: Օրինակ, ռեստորաններում մենք հազիվ թե կարողանանք Չայկովսկի, Բախ լսել: Բայց հենց վաղ հասակից երեխաներին պետք է ծանոթացնենք լավ երաժշտությանը:

Առաջիկա ծրագրեր

Դեկտեմբերի 13-ին Ժնևում մեծ համերգ կանցկացվի, որը կազմակերպում է տեղի Հայաստանի դեսպանությունը՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի: Այս պահին այդ կարևոր համերգին եմ պատրաստվում: Մի քանի մենահամերգ ունեմ հունվարից: Համերգներ եմ ունենում թե՛ որպես քանոնահար, թե՛ որպես դաշնակահար՝ համատեղելով համերգներս դասերիս հետ: Փորձում եմ ժամանակս ճիշտ ու արդյունավետ կառավարել:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]